Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի խորհրդարանի (մէջլիսի) հայ պատգամաւոր Կարօ Փայլանը Ֆրանսիայում մասնակցել է «Թուրքիայի այսօրուայ իրավիճակն ու փոքրամասնութիւնների իրաւունքները» խորագրով համաժողովի. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական Demokrathaber.com լրատուակայքի տեղեկացմամբ՝ պատգամաւորը նշել է, որ Թուրքիայի փոքրամասնութիւնները դրական վերաբերմունքի են արժանանում, եթէ իրենց պահում են «խելօք երեխաների» պէս: Բայց եթէ որեւէ բողոք են արտայայտում, ապա պիտակաւորւում են որպէս «դաւաճաններ»:

«Թուրքիայում հայ լինելը դեռեւս չի ընկալւում որպէս նորմալ երեւոյթ: Երբեմն շատ մեծարուող, երբեմն էլ հողին հաւասարեցուող, հայհոյանքի վերածուող մի հասկացութիւն է հայ լինելը, ինչին վերջին օրերին կրկին ականատես ենք լինում:  Ես ուզում եմ, որ հայի ինքնութիւնը վերածուի այլ ինքնութիւնների պէս նորմալ, պատուաւոր երեւոյթի», - ասել է պոլսահայ պատգամաւորը:

Որպէս փոքրամասնութիւնների նկատմամբ խտրականութեան օրինակ` Փայլանը նշել է այն հանգամանքը, որ Թուրքիայում գործում է կրօնական գործերի նախարարութիւն, որի բաւական խոշոր բիւջէն ձեւաւորւում է բոլոր քաղաքացիների, այդ թւում՝ ազգային փոքրամասնութիւնների վճարած հարկերից, սակայն այն զբաղւում է միայն սուննի մուսուլմանների կրօնական խնդիրներով: «Սա, ի հարկէ, արդար չէ: Դա է ապացուցում այն հանգամանքը, որ մեր հոգեւոր դպրոցները դեռեւս փակ են, հրէաները դեռեւս աղաւնու պէս վախուորած վիճակում են»,- յաւելել է նա:

Փայլանը նշել է, որ, լինելով հայ պատգամաւոր, նա իր նպատակները չի սահմանափակում միայն հայ համայնքին վերաբերող խնդիրների շրջանակով: Նա եւ իր ներկայացրած ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնը (ԺԴԿ-HDP) ջանում են զբաղուել Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնութիւնների խնդիրներով: Այլ հարց է, թէ այդ փոքրամասնութիւններից ամէն մէկը որքանով է քաղաքականացուած եւ պատրաստ՝ պաշտպանելու իր շահերը:

«Յատկապէս Հրանտ Դինքի սպանութիւնից յետոյ էր, որ հայ համայնքը քաղաքականացուեց: Մենք նրա սերունդներն ենք: Օրինակ` ես գործարար էի: Բայց Հրատ Դինքի սպանութեան օրը ես դադարեցի բիզնեսմեն լինելուց: Արդարութեան հասնելը, հայ համայնքի համար պայքարի գաղափարը ինձ քաղաքականացրեց»,- ասել է պատգամաւորը:

Անդրադառնալով նաեւ մէջլիսում կիրակի օրերին եկեղեցի գնալու համար ընդմիջում անելու իր առաջարկին (մուսուլմանական ուրբաթօրեայ աղօթքի համար կատարուող ընդմիջման օրինակով)՝ Փայլանը նշել է, որ ոչ մի պատգամաւոր չի առարկել իր այս առաջարկին, երբ ինքը նրանց հետ երես առ երես է խօսել: Բայց ամբիոնից խօսելիս նրանց ելոյթների բովանդակութիւնն արդէն փոխւում է:

«Դինքն էլ նման յատկութիւն ունէր` ամենաազգայնամոլ մարդու հետ 10 րոպէ խօսելուց յետոյ նրա ողջ աշխարհայեացքը, ողջ մտածելակերպը կարողանում էր փոխել: Ես էլ եմ փորձում դա անել եւ շարունակելու եմ այդ ջանքերը»,- ասել է հայ պատգամաւորը: