Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի հայ համայնքը պաշտոնական նամակով դիմել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, որով Հայաստանի պատկան մարմիններին կոչ է արել զերծ պահել Արամ Աթեշյանին Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին մասնակցելուց: Այսօր ԱԺ նիստի մեկնարկին Նաիրա Զոհրաբյանը ձայնի իրավունք խնդրեց և ընթերցեց նամակը:

«Մենք՝ որպես արևմտահայ քաղաքացիներ, Ձեր միջոցով դիմում ենք Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատասխանատուներին, որպեսզի այլևս զերծ ձգեն Արամ Աթեշյանի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ով, հակահայ հայտարարություններով Թուրքիո հայության և արևմատահայության արժանապատվությունը վարկաբեկելով, թուրքական կառավարության քարոզչամեքենայի գործիքն է դարձել: Բողոքում ենք Աթեշյանի` Հայաստան այցը, իրեն հորդորում ենք զերծ մնալ քաղաքական ցանկացած հայտարարություն անել և այլևս ոտք չդնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք:

Մենք՝ ներքոստորագրյալներս, Աթեշյանին չենք համարում մեր հոգևոր առաջնորդ, նույնիսկ՝ մեր սուրբ եկեղեցու սրբազնության արժանի հոգևորական, քանի որ ինքն ընտրված չէ մեր ժողովրդի քվեներով և պաշտպանում է թուրքական պետության շահերը»,- ասված է նամակում:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով նամակին, նշեց, որ դա առանձին քննարկելու հարց է և ընդհանրապես կապ չունի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգի հետ: