Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աւարտւած նստաշրջանում հայ պատւիրակներն անյարմար ու ծիծաղելի դրութեան մէջ են դրել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուին, որը լիագումար նիստի ընթացքում զեկոյցով հանդէս գալուց յետոյ պատասխանել է պատգամաւորների հարցերին:

Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանեան պատւիրակութեան ղեկավար Կորիւն Նահապետեանը նշեց, որ իր զեկոյցի ընթացքում Չաւուշօղլուն խօսել է սառեցւած հակամարտութիւնների մասին եւ անդրադարձ կատարել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը:

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարի զեկոյցից յետոյ պատգամաւորներին հնարաւորութիւն տրւեց հարցեր ուղղել նրան: Ես իմ հարցը սկսեցի նրանից, որ Թուրքիան շարունակում է բացասական ազդեցութիւն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացի վրայ: Այնուհետեւ հարց եմ ուղղել տարբեր ահաբեկչական խմբաւորումների հետ Թուրքիայի ունեցած կապերի մասին: Թուրքիայի արտգործնախարարը իմ հարցերին տւեց ջղագրգիռ պատասխաններ: Ըստ էութեան, որեւէ յստակ պատասխան չտալով իմ հարցադրումներին` նա հակայարձակման անցաւ: Նա սկսեց հայերին մեղադրել անարդար եւ անազնիւ լինելու մէջ, այնուհետեւ անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեանը` նշելով, թէ հայերը ողջ աշխարհով սուտ տեղեկութիւններ են տարածում: Չաւուշօղլուն յիշեցրեց, որ Թուրքիան հանդէս է եկել առաջարկով` ձեւաւորել պատմաբաններից բաղկացած յանձնաժողով այդ հարցն ուսումնասիրելու համար»,- մանրամասնեց Նահապետեանը:

Պատգամաւորը յաւելեց, որ այդ պահին ինքն արձագանքելու իրաւունք չունէր, սակայն Չաւուշօղլուին  պատասխանել  է յաջորդ օրը պաշտպանութեան յանձնաժողովի նիստի ժամանակ, երբ Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետին հարց տալու իրաւունք է ստացել: «Ես յստակ ներկայացրեցի, թէ քանի երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը եւ ասացի, որ այդ հարցն ուսումնասիրութեան կարիք չունի, եւ որեւէ յանձնաժողով ձեւաւորելու անհրաժեշտութիւն չկայ»,- ասաց Նահապետեանը:

Կորիւն Նահապետեանն ընդգծեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցից յետոյ այնքան է խառնւել, որ սկսել է պատմել, թէ ինչու է ինքը որոշել դիւանագէտ դառնալ:

«Այստեղ մատնանշւեց ԱՍԱԼԱ-ն, թէ այդ կազմակերպութեան կողմից ժամանակին կատարւել են գործողութիւններ, որոնց արդիւնքում տուժել են թուրք դիւանագէտներ: Նա յիշեց, որ մայրն իրեն կոչ է արել չդառնալ դիւանագէտ, որովհետեւ կարժանանայ նոյն ճակատագրին, եւ ինքն այսպէս, չանսալով մօր յորդորներին, ամէն դէպքում որոշել է դառնալ դիւանագէտ: Այդ պահին սրահում ծիծաղելի իրավիճակ առաջացաւ, բոլորը հասկացան, թէ ինչ է տեղի ունենում: Նա չէր կարողանում մեր պնդումներին եւ հարցադրումներին յստակ պատասխաններ տալ եւ հակայարձակման էր փորձում անցնել»,- ընդգծեց Նահապետեանը:

Հայկական պատւիրակութեան ղեկավարը վեհաժողովի պաշտպանութեան յանձնաժողովի նիստի ժամանակ Թուրքիայի ԶՈՒ գլխաւոր շտաբի պետին հարց է յղել Սիրիայում եւ Իրաքում Թուրքիայի գործողութիւնների, ահաբեկչական խմբաւորումների հետ կապերի վերաբերեալ, ինչին հետեւել է վերջինիս ջղագրգիռ պատասխանը, թէ հայ պատւիրակը սուտ տեղեկութիւններ է տարածում, քանի որ յստակ ապացոյցներ չկան, որ Թուրքիան կապեր ունի ահաբեկչական խմբաւորումների հետ: Թուրքիայի ԶՈՒ գլխաւոր շտաբի պետը նաեւ սկսել է հայերին մեղադրել ահաբեկչական խմբաւորումների հետ կապեր ունենալու մէջ: