Նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Նոր Ջուղայի «Ս. Սարգիս» եկեղեցում, երկօրեայ արարողութիւններով նշւեցին Ս. Սարգիս զօրավարի եւ վերոնշեալ եկեղեցու անւանակոչութեան տօները:

Ուրբաթ՝ յունւարի 26-ի առաւօտեան, ժամը 10-ին, տեղի ունեցաւ աղօրհնէքի արարողութիւնը, իսկ երեկոյեան ժամը 5-ին՝ հսկման արարողութիւնն ու զինւորների օրհնութեան կարգը, որտեղ Իրանի Իսլ. Հանրապետութեան զինւած ուժերում ծառայող թեմիս զաւակները, առաջնորդ Սրբազան Հօր միջոցով ստացան Աստծու օրհնութիւնը:

Այնուհետեւ եկեղեցու բակում տեղի ունեցաւ միջոցառում, որտեղ Կրօնական խորհրդի կողմից նւէրներ շնորհւեցին զինւորներին:

Այս ծրագրում Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը ողջունելով երեկոյին ներկայ զինւորներին՝ ուժ ու կորով եւ անփորձանք ծառայութիւն մաղթեց նրանց: Այնուհետեւ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը նշելով, որ զինւորների օրհնութեան կարգի ընթացքում խնդրանք է բարձրացւել առ Աստւած՝ զինծառայողներին իմաստութիւն եւ յաջողութիւն պարգեւելու եւ նրանց բոլոր տեսակի վտանգներից պահպանելու համար, մաղթեց, թէ բոլոր զինւորներն ու նրանց հարազատները ծառայութեան ժամանակաշրջանի աւարտին ուրախութեան արցունքները սրբեն իրենց աչքերից:

Յաջորդ օրը՝ շաբաթ, յունւարի 27-ի առաւօտեան, Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ նշւեց Ս. Սարգիս զօրավարի տօնը, իսկ զուգահեռաբար նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը: Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Քարոզախօսութեան ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձ ունեցաւ քրիստոնէութեան հաւատի համար զոհւած Ս. Սարգիս զօրավարի կեանքին, ինչպէս նաեւ իր, որդու եւ 14 զինակիցների նահատակութեանը:

Նա իր խօսքի աւարտին յիշեցնելով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի կողմից 2024 թւականը հռչակւել է «Մարդուժի պատրաստութեան տարի», աւելացրեց, թէ բոլորը պէտք է մի անգամ եւս ընթերցեն Վեհափառ Հայրապետի հռչակագիրը, ունկնդրեն մեծերի եւ փորձառուների խրատները, որպէսզի առաւել չափով լծւեն եկեղեցու, ազգի եւ հայրենիքի ծառայութեան եւ սպասարկման աշխատանքներին: Սրբազան Հայրը մաղթեց ներկաներին՝ աստւածահաճոյ կեանք ապրեն, որպէսզի Ս. Սարգիս զօրավարի բարեխօսութեամբ արժանանան Աստծոյ ողորմութեանը, գթութեանն ու օրհնութեանը:  

Պատարագի աւարտին Ս. Սարգիս զօրավարի աջով կատարւեց ջրօրհնէքի արարողութիւն, ապա Սրբազան Հայրը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան:

Թղթակից (Նոր Ջուղա)