«Ալիք» օրաթերթի 85-ամեակի առթիւ Իրան ժամանած հայաշխարհի զանգւածային լրատւամիջոցների խմբագիրներն ու լրագրողները, ուղեկցութեամբ յոբելեար օրաթերթի արտօնատէր Ալբերտ Աճեմեանի, գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանի եւ ներկայացուցիչների, կիրակի՝ սեպտեմբերի 18-ի երեկոյեան, այցելեցին Նոր Ջուղա: Այցի շրջագծում պատւիրակութիւնն սկզբում եղաւ առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքում, ուր նրանց ջերմօրէն դիմաւորեցին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Իրանի Իսլ. Խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը եւ թեմի ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների ու դպրոցների  ներկայացուցիչները: 

Այնուհետեւ ներկաներն իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին՝ վանքի շրջափակում գտնւող յուշարձանին ծաղիկներ մատուցելով, ապա այցելեցին առաջնորդարանի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի եւ «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարան: 

Յաջորդիւ «Ծաղկեայ դահլիճ»-ում հանդիպում կայացաւ հիւրերի եւ հիւրընկալի միջեւ, որտեղ ողջոյնի եւ բարիգալստեան մաղթանքներով, ինչու չէ նաեւ աւանդական թեմն աւելի ճանաչեցնելու նպատակով, առանձնաբար արտայայտւեցին գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Աշոտ Դաւթեանը: Վերջում արտայայտւեց «Ալիք»-ի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը՝ առաւել ծանօթացնելով պատւիրակութեան անդամներին: Հանդիպման աւարտին կազմակերպւած ընդունելութեան ընթացքում ներկաներն առիթ ունեցան մտերմիկ զրոյց ունենալ միմեանց հետ:

Շարունակութեան մէջ խումբն ազգայինների ուղեկցութեամբ այցելեց հայոց ազգային դպրոցներ, ապա Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղի, որից յետոյ բոլորը հիւրընկալւեցին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան յարկի ներքոյ՝ մասնակցելով թեմի ազգային իշխանութեան կողմից կազմակերպւած ընթրիք-երեկոյին: Վերջում ազգային մարմինների անունից յուշանւէրներ յանձնւեցին հայաշխարհի մամլոյ ներկայացուցինչերին:

Ծրագրի համաձայն երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ի առաւօտեան այցելութիւնների շարանը շարունակւելու է՝ Սպահան քաղաքի տեսարժան վայրերում շրջագայութիւններով, ապա կէսօրին պատւիրակութիւնը վերադառնալու է Թեհրան:

Թղթակից (Նոր Ջուղա)