Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, որն աշխատանքային հերթական այցով գտնւում էր իր ընտրատարածքում, չորեքշաբթի՝ յունիսի 7-ի երեկոյեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցուն կից սրահում, հանդիպեց քաղաքի հայ համայնքի անդամների հետ:

Հանդիպմանը ներկայ էին՝ Շահինշահրի հայ համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Հայ համայնքի վարչութեան անդամներն ու ժողովուրդ:

Սկզբում պրն. Բեգլարեանն անդրադարձ կատարեց խորհրդարանի 11-րդ նստաշրջանի շրջագծում իր երեքամեայ ընթացիկ գործունէութեանը զուգահեռ ծաւալած այլ աշխատանքներին, ինչպիսին են.

-Պատգամաւորի գրասենեակի կողմից ընդունւել են շուրջ 500 գրաւոր եւ բանաւոր դիմումներ, որոնց նկատմամբ ցուցաբերւել է համապատասխան հետեւողականութիւն:

-Համաճարակի ժամանակաշրջանից սկսեալ մինչեւ այսօր պատգամաւորի հետեւողական աշխատանքի արդիւնքում բազմաթիւ անգամներ նիւթական եւ իրեղէն օժանդակութիւններ են ստացւել պետական զանազան կազմակերպութիւններից եւ բարերար անհատներից, որոնք «Բարեկեցութիւն» եւ «Քոմիթէ Էմդադ Էմամ Խոմէյնի» կազմակերպութիւնների միջոցով եւ պատգամաւորի գրասենեակի ու թեմի Բարեսիրական մարմնի համագործակցութեամբ բաժանւել են Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ կարիքաւոր ընտանիքների միջեւ:

-Պատգամաւորի միջոցով մի շարք օժանդակութիւններ են յատկացւել հայոց ազգ. ծերանոցին, դպրոցներին եւ որոշ միութիւններին:

Պրն. Բեգլարեանն անդրադարձ ունենալով քաղաքացիական օրէնսգրքի 881-րդ յօդւածին, որտեղ սահմանւած էր, թէ մահացածի ժառանգների թւում եղած մուսուլմանների նկատմամբ, ժառանգութեան իրաւայաջորդներ չեն համարւում անհաւատ համարւող ժառանգները, աւելացրեց, թէ  փոքրամասնութիւնների պատգամաւորների երկարատեւ ջանքերի շնորհիւ, երկրի Դատական իշխանութիւնը շրջաբերականով յայտնել է բոլոր գլխաւոր դատարաններին ու դատաւորներին, առ այն, որ վերոնշեալ յօդւածը այլեւս չկիրառւի Սահմանադրութեան մէջ նշւած Աստւածային կրօնների հետեւորդների նկատմամբ:

Պրն. Բեգլարեանը նաեւ տեղեկացրեց, որ ջանք է գործադրում, որպէսզի պատգամաւորին յատկացւող ընթացիկ տարւայ բիւդջէն, կարողանայ ծառայեցնել իր ընտրատարածքում բնակարանաշինութեան կամ որեւէ այլ նախագծի. իհարկէ շեշտելով, թէ դա բարդ գործընթաց է, քանի որ  օրէնքի համաձայն նման բիւդջէները պէտք է սպառւեն նահանգի կամ երկրի մասշտաբով որեւէ մեծածաւալ նախագծի համար:

Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման շրջագծում իր գործունէութեան մասին նա յատկապէս ընդգծեց իր կատարած անհատական եւ խմբական բազմաթիւ հանդիպումները՝ Իրանում ՀՀ եւ Հայաստանում Իրանի դեսպանների, Երեւանում մի շարք պետական պաշտօնատարների եւ արտգործնախարար պրն. Ամիր Աբդոլահեանի հետ:

Երեկոյի երկրորդ բաժնում ներկաներն առիթ ունեցան իրենց յուզող հարցերի պատասխաններն ստանալ պատգամաւորից: Հիմնականում հարց ու պատասխաններ եղան՝ բնակարանային դժւարութիւնների, շրջանների նախկին հայաբնակ գիւղերի գերեզմանների պահպանման, արտագաղթի, Հայաստանի ներկայ վիճակի եւ Իրանի տնտեսական պայմանների շրջագծում:

Հանդիպումը վարեց՝ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան անդամուհի Վալենտին Թորոսեանը:

Ծրագրի աւարտին պրն. Բեգլարեանը առանձին հանդիպումներ ունեցաւ համայնքի մի շարք անդամների հետ, ուր ունկնդրելով նրանց արծարծած անհատական դժւարութիւններն ու խնդիրները՝ ոչ միայն խորհուրդներ տւեց դրանց փարատման ուղղութեամբ, այլ նաեւ պարագան արձանագրեց՝ իր գրասենեակի կողմից հարկ եղած հետեւողականութիւնը ցուցաբերելու համար:

Թղթակից (Նոր Ջուղա)