Աղբիւր՝ www.yerakouyn.am

 

Մի քանի օր առաջ Անթիլիասի Մայրավանք այցելեց Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսեանը: Առաջնորդ Սրբազանը մանրամասնօրէն զեկուցեց Վեհափառ Հայրապետին ընդհանրապէս Սուրիոյ ու յատկապէս Հալէպի, Դամասկոսի, Ջէզիրէի, Լաթաքիոյ ու Քէսապի մէջ կայք հաստատած հայորդիների դիմագրաւած դժուարութիւնների ու մտահոգութիւնների մասին: Նա նաեւ տեղեակ պահեց Նորին Սրբութեանը հոգեւոր ու համայնքային պատասխանատուների եւ Սիրիոյ Շտապ Օգնութեան եւ Վերականգնման Մարմնի կողմից կատարւած աշխատանքների մասին:
Վեհափառ Հայրապետը բարձրօրէն գնահատեց պատասխանատու մարմինների կատարած աշխատանքները, մեր ժողովրդի իրաւունքներին տէր կանգնելու եւ նրա կարիքներին օգտակար լինելու իրենց նւիրեալ ծառայութիւնը:
Յայտնենք, որ առաջնորդ Սրբազանը Չորեքշաբթի, 23 Յուլիս 2014-ին, Մայրավանքից մեկնեց Թարթուս, քահանայ հայրերի ու ազգային իշխանութեան ներկայացուցիչների ընկերակցութեամբ, յաջորդաբար այցելելու Լաթաքիա, Քէսապ եւ այլ շրջաններ: Յառաջիկայ Կիրակի, 27 Յուլիս 2014-ին, Շահան Սրբազանը կը կատարի Գարատուրանի (Քէսապ) Ս. Աստուածածին եկեղեցւոյ խորանի վերաօծումը, ուր Վարդավառի տօնի առթիւ Ս. եւ անմահ Պատարագ կը մատուցւի:
Իր կատարած այցելութիւնների ընթացքին, Սրբազան Հայրը հաւատացեալ մեր ժողովրդին փոխանցելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի օրհնութիւններն ու անվերապահ զօրակցութիւնը: Առաջնորդ Սրբազանը մօտկից տեղեակ կը դառնայ տեղափոխւած մեր ժողովրդի զաւակների դժուարութիւններին ու կարիքներին, որպէսզի համապատասխան անհրաժեշտ միջոցներն ու օժանդակութիւնները տնօրինւեն: