Աղբիւր՝ www.asbarez.com

 

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Կարսի բերդ այցելած հայ զբօսաշրջիկները պարզել են Եռագոյնը եւ երգել են Հայաստանի քայլերգը: Թրքական «Հապերլեր» լրատւական կայքի համաձայն՝ հայ զբօսաշրջիկների այս քայլը իրարանցում է առաջացրել Թուրքիայի մէջ: Թրքական, այսպէս կոչւած՝ «Հայերի անհիմն պնդումների դէմ պայքարի միութիւն» (ASIMDER) կառոյցի ղեկավար Քէօքսալ Քիւլբէյը իշխանութիւններին կոչ է ուղղել հետեւելու Թուրքիայ այցելող հայերի քայլերին եւ սահմանափակելու նրանց: Մի շարք քաղաքացիներ եւս դժգոհել են, որ հայերը Թուրքիայի մէջ բարձրացրել են իրենց Եռագոյնը եւ երգել Հայաստանի քայլերգը:
Թուրք ազգայնականը յայտնել է, որ հայերը արեւելեան Անատոլիան կոչում են Արեւմտեան Հայաստան՝ դիտել տալով, որ այս մասին նշւած է նաեւ Հայաստանի անկախութեան հռչակագրի մէջ: Նա յայտարարել է, որ Թուրքիա այցելող հայերը «սադրիչ գործողութիւններ կը կատարեն» եւ մեղադրել է Հայաստանի իշխանութիւններին ու սփիւռքի նախարարութեանը՝ նմանօրինակ գործողութիւններին իբր թէ աջակցելու համար:
«Հայերը Կարսի բերդին մէջ պարզած են Հայաստանի դրօշը եւ երգած քայլերգը: Նոյնը կատարած են նաեւ Վանի Աղթամար կղզիին վրայ: Ինչո՞վ զբաղած են անվտանգութեան ուժերը», հարց է տւել ASIMDER–ի առաջնորդը եւ սպառնացել, որ հետամուտ կը լինի այս հարցով թրքական պատասխանատու մարմիններին պատժելու:
Թուրք ազգայնականը զգօնութեան կոչ է ուղղել իշխանութիւններին եւ յայտարարել, որ հայկական լոբիիստական ուժերը պատրաստւում են 2015 թւականի շեմին Թուրքիայի տարածքում սադրիչ եւ քայքայիչ գործողութիւններ իրականացնել: