Ուրբաթ՝ սեպտեմբերի 23-ի երեկոյեան՝ Ս. Գէորգ զօրավարի նախատօնակին, Նոր Ջուղայի համանուն եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ ներկայութեամբ հոգեւորականաց դասի ու հաւատացեալ ժողովրդի, սկզբում՝ ժամը 3:00-ին, կատարւեց աղօրհնէքի եւ ոչխարների զենման, իսկ 6:00-ին՝ հսկումի արարողութիւնները:

Սոյն արարողութիւնների ընթացքում Հայր Սուրբը շնորհակալութիւն յայտնեց նւիրատուներին եւ բոլոր այն անձանց, ովքեր ծառայում են եկեղեցուն:

Այնուհետեւ շաբաթ՝ սեպտեմբերի 24-ի առաւօտեան ժամը 9:00-ին, գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ձեռամբ եւ մասնակցութեամբ քահանայից ու դպրաց դասերի սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց տօնի առթիւ, ուր նշւեց նաեւ եկեղեցու անւանակոչութեան տօնը: Արարաողութեան երգեցողութիւնը կատարւեց Ս. Ա. Վանքի “Կոմիտաս” երգչախմբի միջոցով: 

Յընթացս պատարագի Հայր Սուրբը հաւատացեալներին փոխանցեց Նոր Ջուղայում իր անդրանիկ քարոզը: Նա սկզբում անդրադարձաւ Ս. Գէորգ զօրավարի կեանքին ու գործունէութեանը եւ յանուն հաւատի նրա կատարած սխրագործութեանը, ինչի շնորհիւ էլ դասւել է սրբերի շարքին: Այնուհետեւ քարոզիչն անդրադառնալով, որ դարերի ընթացքում Ս. Գէորգ զօրավարի արժէքն ու նշանակութիւնը առաւել է պայծառացել եւ մեծացել եւ այսօր սուրբը մեծ արժէք ու նշանակութիւն ունի քրիստոնեայ ժողովուրդների մօտ, աւելացրեց. “Մեր ժողովուրդը ամէն տարի այս օրը գնում է Աստծոյ սուրբ տունը եւ իր աղօթքները փոխանցում Ս. Գէորգ Զօրավարին:.... Յուսամ, որ բոլոր հաւատացեալներն իրենց աղօթքների պատասխանն ստանան՝ Սրբի բարեխօսութեամբ եւ իրենց հաւատքով”: Հայր Սուրբը հաւատացեալներին յորդորեց, որ Ս. Գէորգին դարձնեն իրենց կեանքի օրինակը, ներշնչւեն նրանից եւ պարտութիւնների դէմ չընկճւելով՝ ձգտեն յաղթանակների: 

Պատարագի աւարտին գերապատիւ Հայր Սուրբը երգեցիկ խմբի եւ հոգեւորականաց ու դպրաց դասի ուղեկցութեամբ մեկնեց բակ, որտեղ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնւեց Նոր Ջուղայի Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ եւ հարիսայի յանձնախմբի միջոցով պատրաստւած հարիսան: Հայր սուրբը շնորհակալական խօսք ուղղեց հոգեւորականաց եւ դպրաց դասերին, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդին, Նոր Ջուղայի հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը, կանանց եւ հարիսայի պատրաստման յանձնախմբերին, նւիրատուներին եւ բոլոր այն անհատներին, որոնց շնորհիւ պատշաճօրէն նշւեց Ս. Գէորգ զօրավարի տօնը:

Վերջում հարիսան բաժանւեց հաւատացեալ ժողովրդին:

«Ալիք» Օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)