Ս. Յարութեան տօնին յաջորդող կիրակի օրը՝ Կրկնազատկին, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում կատարւում է Հոգեհանգստեան արարողութիւն, իսկ վերջին տարիներին աւելի շատ թւով ուխտաւորների մասնակցութիւնը ապահովելու նպատակով, ուխտագնացութիւնը տեղի է ունենում Կրկնազատկին նախորդող ուրբաթ օրը: «Լուսահանգիստ» սրբավայրում թաղւած է քրիստոնէական հաւատի համար նահատակւած Գրիգոր անունով մի հաւատացեալ, որի շիրիմի վրայ ժամանակին կառուցւել է փոքր մատուռ, իսկ 2014 թւականին մատուռը համալրւել է երկու մոմավառութեան սենեակներով:

Այս տարի «Լուսահանգիստ» սրբավայրում Հոգեհանգստեան արարողութիւն մատուցւեց ուրբաթ՝ ապրիլի 10-ի առաւօտեան ժամը 10:30-ին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ մասնակցութեամբ հոգշ. Տ. Արտակ աբղ. Արաբեանի, արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի եւ դպրաց դասի ներկայացուցիչների: Արարողութեանը ներկայ էին նաեւ Թեմի ազգային մարմինների ներկայացուցիչներն ու բազմահարիւր ուխտաւորներ:

Կրօնական արարողութիւնից յետոյ, թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը յիշելով հայ ազգի հին եւ նոր ննջեցեալներին՝ ի մասնաւորի Հայոց ցեղասպանութեանը զոհ գնացած 1.5 միլիոն հայորդիներին՝ իր հայրական պատգամն ուղղեց ներկաներին: Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանն իր խօսքի սկզբնական բաժնում անդրադարձաւ մեր Տիրոջ՝ Յիսուս Քիրստոսի կեանքին, իրկանացրած մի շարք հրաշքներին, խաչելութեանը եւ յարութեանը, ապա նշելով, որ հայ ազգն առաջին ժողովուրդը եղաւ, որն ընդունեց քրիստոնէութիւնը, կոչ արեց՝ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ամրապնդւել հաւատքի մէջ, յիշել մեր նահատակներին, առաջնորդւել նրանց կտակով եւ պահանջատիրական պայքարը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ մեզանից խլւած են մեր արդար իրաւունքները:

Վերջում ուխտաւորներն աղօթեցին, մոմ վառեցին եւ խունկ ծխեցին նահատակ Գրիգորի գերեզմանի վրայ, որից յետոյ պայծառ եւ հաճելի օրը վայելեցին բնութեան գրկում հանգրւանելով: