Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայում գործող հայկական «Aras» հրատարակչութեան կողմից տպագրւել է «Ովքե՞ր են այս հայերը» գիրքը, որը նախատեսւած է երեխաների համար:

Ըստ Evrensel-ի` գիրքը պատրաստւել է Լոնդոնի հայկական ինստիտուտի տնօրէն Սուսան Փոլ Փաթթիի, Գագիկ Ստեփան-Սարգսեանի եւ Մարալ Քերովբեանի կողմից: Թէեւ գիրքը նախատեսւած է երեխաների համար, սակայն կայքը խորհուրդ է տալիս, որ այն ընթերցեն բոլորը, անգամ` 70 տարեկանում:

Գրքում ներկայացւած են հայոց պատմութիւնը, լեզուն, երաժշտութիւնը, կրօնը, աւանդոյթներն ու սովորութիւնները, ճաշատեսակները, ժողովրդական պարերը, տարազները, թեւաւոր խօսքերը, բանաստեղծութիւններ եւ հայկական մշակոյթի վերաբերեալ բազմաթիւ տեղեկութիւններ, որոնք աւելի պատկերաւոր դարձնելու նպատակով օգտագործւել են նաեւ լուսանկարներ:

Գրքում ներկայացւել է նաեւ աշխարհով մէկ սփռւած հայերի պատմութիւնը: «Անատոլիայի տարբեր տեղերից աշխարհի ամէն անկիւնում նռան հատիկի պէս սփռւած հայ ընտանիքների նոր սերունդների պատմութիւններին կարելի է ծանօթանալ այս գրքում»,- գրել է թուրքական կայքը` յաւելելով. «Երանի այն շատ կընթերցւի եւ նպաստի 2 ժողովուրդների միջեւ բարեկամութեանը»: