2015-2016 ուսումնական տարեշրջանի ընթացքում Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտները յատկապէս փայլուն յաջողութիւններով աչքի են ընկել Իրանի սահմաններից դուրս՝ միջազգային եւ համահայկական մրցոյթներում, որոնց մասին տեղեկացել ենք պատկան դպրոցների պատասխանատուների միջոցով: 

Յաջողութիւններ, որոնք ոչ միայն ծնողների եւ դպրոցների պատասխանատուների ուրախութեան ու հպարտութեան առիթն են հանդիսացել, այլեւ խանդավառել են համայնքի անդամներին՝ առաւել եւս նրանց համոզելով, որ հայկական վարժարաններն այն եզակի կրթօջախներն են, որտեղ ծնող-դպրոց սերտ համագործակցութեան, դպրոցի անձնակազմի ջանադիր աշխատանքի եւ ազգային մարմինների անվերապահ հովանաւորութեան շնորհիւ,  անհնարինը հնարաւոր է դառնում եւ յաջողւում է մատաղ սերնդին լաւագոյնս կրթել, դաստիարակել հայկական շնչով ու ոգով եւ յատկապէս նրանց համար ստեղծել բազմակողմանի զարգանալու հնարաւորութիւններ: 

Նշւած տարեշրջանում Նոր Ջուղայի “Քանանեան” աղջկանց միջնակարգ դպրոցի յատուկ դասաւորութեամբ, սոյն դպրոցի մի շարք աշակերտուհիներ իրենց մասնակցութիւնը ցուցաբերեցին Հոնգկոնգում կայացած “Հարմոնիա 2016” խորագրով նկարչութեան եւ լուսանկարչութեան միջազգային մրցոյթին, որի արդիւնքում նկարչութեան բաժնում իր իւղաներկ աշխատանքով առաջին պատւաւոր տեղը գրաւեց 11-րդ դասարանի աշակերտուհի Արփա Մարգարեանը՝ արժանանալով “Գրանդ փրայզ” (Grand prize) Ա կարգի մրցանակին: Նա կազմակերպիչների հրաւէրով օգոստոս ամսին ժամանեց Հոնգկոնգ՝ մասնակցելու մրցոյթի մրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութեանը, ուր պարգեւատրւեց նշւած մրցանակով եւ դրամական նւէրով: Այս բացառիկ յաջողութիւնը մեծ արձագանք է գտել նաեւ Սպահան քաղաքի  3-րդ շրջանի Կրթադաստիարակչութեան հիմնարկի շրջանակում: 

Յատկանշական է, որ նոյն մրցոյթի նկարչութեան բաժնին մասնակցել էին նաեւ “Քանանեան” դպրոցի 9-րդ եւ 8-րդ դասարանների աշակերտուհիներ Լուսին Մինասեանն ու Ալմարա Թահմազեանը, իսկ լուսանկարչութեանը՝ նախահամալսարանական օղակից Թանիա Մինասեանն ու  Թինա Յովսէփեանը եւ 8-րդ դասարանից Անիա Յովհաննիսեանը, որոնց աշխատանքներն արժանացել են մրցոյթի (Certificate of Merit) պատւոգրին:

Իսկ անդրդառնալով համահայկական մրցոյթներին՝ պէտք է նշել, որ այս տարի Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ մանկա-պատանեկան նկարչական 6-րդ համահայկական մրցոյթ-փառատօնը, որը կրում էր “Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ” խորագիրը: Միջնադարեան Հայաստանի մշակոյթի երկու բնագաւառներին` ժողովրդական բանահիւսութեանն ու մանրանկարչութեան կապին անդրադարձ ունեցող այս մրցոյթ-փառատօնին մասնակցելու հնարաւորութիւն ունեցան արւեստի հանդէպ սէր եւ կարողութիւն դրսեւորող հայկական կրթօջախներում ուսանող 6-18 տարեկան սաները՝ կրտսեր եւ աւագ խմբաւորումների ներքոյ: Փառատօնի առաջին փուլի արդիւնքում մասնագիտական յանձնաժողովի կողմից տրւած գնահատականների հիման վրայ յաղթող ճանաչւեցին մի շարք նկարչութիւններ, որոնց շարանում աչքի էին ընկնում Ն. Ջ. “Արմէն” երկսեռ տարրական կրթահամալիրի սաներ՝ 6-րդ դասարանից Արփինէ Մովսիսեանի, առաջին դասարանից Բիւրեղ Տէր-Յովհաննիսեանի, իսկ “Քանանեան” աղջկանց միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Թէա Թահմազեանի նկարչութիւնները: Յաղթող աշխատանքները կը ներկայացւեն Գեղագիտութեան ազգային կենտրոնի ցուցահանդէսում եւ կը տպագրւեն սոյն ցուցահանդէսի պատկերագրքում: 

Սոյն յաջողութիւնների առթիւ շնորհաւորում ենք աշակերտներին, նրանց ընտանիքներին, ինչու չէ նաեւ պատկան դպրոցների ջերմեռանդ անձնակազմին ու նորանոր նւաճումներ ենք մաղթում նրանց՝ կեանքի բոլոր ասպարէզներում:

Թղթակից (Նոր Ջուղա)