Աղբիւր՝ www.yerkirmedia.am

«Բարով էք եկել Հայաստան». այսպիսի հաղորդագրութիւն են ստացել ներկայիս Թուրքիայի Կարսի նահանգում գտնւող պատմական հայկական Անի քաղաք այցելած թուրք ուսանողները, ինչը մեծ իրարանցում է առաջացրել վերջիններիս դասախօսների շրջանում:

Թուրքական «Միլլիյեթ»-ի փոխանցմամբ, այս մասին յայտնել է Էրզրումի Աթաթուրքի անւան համալսարանի գրականութեան եւ պատմութեան ֆակուլտետի դասախօս, «Ցեղասպանութեան չհիմնաւորւած մեղադրանքների դէմ պայքարի» միութեան նախագահ Սաւաշ Էյիլմեզը:

«Այսինքն` միջազգային GSM թւային բջջային օպերատորը պատմական Անի քաղաքը ներառել է Հայաստանի սահմաններում եւ այդպիսով իրականացրել է հայերի երազանքը: Այն պարագայում, երբ մենք տարիներ շարունակ մեր ամբողջ ներուժով պայքարում ենք, որպէսզի պատմենք աշխարհին, թէ ինչ անարդարութեան ենք ենթարկւում Հայկական խնդրի հարցում, մեր իսկ երկրում նման իրավիճակի հանդիպելը մեզ շատ տխրեցրել եւ զարմացրել է»,- ասել է դասախօսը` շեշտելով, որ իրենց բողոքը ներկայացնելու են դատախազութիւն: