Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը եւ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաեւը ապրիլի 7-ի երեկոյեան France 24 հեռուստաալիքով բանավէճ պէտք է ունենային` կապուած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծուած իրավիճակի հետ, սակայն Փափազեանն աւելի ուշ յայտնեց, որ դեսպանը հրաժարուել է մասնակցել հաղորդմանը: Ապրիլի 11-ին բանավէճն, այնուամենայնիւ, տեղի է ունեցել:

Ադրբեջանի դեսպանը նշել է, թէ իբր Հայաստանի դեսպանը չի ցանկացել իր հետ բանավիճել, սակայն ինքը համաձայնել է, որ հակառակուի Ֆրանսիայում հայկական լոբբիի ապատեղեկատուական քարոզչութեանը:

Լրագրողի հարցին, թէ ինչու՞ է խախտուել 1994-ին հաստատուած հրադադարի ռեժիմը, նա պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետութիւնը զաւթել է ադրբեջանական տարածքներ, այդ թւում ` ԼՂ-ն, դրանք օտար` հայկական  բանակի վերահսկողութեան տակ են, իսկ հրադադարը խախտուեց, որովհետեւ Հայաստանը շարունակում է ագրեսիան ու ցանկանում է ընդլայնել գրաւած տարածքները, փորձում է շարուանակել էթնիկ զտումները, որոնք իբր տեղ են գտել հակամարտութեան ընթացքում, նշում է, այսպէս կոչուած, Խօջալուի ցեղասպանութիւնը:

Ի պատասխան, Մուրադ Փափազեանը նշում է, որ դեսպանը, իր առջեւ նստած, շարունակում է ադրբեջանական քարոզչութիւնը` հիմնուած ստի վրայ: Նա ընդգծում է, որ հրադադարի ռեժիմի խախտումները այս 10 օրուայ ընթացքում չէ, որ տեղի են ունենում, դրանք միշտ էլ շարունակուել են այս ընթացքում, իսկ Ադրբեջանը հրաժարւում է սահմանի երկայնքով տեղադրել հրադադարի խախտումները արձանագրող էլեկտրոնային սարքէր, ինչպէս առաջարկում է ԵԱՀԿ-ն: Փափազեանն ընդգծում է, որ իրականում հայ բնակչութեան ոչնչացումը Ադրբեջանում սկսուել է դեռեւս 1988-ից. Ստալինը 1923 թուականին հայկական Լեռնային Ղարաբաղը շնորհել է Ադրբեջանին, իսկ 1988-ին, յենուելով խորհրդային սահմանադրութեան տուած հնարաւորութեան վրայ եւ առաջնորդուելով ժողովրդավարութեան հիմունքներով,  ԼՂ ժողովուրդը խաղաղ ճանապարհով` հանրաքուէով, որոշեց միանալ Հայաստանին: Այդ խաղաղ քայլին Ադրբեջանը պատասխանեց կոտորածներով` Սումգայիթում, Բաքւում, Կիրովաբադում, Շուշիում, եւ ամբողջ աշխարհն է դա յիշում:

Երբ լրագրողը նշում է, թէ Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրութիւնը համարում է ադրբեջանական տարածք, Փափազեանը բացատրում է, որ 1994 թուականին ստեղծուած Մինսկի խմբի առաքելութիւնն այդ հարցին լուծում գտնելն է: Սակայն այդ թուականից ի վեր Ադրբեջանը մերժում է խաղաղ կարգաւորման բոլոր ծրագրերը:

Ադրբեջանի դեսպանի փորձը` «ապացուցել», թէ Ղարաբաղը երբեք  էլ պատմականօրէն հայկական տարածք չի եղել, այլ մշտապէս պատկանել է  Ադրբեջանին, կասեցւում է լրագրողի կողմից, նա պնդում է, որ բանավէճի թեման ոչ թէ պատմութիւնն է, այլ իրավիճակի ներկայիս սրումը սահմանին: Նա հարցում է, թէ արդեօ՞ք ճիշտ չեն պնդումները, որ Ալիեւը, ով յայտնի չէ որպէս մեծ ժողովրդավար, երկրի սոցիալ-տնտեսական բարդ վիճակը քօղարկելու, իր ժողովրդին շեղելու համար կիրառում է ազգայնականութեան խաղաքարտը: Դեսպանը պատասխանում է, որ կատարեալ ժողովրդավարութիւններ չկան, ապա յաւելում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները նոյնպէս ստատուս քուոն համարում են անընդունելի, եւ միջազգային հանրութիւնն իրենց կողմից է: Լրագրողը հարցնում է` արդեօ՞ք դրա պատճառը ստրատեգիական  հետաքրքրութիւնը չէ` նաւթը, գազը, որոնք Թուրքիայով հասնելու են Եւրոպա: Դեսպանը պատասխանում է, թէ դա միայն նշանակում է միջազգային օրէնքներ յարգել:Նա պնդում է, թէ իբր իրենք փորձել են խաղաղ միջոցներով լուծել խնդիրը, սակայն Հայաստանն ամէն ինչ անում է ստատուս քուոն` «տարածքների օկուպացիան» ամրապնդելու համար:

Լրագրողը բանավիճող կողմերին առաջարկում է կարգաւորման լուծում առաջարկել: Ըստ Փափազեանի` հարկաւոր է միջազգային հանրութեան հովանու ներքոյ ինքնորոշման հանրաքուէ անցկացնել, ինչը բնականաբար, անընդունելի է համարում Ադրբեջանի դեսպանը, ըստ որի` այդ տարածքները «զտուած են ադրբեջանցիներից», եւ հանրաքուէն չի համապատասխանի միջազգային օրէնքներին:

Փափազեանը նշում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում յաղթել են հայերը` հողագործ ղարաբաղցիները, ովքեր շատ ծանր վիճակում են ապրել Ադրբեջանի տիրապետութեան տակ: Նա շեշտում է, որ Ադրբեջանը բռնատիրական, ոչ ժողովրդավար երկիր է, յիշեցնում է Ալիեւի ռազմաշունչ յայտարարութիւնները, նաեւ` Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Բիւլ Բիւլ օղլիի խոստովանութիւնը, որ Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը ու վերսկսել ռազմական գործողութիւնները:

Ի դէպ,Ադրբեջանի դեսպանը անգամ այս բանավէճում է ակնարկում, որ իր երկիրը ամենեւին էլ հակուած չէ հակամարտութեան խաղաղ լուծմանը: Նա յայտարարում է, որ «այժմ 1992 թուականը չէ, այլ` 2016-ը, եւ Ադրբեջանը չի հանդուրժի իր տարածքների շարունակուող օկուպացիան»: Որպէս լուծում` առաջարկում է ընդունել ՄԱԿ-ի` «օկուպացիան» դատապարտող 4 բանաձեւերը, Բուդապեշտի` կարգաւորման փուլային տարբերակը, ՀՀ զինուած ուժերը դուրս բերել «օկուպացուած տարածքներից», 1 մլն ադրբեջանցի փախստականներին վերադարձնել բնակութեան հին վայրերը, յետոյ միայն խօսել Ղարաբաղի ժամանակաւոր կարգավիճակի մասին: Ընդ որում, ըստ նրա, Ադրբեջանը ղարաբաղեան կողմ, որպէս այդպիսին, չի ընդունում, քանի որ, ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ շրջանակում կայ 2 կողմ` Հայաստան եւ Ադրբեջան:

Մուրադ Փափազեանը դարձեալ շեշտում է, որ ԼՂ-ն պատմական հայկական տարածք է` բնակեցուած հայերով, եւ խաղաղ գործողութեամբ` հանրաքուէով, իր անկախութիւնն է հռչակել` ի պատասխան, ստանալով կոտորածներ, եւ երբեք չի վերադառնայ Ադրբեջանի տիրապետութեան տակ: