Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող զինւած  հակամարտութիւնների հետեւանքով վերանում են պատմական արժէք ունեցող շատ յուշարձաններ եւ կոթողներ: Այս կոթողներին անդրադարձել է CNN լրատւականը` առանձնանցնելով վերջին տարիների ընթացքում անհետացած 19 յուշարձանները:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ` CNN-ի ներկայացրած յուշարձանների թւում է նաեւ 2014  թւականի սեպտեմբերին "Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետութիւն" իսլամիստական կազմակերպութեան կողմից պայթեցւած Դեր Զօրի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին` նւիրւած Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին:  Հայոց ցեղասպանութեան յուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին` Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թւականի ապրիլի 24-ին Արամ Ա կաթողիկոսի կողմից այն հռչակւել է համազգային ուխտատեղի:

CNN-ի ներկայացրած յուշարձանների շարքում են նաեւ Իրաքի Սամարրայի մեծ մզկիթը, որը կառուցւել է 9-րդ դարում Տիգրիսի ափին: Այն կործանւել է 2005 թւականին ՆԱՏՕ-ի դիրքերի ռմբակոծման ժամանակ:

Աֆղանստանի Բամեանի բուդդաների արձանները, որոնցից ամենամեծն ունէր 53 մետրբարձրութիւն: Փորւած լինելով ծայռերի մէջ` այն կանգուն է մնացել շուրջ 1500 տարի: Թալիբաններն այն կործանեցին` համարելով յուշարձանները կռապաշտական:

Սիրիայի հնագոյն Բոսրայ քաղաքը, որը բնակեցւած է եղել 2500 տարի: Քաղաքի կենտրոնում յունական թատրոն է եղել, որը թւագրւում է երկրորդ դարին, սակայն լրջօրէն վնասւել է վերջին շրջանի ռմբակոծութիւնների ժամանակ: