Երկուշաբթի՝ յուլիսի 3-ին, Սպահանի քաղաքապետարանի վերանորոգման եւ բարեկարգման կազմակերպութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Սպահան քաղաքի պատմական միջավայրի ու շինութիւնների պահպանութեան եւ վերականգնման աշխատանքում դերակատար անձանց մեծարման հանդիսութիւնը՝ «Հայրական ժառանգութիւն» խորագրով, որի ընթացքին գնահատւեցին վեց ներդրողներ։

Նկատի առնելով Թեմական խորհրդի ներդրումը «Նոր Ջուղա» հայկական թաղամասի զբօսաշրջային ենթակառուցւածքների ստեղծման,  զբօսաշրջիկներին առաւել որակեալ ծառայութիւններ մատուցելու նպատակով մշակութային եւ գեղարւեստական ​​կենտրոնների հիմնադրման եւ թեմապատկան հին տների վերականգնման ու օգտագործման յանձնելու գործում, որպէս խորհրդի ներկայացուցիչ գնահատագիր եւ յուշանւէր շնորհւեց կազմի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանին։

Արարողութեանը ներկայ էին Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գլխաւոր տնօրէն Ալիռեզա Իզադին, Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադէն, Սպահանի քաղաքապետարանի ճարտարապետութեան եւ քաղաքաշինութեան փոխտնօրէնն ու այլ պատասխանատուներ։

Ծրագրին մասնակցում էին նաեւ Թեմական խորհրդի նախկին ատենապետ Վարուժ Մինասեանը, Կալւածա-Տնտեսական մարմնի անդամներ Նարբէ Ջարդն-Դաւուդն ու Մասիս Քեշիշեանը, Սպահանի հայոց թեմի Հանրային կապերի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը, Նոր Ջուղայի Երաժշտական թանգարանի տնօրէն Զոյեա Խաչատրեանը եւ թաղամասի հայկական հիւրանոցների ու կացարանների տնօրէնները։

Ստորև ներկայացնում ենք թեմապատկան կալւածների ցանկը, որոնք վերականգնւել են Թեմական խորհրդի եւ հայ համայնքի անդամների ներդրումով.

  • Նոր Ջուղայի Երաժշտական թանգարան
  • «Սէթ Եսայեան» կացարան
  • «Փոքր Մէյդան» կացարան
  • «Ռոմանոս» ռեստորան
  • «Սիմոն» ռեստորան
  • «Ջոլֆա» ռեստորան
  • «Մարտիրոս Եսայեան» կացարան

Վերոնշեալ կառոյցները վերականգնւել են Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի միջոցով։

  • «Արմենիա» հիւրանոց

Վերականգնողներ։ Ժորժ Ղազարեան եւ Սաքօ Սիմոնեան՝ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի համագործակութեամբ 

Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի