Հայոց ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման ծիրում, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան կողմից կեանքի կոչւած յանձնախմբի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ ապրիլի 26-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, մասնակցութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան անդամների եւ ժողովրդի տեղի ունեցաւ բանախօսական-գեղարւեստական երեկոյ:

Սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ օրւայ հաղորդավարուհի Քարմէն Մատթէոսեանը, ով ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել Հայոց ցեղասպանութեան եւ Հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին ընկած բիւրաւոր նահատակների յիշատակը:

Այնուհետեւ Հայոց ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման Շահինշահրի յանձնախմբի խօսքն ընթերցեց Մառիթա Քեշիշեանը, որտեղ կոչ էր արւել համայն հայութեանը լինելով միասնական, մի կողմ դնել բոլոր տարաձայնութիւնները, մշակել միասնական ռազմավարութիւն, լինել առաւել ողջախոհ ու հեռատես, զինւել տրամաբանութեամբ եւ այդպիսով չէզոքացնել ազգին ու հայրենիքին սպառնացող վտանգները:

Ապա բանախօսութեամբ հանդէս եկաւ Սպահանի Պետական համալսարանի Հայագիտական ամբիոնի դասախօս Հայկ Սարեանը: Նա պատմական ակնարկ ունենալով Հայոց ցեղասպանութեան իրողութեանը՝ շեշտեց, որ մինչեւ այսօր այն շարունակւում է զանազան ձեւերով:

Պրն. Սարեանն իր խօսքի շարունակութեան մէջ անդրադառնալով Թուրքիայի փանթուրքիստական նապատկներից ելնելով գործողութիւններին՝ սկսեալ Հայոց ցեղասպանութիւնից մինչեւ Արցախեան պատերազմը, որի ընթացքում դաշնակցելով Ադրբեջանին Արցախում իրագործեցին նոր ցեղասպանութիւն, շեշտեց. «Հայաստանի իշխանութեան սխալ քաղաքականութեան արդիւնքում այսօր երկիրը ձեռքից տւել է իր աշխարհագրական դաշնակիցների՝ Իրանի եւ Ռուսաստանի վստահութիւնը Այսօր այն ինչ տեղի է ունենում Տաւուշի մարզում մեր իշխանութեան նոյն այդ զիջողական եւ յանձնւողական քաղաքականութեան հետեւանքն է»: Բանախօսն իր խօսքի աւարտին հայրենիքի եւ հայութեան համար առկայ դժւարին պայմանները յաղթահարելու միակ միջոցը գտաւ մեր ազգի միասնական ուժերի լարումի մէջ եւ կոչ արեց՝ համախմբւելով ընդհանրական նպատակների շուրջ, թոյլ չտալ քայքայեն հայրենիքի հողային ամբողջականութիւնը:

Յաջորդիւ գեղարւեստաւկան բաժնում ասմունքներով ելոյթ ունեցան Ն. Ջ. Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամներ Սէրլի Սարեանը եւ Վանիա Պետրոսեանը: Մեներգերով հանդէս եկան Այլին Քեշիշեանը, Արւին Մինասքանեանը եւ Թանիա Մինասեանը: Պարային համար ներկայացրեց Փերիոյ Կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարախումբը՝ ղեկավարութեամբ Ալինա Գրիգորեանի:

Վերջում Իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, որտեղ կարեւորութեամբ ընդգծւած էր. «Մեր նախահայրերն ու նախամայրերը զոհւեցին յանուն հաւատի ու հայրենիքի, այլ խօսքով՝ մեզ համար, որպէսզի մնանք հայ քրիստոնեայ եւ ունենանք մեր պատմական մայր Հայաստանն ու Արցախը, ժառանգենք մեր լեզուն ու մշակոյթը եւ տէր կանգնենք մեր բոլոր արժէքներին ու սրբութիւններին: Մենք նրանց հարազատ զաւակներն ենք, ուստի իրաւունք չունենք Հայոց ցեղասպանութեան ու Հայ Դատի, այլ խօսքով մե՛ր Ցեղասպանութեան ու մե՛ր Դատի հանդէպ գտնւել այսքան անհոգ, թոյլ ու անտարբեր, այն աստիճան, որ կարծէք օտարի տեսած ցեղասպանութիւնն է, որ որպէս ուսումնասիրութիւն սերտում ենք մենք: Հետեւաբար, ազգովի խիզախօրէն վերադառնա՛նք մեր սկզբնական կեցւածքին, խոհեմ կերպով մեր մէջ վերարթնացնե՛նք Հայ Դատի արժանավայել ըմբռնումը, մեր միջից վանե՛նք օտարոտի հասկացութիւնները, փոխե՛նք մեր խորթ ընթացքը…»

Հարկ է նշել, որ երեքշաբթի՝ ապրիլի 23-ի երեկոյեան, նախ «Սրբոց Վարդանանց» եկեղեցում արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով իրականացւել է Հսկումի արարողութիւն, ապա շրջափակում տեղի է ունեցել բողոքի համահաւաք, որի ընթացքում հնչել են խօսքեր հետեւեալ կարգով՝ Ոգեկոչման յանձնախումբ՝ Մառիթա Քեշիշեան, Հայ համայնքի վարչութիւն՝ Անահիտ Այւազեան, Հայ Դատի գրասենեակ՝ Էմմա Օրդուբէգեան, Կանանց եկեղեցասիրաց միութիւն՝ Կարինէ Սէթ-Աղայեան, Փերիոյ Կրթ. միութեան Շահինշահրի մասնաճիւղ՝ Քարմէն Յակոբեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան  Շահինշահրի մասնաճիւղ՝ Վարդուհի Պօղոսեան: Այնուհետեւ իրականացւել են աշակերտական գեղարւեստական կատարումներ՝ մանկապարտէզի սաներ՝ Դանիէլ Տէր Յովհաննիսեանի, Լեւին Մկրտչեանի եւ Վանէ Ամիրխանեանի միջոցով, ապա ասմունքել են Անի Խոսրովեանը, Աննա Թորոսեանը եւ Նարեկ Թորոսեանը: Վերջում տեղի է ունեցել ծաղկեմատոյց 1.5 միլիոն զոհերի յիշատակին կանգնեցւած յուշարձանի առջեւ:

Աւելացնենք նաեւ, որ համայնքի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ վարժարանի սաները՝ իրենց ուսուցչական կազմի, ծնողների եւ համայնքի մի շարք անդամների հետ միասնաբար պատրաստել էին ձեռքի աշխատանքներ՝ 109-ամեակի ոգոկոչման առթիւ:

 
Թղթակից (Նոր Ջուղա)