Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի նախագահականից արձագանքել են Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի պետական յանձնաժողովի 5-րդ նիստին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալութիւնը, յայտարարութեամբ է հանդէս եկել Թուրքիայի նախագահականի խօսնակ Իբրահիմ Քալընը: Նա յայտարարել է, որ «Թուրքիան շարունակելու է դիմադրել բոլոր այն նախաձեռնութիւններին, որոնց միջոցով փորձ կարուի մանիպուլիացիայի ենթարկել իրեն»:

«Թուրքիային եւ Հայաստանին հետաքրքրող պատմական ժամանակաշրջանն ուսումնասիրելու համար մեր յարգարժան նախագահը 2005 թուականին կոչ արեց հիմնել «Ընդհանուր պատմաբանների յանձնաժողով»: 2009 թուականին նպաստեց արձանագրութիւնների ստորագրմանը, որոնք կարգաւորելու էին Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնները: Որպէս նոյն խաղաղարար եւ կառուցողական դիրքորոշման շարունակութիւն՝ 2014 թուականի ապրիլի 23-ին բոլոր հայերին ուղղուած ցաւակցական ուղերձ հրապարակեց: Այս համարձակ քայլերով յստակ վերաբերմունք դրսեւորուեց 1915 թուականի ցաւը շահագործող քաղաքականութիւնների դէմ: Սակայն Հայաստանը Թուրքիայի կողմից ձեռնարկած բոլոր քայլերն անպատասխան թողեց»,- յայտարարել է խօսնակը՝ յաւելելով, որ նման վերաբերմունքն ամէնից առաջ վնասելու է Հայաստանին եւ հայերին: