Աղբիւր՝ www.yerkir.am

«Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան» (OECD) հրապարակած «Հայեացք հասարակութեանը» զեկոյցում տեղ են գտել Թուրքիայի վերաբերեալ ուշագրաւ փաստեր: Թուրքական Milli Birlik Haber լրատւակայքի տեղեկացմամբ` երիտասարդ բնակչութեան ծուլութեան եւ տգիտութեան մակարդակի առումով OECD երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այս երկրում երիտասարդների շուրջ 35 տոկոսը որեւէ մասնագիտութեամբ  չի աշխատում եւ չի սովորում. տեղեկացնում է Ermenihaber-ը:

2014թ. ուսումը կիսատ է թողել թուրք երիտասարդների աւելի քան 50 տոկոսը: Մեքսիկայից յետոյ այս ցուցանիշը OECD երկրների շարքում երկրորդն է: Նոյն հաշւետւութեան համաձայն` Թուրքիայում չի աշխատում եւ չի սովորում կին բնակչութեան 46 տոկոսը:

OECD-ն անդրադարձել է նաեւ մի շարք այլ ուշագրաւ հանգամանքների: Օրինակ` կատարւած հետազօտութիւնները ցոյց են տւել, որ Թուրքիայի բնակչութեան միայն 12 տոկոսն է վստահում մարդկանց: Իսկ տարեցների շրջանում միայն 68 տոկոսն է հաստատել, որ ունի այնպիսի հարազատներ կամ ընկերներ, որոնց կարող է վստահել: Վերոնշեալ զեկոյցից նաեւ պարզ է դարձել, որ Թուրքիայում իւրաքանչիւր 6 մարդուց 1-ն աղքատ է: