Աղբիւր՝ www.yerkirmedia.am

PanARMENIAN.Net - Ենթադրաբար մ.թ.ա. 1-ին դարին դասւող հազւագիւտ խճանկարներ են յայտնաբերւել Թուրքիայի հարաւ-արեւելքում գտնւող Շանլիուրֆա (պատմական Ուրֆա) քաղաքում, գրում է Daily Sabah-ը:

Հնագէտները յայտնաբերել են հայոց Աբգար V թագաւորի ժամանակների 5 խճանկար:

Աբգար V Ուքքամա Օսրոյենէի (Եդեսիայի թագաւորութիւն) թագաւորը (մ.թ.ա. 4 թւական-մ.թ. 7 թւական եւ մ.թ. 13-50 թւականներ) ըստ աւանդութեան ընդունել է քրիստոնէութիւն դրանով դառնալով 1-ին դարի անդրանիկ քրիստոնեայ թագաւորը: Հնագիտական The Castle Skirts նախագծի շրջանակում պեղւած խճանկարներում պատկերներ կան ասորերէն գրութիւններով: Խճանկարները ցուցադրւելու են թանգարաններում, երբ դրանց վերականգնման աշխատանքներն աւարտւեն:

Նախագծի շրջանակում, որն իրականացւում է Շանլիուրֆայի 43 հազար քմ տարածքում, վերականգնւել է մօտ 80 դամբարան, միջոցներ են ձեռնարկւում պեղւած հնութիւնների պահպանման համար:

Աբգար V-ին անւանել են սուրբ Աբգար (ծննդեան եւ մահւան թւականներն անյայտ), ըստ աւանդութեան նա I դարի անդրանիկ քրիստոնեայ թագաւորն է, պարթեւ Արշակունի Արշամի որդին: Հայ առաքելական եկեղեցու տօնելի սուրբ է: Թագաւորել է Օսրոյենէ կոչւող երկրամասում, որի մայրաքաղաքն էր Եդեսիան: Ըստ Մովսէս Խորենացու «Հայոց պատմութեան» եղել է Հայոց թագաւոր:

Աբգար թագաւորի ընտանեկան դամբարանը յայտնաբերւել էր յուլիսին, հնագէտները կարծում են, որ այդտեղ է թաղւած նրա ընտանիքի 10 անդամ: