Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամաւոր Կարօ Փայլանն ու նրա ընկերները մէջլիսից պահանջել են ուսումնասիրութիւն անցկացնել օսմանեան խորհրդարանի հայ պատգամաւորների մահուան հանգամանքների վերաբերեալ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական İnternethaber.com լրատուակայքի տեղեկացմամբ՝ քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնը (ԺԴԿ-HDP) այս նպատակով յատուկ դիմում-առաջարկ է ուղղել ԹԱՄԺ-ի ղեկավարութեանը:

Փայլանի եւ նրա կուսակիցների ստորագրութեամբ ներկայացուած փաստաթղթում նշուած է, որ 1908-1915թթ. Օսմանեան կայսրութեան մէջլիսում գործել են 7 հայ պատգամաւորներ: Օսմանահպատակ հայերի այդ ներկայացուցիչները՝ Գրիգոր Զոհրապը, Վարդգէս Սերենգիւլեանը, Նազարէթ Տաղաւարեանը, Կարապետ Փաշայեանը, Օնիկ Դերձակեանը, Ստեփան Հրաչեանը եւ Համբարձում Բոյաջեանը, Ցեղասպանութեան ընթացքում սպանուել են տարբեր հանգամանքներում:

«Բոյաջեանը մահապատժի է ենթարկուել, իսկ միւս պատգամաւորները 1915թ. ապրիլ-մայիս ամիսներին ձերբակալուել են, ապա սպանուել տարբեր ժամանակներում եւ տարբեր վայրերում: Մենք ցանկանում ենք, որ խորհրդարանական հետաքննութիւն սկսուի՝ պարզելու համար, թէ նրանք ինչպէ՞ս եւ ու՞մ հրամանով են սպանուել, որոշելու համար, թէ որտեղ են գտնւում հիմա նրանց մասունքները, որպէսզի այդ մասունքները թաղուեն ըստ պատշաճ կարգի եւ վերականգնուի այս մէջլիսում գործունէութիւն ծաւալած պատգամաւորների պատիւը»,- ասուած է դիմում-առաջարկում: