Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Սիրիայում ռուսների, ամերիկացիների եւ, իհարկե, իրանցիների ներկայությունը Թուրքիայի նախագահի սրտով չէ: Էրդողանը քննադատել է Ռուսաստանին, Իրանին եւ Միացյալ Նահանգներին Սիրիայում իրենց ռազմական ներկայության համար` ասելով, որ այդ երկրի գործող նախագահ Բաշար Աասդին պաշտոնանկ անելու ցանկության բացակայությունը միայն մեծացնում է սիրիացիների տառապանքը:

Իսկ այսպիսի հայտարարությունն Էրդողանը հնչեցրել է Ստամբուլի, իսկ ավելի ճիշտ՝ Կոստանդնուպոլիսի գրավման 563-րդ տարելիցի առնչությամբ կազմակերպված հանրահավաքի ժամանակ: Նա նաեւ նշել է, որ «Իսլամական պետությունն» արհեստականորեն ստեղծված կազմավորում է, եւ նրա հետ պայքարի պատրվակով խաղեր են իրագործվում, որոնց նպատակը պարզ է՝ որոշակի ուժեր փորձում են Թուրքիային հեռացնել Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից: Դա Էրդողանի կարծիքով:

Իհարկե նա չի բարձրաձայնում ջիհադականների հետ առեւտրի, մասնավորապես Սիրիայից ու Իրաքից ապօրինաբար արտահանվող նավթի կամ ԴԱԻՇ-ի մերձակա դաշնակից մեկ այլ խմբավորման՝՝ Ջեբհաթ-ան-Նուսրային զինելու ու ուղղորդելու մասին: