Կիրակի՝ յունւարի 14-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց, ուր նշւեցին Սուրբ Յովհաննէս Կարապետի եւ միեւնոյն ժամանակ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօները: Պատարագի քարոզախօսութեան պահին ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2024 թւականը «Մարդուժի պատրաստութեան տարի» անւանելու կապակցութեամբ:

Հռչակագրի աւարտին Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ ընդգծել էր հետեւեալը.

1) Հակառակ Սփիւռքի դժւար պայմաններին ու սահմանափակ միջոցներին, մարդուժի պատրաստութեան գծով հսկայ աշխատանք է կատարւել։ Մեր բարձր գնահատանքն ենք յայտնում մարդակերտման ու հայակերտման սրբազան առաքելութեան լծւած բոլոր նւիրեալներին։

   2) Գաղութներում մարդուժի համախմբումը համարում ենք անյետաձգելի անհրաժեշտութիւն։

   3) Ամէն դէպքում համախմբումները անհրաժեշտ է, որ կազմակերպւեն պարզ օրակարգի հիման վրայ։

   4) Հարկ է մասնաւոր կարեւորութիւն ընծայել երիտասարդ-երիտասարդուհիների մասնակցութեանը՝ ներառելով յատկապէս համալսարանականներին ու համալսարանաւարտներին։

   5) Անհրաժեշտ է որոշ առիթներով եւ նոյնիսկ աստիճանական ձեւով գաղութի մարդուժը համախմբող հաւաքներ կազմակերպել։

   6) Գաղութի մարդուժի ամբողջական ցանկագրումը համարում ենք խիստ անհրաժեշտ։

   7) Թելադրելի է, որ յիշեալ յոյժ կարեւոր աշխատանքներում իրենց գործօն մասնակցութիւնը բերեն թեմական, կուսակցական, կրթական, երիտասարդական, մշակութային, բարեսիրական եւ այլ կառոյցների գործադիր մարմիններ։

   8) Ինչպէս յայտնեցինք, մարդուժի պատրաստութիւնը նաեւ պահանջում է նիւթական յանձնառութիւն։ Համայնական սոյն ճիգի մէջ մեր ունեւոր ազգայինները պարտաւոր են զգալու այս ուղղութեամբ կարեւոր ներդրում կատարել։

9) Մեր թեմերն ու կառոյցները իրենց գործունէութեան օրակարգում կարեւոր տեղ են յատկացնելու մարդուժի պատրաստութեան հետ աղերս ունեցող նախաձեռնութիւններին ու աշխատանքներին։

Նշելի է, որ հռչակագիրն ընթերցւեց նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում մատուցւող Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում: Նոր Ջուղայում Պատարագ մատուցեց  արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, իսկ Շահինշահրում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)