Շաբաթ՝ ապրիլի 23

Երեկոյեան ժամը 7:30-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի նախագահութեամբ եւ թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերի մասնակցութեամբ կատարւեց Հայոց Ցեղասպանութեան Սուրբ նահատակների Բարեխօսական կարգը: 

Բարեխօսական աղօթքի աւարտին Սրբազան Հօր ձեռամբ սրբալոյս Միւռոնով օծւեցին Հայոց Ցեղասպանութեան սրբադասւած նահատակների սրբապատկերները, որոնք պատրաստւել էին թեմակալ առաջնորդի եւ Կրօնական խորհրդի որոշմամբ՝ նախորդ տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նահատակների սրբադասման ընթացքում զոյգ Վեհափառ Հայրապետների միջոցով օծւած երկու սրբապատկերների բնօրինակի համաձայն: Սոյն պատկերներն օծւելու համար սուրբ խորանի առջեւ բերւեցին նւիրատուների միջոցով, ովքեր հոգացել էին դրանց պատրաստման ծախսը: Օծւած սրբապատկերները տեղադրւելու են Նոր Ջուղայի եւ Շահինշահրի եկեղեցիներում:

Օծումից յետոյ Սրբազան Հայրը բացատրելով, որ հայ եկեղեցին իր սուրբ նահատակների յիշատակը ոգեկոչում է Բարեխօսական աղօթքով, իր գնահատանքի խօսքն ուղղեց սրբապատկերների պատրաստման համար նւիրատւութիւն կատարած անհատներին: 

Ապա միասնական Տէրունական աղօթքը հնչեց առ Աստւած, որից յետոյ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի, Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ու ազգային մարմինների անդամների գլխաւորութեամբ մեկնարկեց մոմերով երթը: Ներկաները խորհրդաւոր լռութեան ներքոյ, լուսաւոր մոմերն իրենց ձեռքում պահած, քայլեցին դէպի Ս. Ամենափրկիչ վանքը տանող Արեւմտեան ու Արեւելեան Նազար պողոտաներով: Ս. Ա. վանք հասնելուն պէս մոմերը տեղադրւեցին Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի մօտ, որից յետոյ մեկնարկեց բողոքի համահաւաքը: 

Սկզբում երեկոյի հաղորդավար Ադրինէ Ղեւեանը ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել Ցեղասպանութեան նահատակների եւ վերջին օրերի ընթացքում Արցախում զոհւած հերոսների յիշատակը, ապա նա պատմական ակնարկ ունենալով Հայոց Ցեղասպանութեան իրողութեանն ու միջազգային ճանաչման ուղղութեամբ առաջխաղացումներին, համաշխարհային ատեաններից պահանջեց՝ դատապարտելու Օսմանեան կայսրութեան ու Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրւած եւ հայ ժողովրդի դէմ շարունակաբար իրականացւած ցեղասպանական քայլերը, եւ նշեց. «Միաժամանակ խոնարհւելով արցախեան վերջին իրադարձութիւնների ընթացքում, հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին իրենց կեանքը նւիրաբերած հերոսների վառ յիշատակի առջեւ, միջազգային հանրութիւնից պահանջում ենք կանխել ու դատապարտել Արցախի խաղաղ բնակչութեան նկատմամբ Ադրբեջանի իշխանութիւնների բարբարոսական գործողութիւնները եւ նրան ենթարկել արժանի պատասխանատւութեան»: 

Այնուհետեւ յանուն Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների արտայայտւեց Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, ով մատնանշելով Թուրքիայի արտաքին քաղաքականութեան գլխաւոր ուղղութիւնը՝ տարածաշրջանի ապակայունացման եւ պատերազմների հրահրման ուղղութեամբ եւ նրա կողմից մարդկային իրաւունքների ոտնահարումները՝ ինչպիսիք են սեփական քաղաքացիների եւ մտաւորականների դէմ կիրառւող բռնութիւնները, աւելացրեց. «Ակներեւ է դարձել Թուրքիայի բացասական եւ գլխաւոր դերակատարութիւնը Սիրիայի կործանարար պատերազում եւ Իրաքի անկայունութեան մէջ եւ յատկապէս ծայրայեղական ու ահաբեկչական վտանգաւոր խմբերին աջակցելու գործում: Թուրքիան եղել է միակ երկիրը, որ ողջունել եւ խրախուսել է Ադրբեջանի ռազմական գործողութիւնները Արցախի դէմ, որոնք տեղի ունեցան ապրիլի սկզբին»: Պրն. Տէր-Մարտիրոսեանն իր խօսքի մի այլ բաժնում նշելով, որ հայութեան պահանջատիրական պայքարը հասունութեան մի նոր փուլ է թեւակոխել, ադրբեջանական վերջին ագրեսիայի դէմ Լեռնային Ղարաբաղի իշխանութեան եւ ժողովրդի պաշտպանութեան գործում համայն հայութեան դրսեւորած միասնականութիւնն ու պատրաստակամութիւնը ազգային նոր գիտակցութեան բացառիկ արդիւնքը համարեց:

Արտայայտւեց նաեւ Իրանի Իսլ. Խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ով իր խօսքի սկզբում շեշտեց, որ 100-ամեակով հայկական պահանջատիրութիւնը նոր հանգրւան է թեւակոխել եւ դա ապացուցւում է անցնող մէկ տարւայ ընթացքում այդ շրջագծում քաղաքական տարբեր երեւոյթներով: Նա ընդգծելով, թէ Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը եւ յատկապէս վերջին օրերի ընթացքում Արցախում տեղի ունեցած ադրբեջանական ռազմական գործողութիւնները մի անգամ եւս փաստեցին համայն հայութեան պահանջատիրութեան արդար լինելը, աւելացրեց. «Եթէ Թուրքիան նոյնիսկ ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը եւ հատուցում կատարի, որեւէ երաշխիք չկայ, որ այս խառնիճաղանճ տարածաշրջանում դարձեալ նման արարք չի կատարի, հետեւաբար հայ ժողովուրդը պէտք է իր պահանջատիրութիւնը տարբեր ուղղութիւններով զարգացնի՝ ի խնդիր իր ազգային եւ տարածաշրջանի շահերի»:

Նա գնահատելով անցնող 20 օրերի ընթացքում հայ ժողովրդի դրսեւորած ինքնաբուխ եւ միասնական կեցւածքը՝ Արցախին զօրակցելու ուղղութեամբ, կարեւորութեամբ անդրադարձաւ, որ յարաբերութիւնների մէջ եթէ չլինեն ազգերի կամքը, կարողութիւնները եւ գիտութեամբ, գաղափարով ու զէնքով ձեռք բերւած հզօրութիւնը, որեւէ իրաւունք չի կարող արդարացի ձեռք բերւել, եւ ելնելով այդ իրողութիւնից ու յատկապէս հայ ժողովրդի անվտանգութեան համար պէտք է մեր կամքով ու մեր անյողդողդ քայլերով շարունակենք հայկական պանջատիրական պայքարը: 

Որպէս համահաւաքի եզրափակիչ խօսք՝ ժողովրդին իր հայրական պատգամն ուղղեց առաջնորդ Սրբազան Հայրը: Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը անդրադառնալով Թուրքիայի կողմից մինչեւ օրս կիրառւած պատմութեան խեղաթիւրման քաղաքականութեանը, շեշտեց, որ արդարութիւնը յաղթանակելու է, ճշմարտութիւնը չի գերեզմանւելու եւ անպայմանօրէն տարածւելու է ամէն տեղ: 

Սրբազան Հայրն կարեւորութեամբ նշելով մերօրեայ պայմաններում Թուրքիայի եւ Ադրբեջանի հայատեացութեան քաղաքականութեան հետեւանքով իրագործւած ոճրագործութիւնները, ինչպիսիք են՝ Սումգայիթի կոտորածները, Հրանդ Դինքի սպանութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի սահմանում իրականացւած ռազմական սադրիչ գործողութիւնները, աւելացրեց, որ հայ ժողովուրդն այլեւս լացող ժողովուրդ չէ եւ իր պահանջատիրական պայքարը շարունակում է զանազան հարթակների վրայ: Նա իր խօսքի աւարտին անդրադառնալով վերջերս զոյգ Վեհափառ Հայրապետների Արցախ կատարած այցելութեանը՝ ի զօրակցութիւն Լեռնային Ղարաբաղի իշխանութեան ու ժողովրդի, կոչ արեց միակամ կեցւածքով օգնութեան հասնել Արցախին, նոյն կամքով եւ յաղթանակի ոգով շարունակել պահանջատիրական պայքարը եւ հայկական եռագոյն դրօշը ծածանել Արարատի գագաթին: 

Սրբազան Հօր պատգամից յետոյ ժողովուրդը ծաղիկներ մատուցեց եւ մոմեր վառեց ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակը ոգեկոչելու, այլեւ նոր նահատակների՝ Արցախեան գոյամարտում ընկած հերոսների յիշատակը վառ պահելու համար:

Յատկանշական է, որ ծրագրի ընթացքում գեղարւեստական կատարումներ իրականացւեցին օրւան պատշաճ երգերով ու ասմունքներով: Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ ղեկավարութեամբ խմբավար Համիկ Ալեքսանդրեանի հանդէս եկաւ «Ոգերգ նահատակաց», «Ապրիլեան նահատակներուն», «Խաղաղ դաշտի որդիք», «Սասուն» եւ «Քաջ Անդրանիկ» երգերով, Վերգինէ Համբարձումը ասմունքեց «Մենք», իսկ Նարեգա Սիմոնեանը՝ «Ես Հայաստան, ես քարէ» բանաստեղծութիւնները: Մենակատարեցին Վեդի Յարութիւնեանը՝ «Տունն իմ հայրենի» եւ Մասիս Պարսամեանը՝ «Հրով լինի» երգերը: 

Նոյն երեկոյ, Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր բողոքի նստացոյց՝ Նոր Ջուղայի պատանիների մասնակցութեամբ, իսկ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան եւ Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի համատեղ նախաձեռնութեամբ, վանքի շրջափակում օրւայ առթիւ կազմակերպւել էր գրքի ցուցահանդէս: 

Համահաւաքին զուգահեռ Եղեռնի զոհերի յուշարձանի շուրջ անմար ջահերով հսկումի արարողութիւն կատարւեց Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով: 

Աւանդոյթի համաձայն տեղի ունեցաւ նաեւ արեան տւչութիւն:

 

Կիրակի՝ ապրիլի 24

Առաւօտեան ժամը 9:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցում, նախագահութեամբ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ մասնակցութեամբ թեմի հոգեւորականաց ու դպրաց դասերի, մատուցւեց ս. պատարագ: Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը: 

Այնուհետեւ վանքի շրջափակում կայացաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը, որտեղ սկզբում Սրբազան Հօր գլխաւորութեամբ, թեմի հոգեւորականաց դասը, ազգային մարմինների ու շրջանի հայ Դատի յանձնախմբի անդամները եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի միութիւնների վարչութիւնները եւ հայոց ազգային դպրոցների պատասխանատուները, ապա ներկայ ժողովուրդը ծաղիկներ մատուցեցին յուշարձանին՝ ի յիշատակ բիւրաւոր նահատակների:

Յաջորդիւ նստացոյցի կազմակերպիչ Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան խօսքն ընթերցւեց Վանէ Յարութիւնեանի միջոցով, որտեղ նա ընդգծելով, որ ցեղասպանին անպատիժ թողնելով աշխարհում նորանոր յանցագործութիւնների իրագործման առիթ է ստեղծւել, ասաց. «Օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վրայ Ադրբեջանի կողմից իրականացւած ռազմական սադրիչ գործողութիւններն ու այդ շրջագծում Արցախի խաղաղ բնակչութեան եւ հայկական բանակի զինւորների նկատմամբ կիրառւած խոշտանգումներն ու դաժանաբար սպանութիւնները, ի՞նչ կարելի է համարել, եթէ ոչ ցեղասպանի անպատիժ մնալու հետեւանք: Միթէ ակնյայտ չէ՞, որ սա էլ նոյնպէս թուրքի ձեռագիրն ու գործելակերպն է»: Պարմանուհին խօսքն աւարտեց խոստանալով, որ պատանիներն ամենայն վճռակամութեամբ շարունակելու են հայոց պահանջատիրական պայքարը՝ մինչեւ հայ ազգի արդար իրաւունքների վերականգնումն ու ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի կերտումը:

Միջոցառման շարունակութեան մէջ խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը յայտարարեց, որ վերջին տեղեկութիւնների համաձայն կառավարութեան մակարդակում տեղի ունեցած մի շարք վարչական անհամաձայնութիւնների պատճառով, նախապէս արտօնւած քայլարշաւի թոյլտւութիւնը բեկանւել է: Ապա նա Իրանի պետական այրերին յիշեցնելով, որ իրանահայութիւնը միշտ ըմբռնումով է մօտեցել երկրի շահերի նկատմամբ եւ իր զաւակների արեամբ է մասնակից եղել Իրանի հողային ամբողջականութեան պաշտպանման գործին, յոյս յայտնեց, որ քայլարշաւին արտօնութիւն չտալը լոկ թիւրիմացութիւնների արդիւնք է:

Պատգամաւորի յայտարարութիւնից յետոյ բողոքի համահաւաքը շարունակւեց պահանջատիրական լոզունգների վանկարկումներով, որն աւարտւեց օրւայ բանաձեւի ընթերցմամբ ու միասնական հաստատմամբ: 

Այնուհետեւ պահանջատէր ժողովուրդը ինքնաբուխ կերպով Ս. Ամենափրկիչ վանքից քայլեց դէպի Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն եւ անցնելով Հաքիմ Նեզամի ու Խաղանի գլխաւոր պողոտաներով, վեր բարձրացրած բռունցքներով դարձեալ վանկարկեց դատապարտող եւ հատուցում պահանջող կարգախօսներ: Ցոյցն աւարտւեց «Արարատ» միութեան շրջափակում: 

Կիրակի առաւօտեան վանքում կայացած բողոքի համահաւաքը նոյնպէս վարեց Ադրինէ Ղեւեանը: Երկօրեայ եկեղեցական արարողութիւնների ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ խմբավար Արմէն Ամիրխանեանի:

Հարկ է նշել, որ ինչպէս նախորդ տարիների, անցնող օրերի ընթացքում Ս. Ա. վանքի պատերը զարդարւել էին հայոց ազգային դպրոցների աշակերտութեան եւ «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան անդամների նկարած նկարչութիւններով ու պատրաստած պատի թերթերով, որոնք յատկապէս ուշադրութեան առարկայ դարձան Ս. Ա. վանք այցելող զբօսաշրջիկների կողմից:

«Ալիք» Օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան