Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Ա.Մ.Ն.-ի Կոլորադօ նահանգի սենատը մերժել է քւէարկութեան դնել ադրբեջանա-ամերիկեան համագործակցութեան ամրապնդմանը նպաստող «SJR15-006» բանաձեւը:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ա.Մ.Ն.-ի Հայ Դատի յանձնախումբը: Բանաձեւի քւէարկութիւնից հանելու ժամանակ սենատում ներկայ է եղել Ադրբեջանի գլխաւոր հիւպատոս Նասիմ Աղայեւը:

«Մենք ուրախ ենք, որ Կոլորադօն էլ միացաւ Հաւայի, Հարաւային Դակոտա, Միսիսիպի, Թենէս եւ Վայոմին նահանգներին՝ հաստատելով, որ չի վախենում նաւթային պաշարներով հարուստ եւ կոռումպացւած Իլհամ Ալիեւի վարչակարգից: Մենք յատկապէս բաւարարւած ենք նրանով, որ սենատոր Քրոուդերը բանաձեւը հանեց քւէարկութիւնից այն բանից յետոյ, ինչ պատկերացում կազմեց Ադրբեջանի ներքին բռնաճնշումների եւ արտաքին ագրեսիայի վերաբերեալ»,- ասել է Հայ Դատի Արեւմտեան շրջանի գործադիր տնօրէն Էլէն Ասատրեանը:

Յիշեցենք, որ Ա.Մ.Ն.-ի Կոլորադօ նահանգի սենատը պատրաստւում էր յունւարի 29-ին քւէարկութեան դնել վերոնշեալ բանաձեւը, որը առաջադրւել էր սենատորներ Լարի Քրաուդերի, Լաուրա Վուդսի եւ Կոլորադօ նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Էդւարդ Վիգիլի կողմից: Բանաձեւի ընդունումը կանխելու նպատակով կոչով էր հանդէս եկել Հայ Դատի Ա.Մ.Ն.-ի յանձնախումբը: Այն յորդորում էր հեռախօսակապով կամ էլեկտրոնային փոստով կապւել բանաձեւը ներկայացրած սենատոր Լարի Քրաուդերի գրասենեակին եւ միւս օրէնսդիրներին եւ յորդորել դէմ քւէարկել բանաձեւի ընդունմանը: