Երկուշաբթի՝ 2014 թւականի հոկտեմբերի 20-ի յետմիջօրէի ժամը 5:15-ին, «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցու տօնի եկեղեցական արարողութիւնից առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին ներկայացան Շահինշահրի հայ համայնքի վարչութեան, մարզա-մշակութային եւ կանանց միութիւնների, դպրոցների, երգչախմբերի, պատգամաւորական եւ եկեղեցական ներկայացուցիչներից բաղկացած պատւիրակութիւնը:

Հանդիպման սկզբում Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց պատւիրակութեան անդամներին եւ այցելութեան նպատակը: Հոգշ. Հայր Սուրբը շնորհակալութիւն յայտնեց Արամ Ա Կաթողիկոսին առ այն, որ թէեւ Նոր Ջուղա այցելութեան ժամանակացոյցի հագեցած լինելու պատճառով, հնարաւոր չեղաւ նա այցելութիւն շնորհի Շահինշահրի հայ համայնքին, սակայն առիթ ընձեռնեց, որպէսզի Շահինշահրի հայ համայնքի պատւիրակութիւնը ներկայանայ եւ ստանայ իր օրհնութիւնը:

Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ պրն. Մելքոն Շիրւանեանը ընդհանուր զեկոյց ներկայացրեց Շահինշահրի հայ համայնքի անցեալի եւ ներկայի մասին: Միաժամանակ նա ակնարկելով առաջնորդ Սրբազան Հօր եւ հոգշ. Հայր Սուրբի Շահինշահրի նկատմամբ տածած ուշադրութեանը, առիթը պատեհ համարելով համայնքի կողմից խորին շնորհակալութիւն յայտնեց նրանց:

Յաջորդիւ խօսեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը եւ մատնանշեց, որ Շահինշահրն իբրեւ Թեմի երկրորդ մարդաշատ համայնք միշտ ազգային իշխանութեան յատուկ ուշադրութեան առարկան է:

Շնորհազարդ Վեհափառ Հայրապետն իր գոհունակութիւնը յայտնեց Շահինշահրի կենսունակութեան եւ առաջընթացի մասին լսելով եւ յորդորեց բոլորին, որպէսզի առաւել ամրութեամբ կառչած մնան համայնքի կեանքին ու գոյութեանը, եւ կրկնակի պատասխանատւութեամբ լծւեն ազգապահպանման աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում ներկաների կողմից հնչեցին խօսքեր Շահինշահրի հայ համայնքի դիմագրաւած դժւարութիւնների ու կարիքների եւ համայնքի անդամների արտագաղթի հետ կապւած մտահոգութիւնների մասին, որոնց վերաբերեալ յոյս տրւեց, որ ազգային իշխանութեան մշտական հետեւողականութեամբ լուծումներ են տրւելու:

Հանդիպման աւարտին Շահինշահրի հայ համայնքի կողմից մի յուշանւէր յանձնւեց Վեհափառ Հայրապետին: