Կիրակի՝ 2015 թւականի մարտի 29-ի առաւօտեան, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Հայաստանեայց առաքելական Ս. եկեղեցու գեղեցիկ տօներից՝ Ծաղկազարդի առիթով մատուցւեց Ս. Պատարագ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ:

Ս. Պատարագին ներկայ էին Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, հայոց դպրոցների ուսուցիչները՝ աշակերտ-ուհիներով հանդերձ ու մեծ թւով հաւատացեալներ:

Յընթացս Ս. Պատարագի, հոգշ. Հայր Սուրբը գեղեցկօրէն ներկայացրեց Քրիստոսի հանդիսաւոր եւ յաղթական մուտքը Երուսաղէմ եւ իմաստալից քարոզով օրւայ խորհուրդը փոխանցեց ներկաներին: Այնուհետեւ օրհնեց արարողութեանը մասնակցող մանուկներին, որոնք կլանւած ունկնդրում էին հոգշ. Հայր Սուրբի գեղեցիկ խօսքը, որը յորդորում էր հաւատացեալներին անմեղ մանուկներին նմանւելով ընդունեն Քրիստոսին՝ որպէս իրենց կեանքի գերագոյն օրինակ՝ Երկնային արքայութեանն արժանանալու համար:

Իր բովանդակալից քարոզի աւարտին, հոգշ. Հայր Սուրբն իր եւ Շահինշահրի Հայ Համայնքի վարչութեան անունից շնորհաւորեց Ծաղկազարդ տօնը եւ աղօթեց, որպէսզի Քրիստոսն Իր ներկայութեամբ ողողի բոլոր հաւատացեալների սրտերն ու հոգիները եւ օրհնի նրանց ընտանեկան օջախը:

Յաւարտս Ս. Պատարագի, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան անդամուհիների միջոցով զարդարւած ձիթենու ճիւղերն օրհնւեցին հոգշ. Հայր Սուրբի միջոցով եւ բաժանւեցին ներկայ հաւատացեալների միջեւ՝ որպէս Քրիստոսի բերած ուրախութեան  եւ նոր կեանքի խորհրդանիշ:

Կիրակի երեկոյեան, բազմաթիւ հաւատացեալների ներկայութեամբ, տեղի ունեցաւ Դռնբացէքի խորհրդաւոր արարողութիւնը, որի ընթացքում հոգշ. Հայր Սուրբը երգեց «Բա՜ց մեզ, Տէ՜ր» շարականը եւ ըստ տեղական սովորոյթի, խորհուրդ արած կանանց միջոցով բացւեց Ս. Խորանի վարագոյրը: