Հայոց ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման միջոցառումների ծիրում, երեքշաբթի՝ ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 6:30-ին, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի, սրբադասւած նահատակների յիշատակին տեղի ունեցաւ հսկման արարողութիւն, այնուհետեւ ներկաները քայլեցին դէպի Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն, ուր ժամը 7:30-ին իրականացւեց ժողովրդական համահաւաք:

Նախ ներկաները մոմեր վառեցին ապրիլեան նահատակների յիշատակին, ապա համահաւաքն սկիզբ առաւ երեկոյի հաղորդավար Մանիա Ղուկասեանի խօսքով, ուր  ընդգծւած էր. «Այս ընթացքը չի կարող շարունակւել: Ա՛զգը պէտք չէ թոյլ տայ, որ շարունակւի: Մայիսեան զանգերը հիմա՛ պէտք է ղօղանջեն, երբ կը նշենք Ապրիլեան նահատակների 109-ամեակը, սրբելով արցունքը, ամոքելով յուզմունքն ու շրջելով յուսախաբութիւնը։ Նոր Սարդարապատ՝ այս անգամ Տաւուշի շուրջ, Ոսկեպարից, Կիրանցից եւ Բաղանիսից սկսեալ: Յամոզւած եմ, որ հատուցման պահը գալու է...»

Յաջորդիւ, 109-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի անունից ելոյթ ունեցաւ Զարենուշ Աղուրեանը: Ահա մի հատւածի մէջբերում Ոգեկոչման յանձնախմբի խօսքից. «Այսօր մենք կրկին գոյաբանական պայքարի մէջ ենք: Ադրբեջանի կողմից Արցախի բռնազաւթումից յետոյ, այժմ Հայաստանի իշխանութիւնների համաձայնութեամբ եւ կամազուրկ քաղաքականութեամբ, սահմանազատման փաթեթաւորմամբ կատարւում է Հայաստանի աստիճանական գրաւումըՄեր ժողովուրդը կանգնած է յամառօրէն պայքարելու մարտահարւէրի առաջ: Հայաստանի ամէն մի կտոր հողը պաշտպանելու, Արցախում մեր ապրելու իրաւունքը վերականգնելու եւ մեր պարտականութիւնը պահպանելու համար ստիպւած ենք չյուսահատւել, ստիպւած ենք միասնականութիւն ցուցաբերել եւ անկոտրում պայքար մղել պատմական արդարութիւնը վերականգնելու համար»:

Թեմական խորհրդի խօսքում, որն ընթերցեց խորհրդի անդամ Նարբէ Ջարդն Դաւուդը կարեւորւած էր. «ՀՀ իշխանութիւնները Հայոց ցեղասպանութեան հետ կապւած իրական հիմքեր կառուցելու կեղծ պատրւակով, 1.5 միլիոն զոհերի ցուցակը կազմելու վտանգաւոր տեսութիւնն են առաջ քաշել, նպաստելով թրքական ժխտողական քաղաքականութեանը: Սիրելի հայրենակիցներ, այս բոլոր յայտարարութիւններն ու առաջ քաշւած նոր գաղափարները յստակ նպատակ են հետապնդում։ Փակելով Ղարաբաղեան հարցը եւ ՀՀ հայկական տարածքները զիջելով թշնամուն, ներկայ իշխանութիւններն այժմ էլ փորձում են մոռացութեան մատնել Հայոց Ցեղասպանութիւնը: Բայց ինչպէս եւ մէկ դար առաջ, այսօր էլ հայ ժողովրդի կամքն իր հողում ապրելու համար անբեկանելի է… Հայաստանն ու Արցախն այսօր պէտք է հզօրանան առաւել քան երբեւէ, պէտք է ապահովել Արցախի հայութեան հաւաքական վերադարձը իր պապենական հայրենիք»:

Այնուհետեւ օրւայ առթիւ իր խօսքն ասաց Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը: Նա նշելով, որ հայ ժողովուրդը ցեղասպանութիւնից յետոյ ոգեկոչման ծրագրերի շրջագծում, բողոքի բռունցք էր բարձրացնում յատկապէս իր կողքին ունենալով քաղաքական կուսակցութիւններին եւ Հայ Դատի գրասենեակներին, իսկ Հայաստանի վերանկախութիւնից յետոյ պետական այրերին, ինչի շնորհիւ յաջողեց իրաւա-քաղաքական դաշտում մի շարք ձեռքբերումներ իրականացնել, ներկայ իրավիճակը գնահատեց որպէս յետդարձ, որը չի նպաստում հայ ժողովրդի ընդհանրական շահերին:

Նա աններելի համարելով Հայոց պետականութեան նկատմամբ ներկայ քաղաքական մօտեցումը, Հայաստան-Սփիւռք միասնութիւնը պառակտող փորցերի կատարումը,  Ցեղասպանութիւնը ուրանալու ուղղութեամբ խօսքերն ու արտայայտութիւնները, կոչ արեց հայ ժողովրդին թոյլ չտալ նման գործողութիւնների իրականացումը, քանի դեռ շատ չի ուշացել:  

Համահաւաքի բանախօսն էր Հայաստանից հրաւիրւած Հ.Յ.Դ. կուսակցութեան անդամ, բժիշկ-վիրաբուժ, Արցախեան պատերազմի ազատամարտիկ Տարօն Տօնոյեանը: Բանախօսը նշելով, որ հայ ժողովուրդն ապաւինելով իր ուժին դարեր շարունակ կորստից յետոյ, անհաւասար ուժերի պայմանների ներքոյ կարողացաւ ազատագրել Արցախը, եւ 30 տարի շարունակ մեր պայքարը, գիտակցական կեանքը, մեր երգերը եւ մի խօսքով ամէն ինչը հիւսւեց Արցախի շուրջ, աւելացրեց. «Երկար տարիներ համայն հայութիւնը Հայոց ցեղասպանութեան եւ Արցախի շուրջ համակարծիք էր ու միակամ, սակայն այսօր մեր կառավարութիւնը խիստ հակառակ կարծիք ունի այս երկու սրբազան հարցերի կապակցութեամբ եւ մենք գտնւում ենք մեր պատմութեան ամենավճռորոշ ժամանակաշրջանում»:

Նա ընդգծելով, որ մեր նախնիների հերոսութիւնների մասին հիւսւած երգերով  դաստիարակւած սերունդը կարողացաւ ազատագրել Արցախը, անդրադարձ ունեցաւ արցախեան վերջին պատերազմի ընթացքում հերոսական պայքար մղած հայորդիներին եւ ասաց. «Նրանց մասին պիտի երգեր երգւեն եւ փողոցներ անւանակոչւեն, սակայն այսօր նւաստացնում են նրանց ու նրանց ընտանիքներին եւ առհասարակ պայքարի իմաստը:

Բանախօսն իր խօսքի մի այլ բաժնում նշեց. «Ներկայ պայմաններում տրամադրութեան անկում գոյութիւն ունի ժողովրդի մէջ, սակայն ընկճւելու եւ յուսահատւելու իրաւունք չունենք եւ պէտք է իւրաքանչիւր օր աշխատենք ու ստեղծագործենք այն մտքով, որ եթէ մենք չտեսնենք Արցախի ազատութիւնը մեր զաւակները տեսնելու են դա»: Նա անդրադառնալով նաեւ Տաւուշի դէպքերին եւ ՀՀ վարչապետի ցաւալի յայտարարութեանը այդ կապակցութեամբ, յորդորեց ժողովրդին առաւել չափով ուժ եւ կամք դրսեւորելով, լինել այն ղեկավարութեան կողքին, ովքեր իրենց կեանքով եւ անցած ճանապարհով ցոյց են տւել իրենց նւիրւածութիւնը հայրենիքին եւ ժողովրդին:

Համահաւաքի այս բաժնում իրականացւեց գեղարւեստական յայտագրով ծրագիր: Եկմալեանի մշակմամբ «Սուրբ, սուրբ»-ը, շեփորի նւագակցութեամբ կատարեց դոկտ. Արբի Բաբումեանը, որին երգեհոնով նւագակցեց Թադէ Պօղոսեանը: «Խոհ Արարատ լեռան»-ը եւ «Հայաստան աշխարհ»-ը հերթաբար ասմունքեցին Ն. Ջ. Հայուհեանց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամուհիներ Ստեփանիա Յակոբեանն ու Վանիա Պետրոսեանը, Վեհանուշ Խուդաբախշեանի ղեկավարութեամբ: «Կարօտել եմ տուն իմ հայրենի» եւ «Դլէ եաման» երաժշտութիւնների ներքոյ երկու պարային համարներ ներկայացրեց Փերիոյ Կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարախումբը, ղեկավարութեամբ պարուսոյց Ալինա Գրիգորեանի: Նոյն միութեան անունից հանդէս եկաւ նաեւ Զարենուշ Աղուրեանը՝ «Սիրտս ինչպէս ուրախ լինի» երգի մենակատարմամբ:

Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումը խմբերգեց «Սուրբ, սուրբ» եւ «Սրբերու աչքեր»-ը, ղեկավարութեամբ դոկտ. Արբի Բաբումեանի:

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորից Թանիա Մինասեանը մեներգեց «Կռունկ»-ը, որին զուգընթաց մենապարեց Անիշա Խաչեանը, այս համարի պարուսոյցն էր Քաթրին Թորոսեանը: Նոյն միաւորի անունից «Դար 20-րդ»-ը ասմունքեց «Կռունկ» ասմունքի խմբի անդամուհի Ալինա Տէր-Սուքիասեանը, դերուսոյց Ռիմա Սիմոնեանի ղեկավարութեամբ: 

«Սուրբ, սուրբ»-ը կատարեց Քառեակ երգչախումբը, Նարբէ Գրիգորեանի խմբավարութեամբ, իսկ աւարտին Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը կատարեց ազգային-յեղափոխական երգերի շարան, երգչախմբի ղեկավար Համիկ Ալեքսանդրեանի մշակմամբ:

Սրբազան Հայրն իր խօսքում կոչ արեց. «Ազգովի խիզախօրէն վերադառնա՛նք մեր սկզբնական կեցւածքին, խոհեմ կերպով մեր մէջ վերարթնացնե՛նք Հայ Դատի արժանավայել ըմբռնումը, մեր միջից վանե՛նք օտարոտի հասկացութիւնները, փոխե՛նք մեր խորթ ընթացքը, վարենք զգօ՛ն քաղաքականութիւն, մշակենք խելօ՛ք դիւանագիտութիւն, որդեգրենք նոր, բայց շահաբե՛ր մօտեցումներ, ունենանք ճշգրի՛տ ընկալումներ եւ յանձնառու պատասխանատւութեամբ դարձեալ բարձրացնենք մեր պահանջատիրութեան արդար եւ անբիծ դրօշը, որովհետեւ մե՛նք ենք ջարդ ու սպանդ տեսած ու վերապրած Հայ Ազգի հարազատ զաւակները»:

Համահաւաքի աւարտին Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան եւ Հ.Յ.Դ «Ռուբէն» երիտասարդական միութիւնների անդամները համախմբւեցին սրահում եւ յեղափոխականաշունչ երգերի կատարմամբ ոգեւորեցին ներկաներին: Ապա «Ռուբէն» միութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ talk show, որտեղ նախ Հայաստանի վերջին իրադարձութիւնների եւ ՀՀ իշխանութեան կողմից հերթական հողային փոխզիջումների մասին բացատրութեամբ հանդէս եկաւ Վահէ Թահմազեանը, ապա ներկաներն արտայայտեցին իրենց անձնական տեսակէտները:

Չորեքշաբթի՝ Ապրիլ 24-ի առաւօտեան ժամը 9:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցւեց նախագահութեամբ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ ձեռամբ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի: Պատարագին մասնակցում էին թեմի եկեղեցական դասը եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ դոկտ. Արբի Բաբումեանի:

Այնուհետեւ ներկաները համախմբւեցին վանքի շրջափակում, Հայոց ցեղասպանութեան նահատակների յիշատակին կանգնեցւած յուշարձանի առջեւ, որտեղ Մանիա Ղուկասեանի հաղորդավարութեամբ նախ իրականացւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտական ծրագիրը, ապա տեղի ունեցաւ ծաղկեմատոյց: Սկզբում ծաղիկներ մատուցեցին թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը, Ռոբերտ Բեգլարեանը, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Տարօն Տօնոյեանը եւ ազգային մարմինների ու Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, այնուհետեւ ծաղիկներ տեղադրւեցին դպրոցների աշակերտութեան եւ պատասխանատուների ու ժողովրդի միջոցով:

Դպրոցական ելոյթների շրջագծում Ն. Ջ. հայոց ազգ. Մանկապարտէզի սաները կատարեցին խմբական երգ, Ն. Ջ. հայոց ազգ. «Արմէն » տարրական երկսեռ դպրոցից «Իմ հայ ժողովուրդ»-ը ասմունքեցին Տաթեւիկ Ալեքսանդրեանը, Վանայր Յովսէփեանը եւ Նելլի Թորոսեանը, իսկ օրւան պատշաճ խօսքով եւ աշակերտական պատգամով հերթաբար հանդէս եկան Թէօ Մանսուրեանն ու Մենուա Մարկոսեանը: Վերջում «Թող հնչէ շեփոր» երգը կատարեց դպրոցի աշակերտութիւնը:

Ն. Ջ. հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցի աշակերտները կատարեցին ռազմական պար, զուգորդւած Վարանդի «Զինադրօշ» բանաստեղծութեան ասմունքով՝ Մենուա Մարկոսեանի կատարմամբ: Դպրոցի «Ղօղանջ» երգչախումբը խմբերգեց «Ապրել խաղաղ» եւ «Դարձիր Անի» երգերը:

Աւարտին Սրբազան Հայրը երկօրեայ միջոցառումների իրականացման համար գնահատանքի խօսք ուղղեց Հայոց ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման յանձնախմբին, բոլոր դերակատար միութիւններին ու անհատներին եւ դպրոցների պատասխանատուներին:

Թղթակից (Նոր Ջուղա)