ԻԻՀ Խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը յուլիսի 4-ին հանդիպել են Իրանի սպորտի եւ երիտասարդութեան նախարար դոկտ. Սէյէդ Համիդ Սաջադիին։ Հանդիպման օրակարգում եղել է` Հայաստանի 8-րդ ամառային համահայկական խաղերը, ինչպէս նաեւ երիտասարդութեանն ու սպորտի զարգացմանն առնչւող թեմաներ. այս մասին հաղորդում է «alikonline.ir»-ը։

Հանդիպումը կայացել է Հայաստանի 8-րդ համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանի, ինչպէս նաեւ ԹՀԹ համահայկական խաղերի գործադիր յանձնախմբի պատասխանատու Արբի Սարգսեանի ներկայացրած համատեղ նամակի հիման վրայ, որը պատգամաւորները հաստատելով, յանձնել էին Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբեռին։ 

Պատգամաւորները ցանկութիւն էին յայտնել հանդիպել Իրանի սպորտի եւ երիտասարդութեան նախարար դոկտ. Սէյէդ Համիդ Սաջադիին, Հայաստանի 8-րդ ամառային համահայկական խաղերը, ինչպէս նաեւ երիտասարդութեանն ու սպորտի զարգացմանն առնչւող թեմաներով։ 

Հանդիպման ընթացքում Արա Շահվերդեանն ու Ռոբերտ Բեգլարեանը մասնաւորապէս անդրադարձել են Հայաստանի 8-րդ ամառային համահայկական խաղերին իրանահայութեան մարզական պատւիրակութեան մասնակցութեան կարեւորութեանը, որոնք ներկայանալով Իրանի դրօշով, պատրաստւում են բարձր նւաճումներ արձանագրել Իրանի սահմանակից հարեւան երկիր` Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցող համահայկական խաղերում։ 

Պատգամաւորները յատուկ ընդգծել են մեր երկրի մասնակցութեան կարեւորութիւնը միջազգային մրցաշարին՝ շեշտելով իրանահայութեան մարզական պատւիրակութեանն աջակցութիւն ցուցաբերելու անհրաժեշտութիւնը։