Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ֆրանսիայում բնակւող տաղանդաւոր երգիչ-երգչուհիները որոշել են  անակնկալ մատուցել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնաւուրին: Տարբեր ոճերում հանդէս եկող արտիստներն իրենց ձեւով մատուցել եւ ձայնագրել են անւանի երգչի ստեղծագործութիւնները, որոնք ամփոփւելու են «Ազնաւուր. նրա երիտասարդութիւնը» (Aznavour, Sa jeunesse) կոչւող ձայնասկաւառակում: Ձայնասկաւառակը հասանելի կը լինի նոյեմբերի 24-ից: Այն արտադրում է Millenium Barclay / Universal ապրանքանիշը:

Ձայնասկաւառակի խորագիրը վերցւել է Ազնաւուրի երգերից մէկի վերնագրից: Համացանցում արդէն կարելի է լսել ձայնասկաւառակի երգերից Emmenez-moi-ն՝ Vitaa-ի կատարմամբ: Տարբեր արտիստներ կատարում են անւանի հայի Sa jeunesse, Mon fol amour, La bohème, For me, formidable, À ma fille, Désormais, La mamma, Les deux pigeons, Ay! mourir pour toi, Yerushalaim, Parce que, Et pourtant, Hier encore գործերը:

Ձայնասկաւառակի միակ անգլալեզու երգը հանրայայտ She-ն է, որը կատարում է The Shady Brothers-ը:

Նշանաւոր ֆրանսահայ շանսոնյէ, երգիչ, երգահան, կինօդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնաւուրը ծնւել է 1924 թւականի մայիսի 22-ին, Փարիզում: Բազմաթիւ յայտնի գործերի հեղինակ եւ կատարող է: Վաճառւել է Ազնաւուրի ստեղծագործութիւններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թւականից Ազնաւուրը Շւէյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպէս նաեւ Ժնեւի Մ.Ա.Կ.-ի գրասենեակում եւ այլ միջազգային կազմակերպութիւններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Այս տարի լրացաւ անվանի գործչի 90-ամեայ հոբելեանը, որի առթիւ աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպւում են տօնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ շնորհաւորում են լեգենդին` հոբելեանի կապակցութեամբ: Նա այս տարի համերգներով հանդէս է գալիս աշխարհի մի շարք երկրներում, այդ թւում` ելոյթ է ունեցել նաեւ Հայաստանում: