Կիրակի՝ թւականիս հոկտեմբերի 9-ի առաւօտեան, Սրբոց թարգմանչաց տօնի առիթով, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցու սրահում մատուցւեց Ս. եւ անմահ Պատարագ՝ Գերպ. Տ. Անանիա Ծ. վրդ. Գուճանեանի ձեռամբ, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ եւ  դպրաց դասի սպասարկութեամբ:

Օրւայ խորհրդին ներկայ էին Շահինշահրի Հայ համայնքի վարչութիւնը, Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան անդամները, «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի, «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների ուսուցչական կազմերն ու աշակերտութիւնը, ծնողները եւ համայնքի անդամները:

Գերպ. Հայր Սուրբն արարողութեան ընթացքում գեղեցկօրէն մեկնաբանելով Աստւածաշնչի «Առակաց» գրքից թարգմանւած առաջին նախադասութիւնը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», յորդորեց հայ աշակերտներին բարձր գնահատեն հանճարի խօսքերն եւ ճանաչեն ու իրագործեն Աստւածաշնչի յանձնարարած իմաստութիւնն ու խրատը: Իր բովանդակալից քարոզում Հայր Սուրբը հանգամանօրէն անդրադառնալով հայ ուսուցչի նշանակալից դերին՝ հայ աշակերտի հայեցի դաստիարակութեան եւ նրա հոգին հայավայել զարգացնելու նւիրական գործում՝ շնորհաւորեց Հայ ուսուցչի տօնը եւ ոյժ ու կորով մաղթեց հայ մշակոյթի բոլոր երախտաւորներին:

Հայր Սուրբն իր օրհնանքն ուղղելով բոլոր այն ծնողներին, ովքեր իրենց սիրասուն զաւակներին ուղարկելով հայոց ազգային դպրոցներ, դրսեւորում են իրենց վստահութիւնը հայկական դպրոցի նկատմամբ՝ իր խօսքը եզրափակեց բոլոր ներկաներին ուղղւած իր շնորհաւորանքի խօսքով՝ Հայ մշակոյթի եւ Թարգմանչաց տօների կապակցութեամբ:

 
Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝
Վ. Յարութիւնեան