«Սրբոց  Թարգմանչաց» եւ «Հայ Մշակոյթ»-ի տօների նշման առթիւ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 18-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մարզա-Մշակութային «Արարատ» միութեան հանդիսութիւնների սրահում  տեղի ունեցաւ բանախօսական-գեղարւեստական յայտագրով երեկոյ:

Ձեռնարկի նախաձեռնութիւնը  պատկանում էր «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեանը, որի անունից ներկաներին ողջունեց եւ բացման խօսքով ելոյթ ունեցաւ հաղորդավարուհի Շաղիկ Մատթէոսեանը:

Օրւայ առթիւ հրաւիրւած էր բանախօսելու  Սպահանի հայոց թեմի Առաջնորդարանի արխիւատան պատասխանատու Թովմա Գալստանեանը, ով հիմնականում կենտրոնացաւ գրչութեան արւեստի վրայ, նշելով, թէ այն ընդգրկում էր արւեստի եւ արհեստի  մտածողութեան եւ  գործողութեան մի հսկայական համակարգ եւ անգամ մէկ օրինակ ձեռագիր պատրաստելու համար պահանջւում էր յաղթահարել բազմաթիւ հանգրւաններ՝ սկսած հումք ձեռք բերելուց, մշակելուց եւ գործիքների պատրաստումից մինչեւ գրելու, նկարազարդելու եւ արտագրելու  դժւարին  գործընթացները:

Նա իր բանախօսութեան առանցքը դարձնելով Նոր Ջուղայի գրչագրութեան արւեստը՝ ասաց, որ բռնի ուժով գաղթեցւած ժողովուրդը անմիջապէս սկսեց աշխատել այդ ուղղութեամբ եւ շարունակեց մինչեւ աւելի քան մէկ դար առաջ, որ նոր տեխնոլոգիան եւ տպագրութեան արագ գործընթացը  ընդհատեց գործունէութիւնը:

Այնուհետեւ պրն. Գալստանեանը օրինակ բերելով Նոր Ջուղայի գրչագրութեան  արւեստի նմուշներից՝ նշեց, թէ դրանք բացայայտում են գրչի բարձր արւեստը, տրամադրութիւնը, ինչպէս նաեւ արւեստի ու արհեստի բազմաթիւ վարպետների միատեղ ու երկարատեւ աշխատանքը, որոնք ունեցել են կամքի ուժ եւ գիտակցել այդ գործի կարեւորութիւնը:

Նա իր ելոյթի մի այլ բաժնում կարեւորութեամբ ընդգծեց՝ մեծահարուստների, վաճառականների ու խոջաների դերակատարութիւնը այդ գործի զարգացման մէջ եւ  ասաց, թէ ուսումնասիրելով Նոր Ջուղայի գրչագրութիւնը եւ առնչակից յիշատակարանները, գտնում ենք, որ այդ գրչագրերը պատրաստւել են ոչ թէ անձնական նախաձեռնութեամբ, այլ մեծահարուստ անձանց մտայղացումով, պատւէրով եւ նիւթական հովանաւորութեամբ, որի շնորհիւ այսօր գոյութիւն ունեցած աւելի քան 25000 մատեան-ձեռագրերից, հազար ու մի քանի հարիւրը պատրաստւել են Նոր Ջուղայում:

Գեղարւեստական բաժնում ներկաները վայելեցին բեմականացւած ելոյթները՝  ղեկավարութեամբ Ռիմա Սիմոնեանի եւ Կարին Տէր-Մարտիրոսեանի:

Սկզբում «Ս. Ամենափրկիչ» վանքի «Տաթեւ» երգչախմբի ղեկավար Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ եւ դաշնամուրի կատարմամբ Վեդի Յարութիւնեանը հանդէս եկաւ Կոմիտասի «Ալագեազ, Խնկի ծառ»-ի մեներգութեամբ: Ծրագրի ընթացքում «Հայաստան երկիր» եւ «Հայ  մշակոյթ» երգերը հերթաբար մենակատարեցին Թանիա Մինասեանն ու Համիկ Ալէքսանդրեանը:

«Արարատ» միութեան Մշակութային խմբի «Կռունկ» համոյթի ասմունքի խումբը ղեկավարութեամբ Ռիմա Սիմոնեանի ներկայացրեց «Իմ ծննդավայր» ստեղծագործութիւնը, որը զուգորդւած էր Արգին Աբնուսեանի հեղինակած՝ Նոր Ջուղան ներկայացնող հետաքրքիր տեսանիւթով, իսկ «Կռունկ» պարախումբը պատասխանատւութեամբ պարուսոյց Քաթրին Մարկոսեանի ելոյթ ունեցաւ «Հայաստան» եւ «Ծաղկաձոր»  պարային համարներով:

Յատկանշական է, որ ելոյթները ընմիջւում էին Արթուր Քամարզարեանի միջոցով՝ Նոր Ջուղայի գրչագրութեան արւեստի ներկայացմամբ, որի ընթացքում ցուցադրւում էր  Նարէ Մարկոսեանի հեղինակած` գրչագրութեան եւ նկարազարդերի պատկերներից պատրաստւած  գեղեցիկ տեսանիւթը:

Բեմային ծրագրի աւարտին, օրւայ առթիւ իր պատգամը փոխանցեց թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, ով բարձր գնահատելով երեկոյի կազմակերպումը, այն որակեց Մշակութային շաբաթւայ ձեռնարկների թագն ու պսակը: Նա Նոր Ջուղան համարելով որպէս գրչագրութեան կենտրոն՝ ասաց, որ այսօրւայ աշխարհի պարտադրած պայմանները մեզ հասցրել են այնտեղ, որ մենք այլեւս անկարող ենք գրչագիր հաստատելու եւ այդ արւեստին յարութիւն տալու,  սակայն որպէս՝ ժառանգորդներ եւ հարազատ շառաւիղ, ունենք այդ աստւածային շնորքը:  Նա բոլորի պարտականութիւնը համարեց, որպէսզի արթնացնել մեր մատղաշ սերունդին՝ նրանց առաջնորդելով դէպի թանգարան-մատենադարան, գրադարան եւ պահեստանոցներ։ Սրբազան Հայն իր խօսքը աւարտեց շնորհաւորանքի եւ շնորհակալութեան արտայայտութիւններով:  

Երեկոյի աւարտին միութեան շրջափակում, ի նշան՝ հայ ազգի միասնութեան եւ ազգային արժէքների պահպանման, կայացաւ՝ հայկական ազգային «Քոչարի» եւ «Գեովընդ» արի ուսուցումը եւ հոծ բազմութեան միասնական խանդավառութեամբ լեցուն կատարումը:

Ծրագրին ներկայ էին թեմի քահանայից դասը, ազգային մարմինների եւ շրջանիս Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, ուսուցիչներ, մշակութային այլ գործիչներ եւ ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)