Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Արցախի Հանրապետութեան հանրաքւէի կենտրոնական յանձնաժողովն ընդունւած է համարում Սահմանադրութեան փոփոխութիւնների նախագիծը: Այս մասին յայտարարեց ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանեանը Ստեփանակերտում կայացած ասուլիսում:

Նա յայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքւէին կողմ է քւէարկել 69 հազար 540 քաղաքացի` ընտրողների 87,6 տոկոսը, դէմ` 7 հազար 686: Անվաւեր քւէաթերթիկների թիւը կազմում է 2 հազար 202 կամ 2,8 տոկոս:

«Սահմանադրութեան նախագիծը համարւում է ընդունւած»,- ասաց Արզումանեանը:

Հանրաքւէին քւէարկելու իրաւունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քւէարկութեանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թւի 76,5 տոկոսը: