Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի իրավասու գերատեսչությունները եւ առաջին հերթին արտաքին գործերի նախարարությունը գործողությունների ծրագիր են պատրաստում Գերմանիայի դեմ: Այն կհրապարակվի՝ Թուրքիայի նախագահի եւ վարչապետի կողմից քննարկվելուց հետո: Այս մասին հայտարարել է նախագահ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

Գերմանական հեղինակավոր Bild թերթին հայտնի է դարձել, որ, որպես պատասխան միջոցառումներ, Թուրքիայում պատրաստվում են դատի տալ Բունդեսթագի այն 11 թուրք պատգամավորներին, որոնք քվեարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին:

Հայցերի համար որպես իրավական բազա ծառայում է Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը, որի համաձայն` թուրքական ազգի, Թուրքիայի Հանրապետության, խորհրդարանի, կառավարության եւ պետական արդարադատության մարմինների հրապարակային վարկաբեկումը ենթակա է 6 ամսից մինչեւ երկու տարի ազատազրկման պատժի:

Ըստ թերթի` դա նշանակում է, որ եթե թուրքական դատարանը Բունդեսթագի թուրք պատգամավորներին մեղավոր ճանաչի, ապա Թուրքիա գալու դեպքում նրանք կարող են ձերբակալվել:

Հատկանշական է, որ Բրյուսելը բազմիցս քննադատել էր Անկարային 301-րդ հոդվածի առնչությամբ եւ, որպես Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար խոչընդոտ, խորհուրդ տվել վերացնել մարդու իրավունքներին եւ ազատություններին հակասող այդ հոդվածը, իսկ Եվրոպային հաճոյանալու համար Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ հիշյալ հոդվածն, իբր, այլեւս չի կիրառվում Թուրքիայում: