Աւանդոյթի համաձայն Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման բուն ձեռնարկի նախաշեմին, Ս. Ամենափրկչեան վանքում Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի առջեւ, դարձեալ ի մի եկան Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները՝ ամենամեայ համահաւաք-ծաղկեմատոյցն իրականացնելու համար:

Հայոց Ցեղասպանութիւնից 101 տարի անց, ոչ միայն չեն նօսրացրել պահանջատէր հայ ժողովրդի շարքերը, այլեւ համայն հայութիւնն առաւել ջերմեռանդ աշխատնքով ու խուռներամ մասնակցութեամբ է լծւել իր պահանջատիրական սրբազան աշխատանքին, եւ Սպահանի հայոց թեմի մատաղ սերնդի աշակերտական ցոյցը կարելի է այդ խնդրի վառ ապացոյցներից համարել, որն իրականցւեց չորեքշաբթի, ապրիլի 20-ի առաւօտեան ժամը 10:30-ին: Ցոյցը Նոր Ջուղայում սկիզբ առաւ հայոց ազգային կրթահամալիրից՝ աշակերտութեան միասնական շարքով, որին մաս էին կազմել հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանը, «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրը եւ «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցները՝ իրենց ամբողջ աշակերտութեամբ եւ անձնակազմով: Նրանք ընթացան դէպի Ս. Ամենափրկչեան վանքը տանող պողոտաներով, որտեղ բոլոր անցորդներն ականատես եւ ականջալուր եղան խիզախ սերնդի պահանջատիրութեանը՝ դատապարտող պաստառների, վեր բարձրացրած բռունցքների ու վանկարկումների միջոցով: Նոյն անկոտրում կամքով էին ծրագրին մասնակցել նաեւ Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի ու «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների աշակերտներն ու պատասխանատուները եւ ճանապարհի երկարութիւնը չէր խանգարել նրանց՝ միասնական ցոյցին մասնակցելու համար:

Վանքում համախմբւելուն պէս դպրոցականներին միացաւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի եւ թեմի ազգային մարմինների ներկայացուցիչների ընկերակցութեամբ:

Համահաւաքն սկիզբ առաւ Հայոց Ցեղասպանութեան 101-ամեակի ոգեկոչման յանձնախմբի անդամ Մարինէ Մկրտչեանի խօսքով, որից յետոյ դպրոցներն առանձնաբար իրենց ելոյթներն ունեցան՝ օրւան պատշաճ լոզունգներով, ասմունքներով, երգերով ու յատկապէս հայերէն, պարսկերէն եւ անգլերէն լեզուներով աշակերտական խօսքերով, որտեղ ոչ միայն հատուցում էր պահանջւել ցեղասպանից, այլեւ դատապարտւել էր Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մինչեւ օրս կիրառւող հայատեացութեան քաղաքականութիւնը: Ուշագրաւ էին յատկապէս դպրոցների կողմից յուշարձանի մօտ տեղադրւած ծաղկեպսակները, որոնք զարդարւած էին Ծիծեռնակաբերդի պատկերով եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշերով:

Աշակերտական ելոյթներից յետոյ ներկայ հոգեւորականաց դասը կատարեց «Կարգ Բարեխօսական Սրբոց Նահատակացն»-ից հատւած, ապա թեմակալ առաջնորդը փոխանցեց իր հայրական պատգամը: Սրբազան Հայրը կարեւորութեամբ շեշտելով, որ հայ ազգը չի մոռանալու իր նահատակների կանչը եւ չի նահանջելու իր արդար իրաւունքներից, դատապարտեց ցեղասպանի ոճրագործութիւնը եւ ընդգծեց, որ հայ ժողովուրդը երբեք չի յուսահատւել, չի մեռել եւ չի թաղւել, որովհետեւ հաւատացել է Քրիստոսի յարութեանը: Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանն իր խօսքի շարունակութեան մէջ ներկայ աշակերտութեանը յորդորեց՝ մեր արդար իրաւունքների պաշտպանը լինել, սերտել հայոց պատմութիւնը եւ անաղարտ պահել մայրենի լեզուն:

Սրբազան Հայրը նշելով նաեւ, որ հայ ժողովուրդը նոյն միակամ կեցւածքով է պայքարելու ադրբեջանական բարբարոսութիւնների դէմ եւ աշխարհասփիւռ հայութիւնը կանգնած է Արցախում մարտնչող իր հայրենակիցների կողքին, գնահատանքի խօսք ուղղեց հայրենիքը պաշտպանող հերոսներին ու նրանց համար անվտանգ ծառայութիւն խնդրեց Բարձրեալից: Նա իր խօսքի վերջին բաժնում, օրինակ վերցնելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետից, պատգամեց «Միացէ՛ք հայեր» երգի հետեւեալ բառերը՝ «Միացէ՛ք հայեր, միացէ՛ք հայեր, Արցախն է մեզ կանչում օգնութեան հասէք», որից յետոյ բոլորը մէկ ձայն դարձած կատարեցին այս ոգեշնչող երգը:

Ծրագիրն աւարտւեց ծաղիկների մատուցման արարողութեամբ:

Համահաւաքին ներկայ էին գտնւել նաեւ աշակերտութեան ծնողները: Ս. Ամենափրկչեան վանքի թանգարանի այցելուներին նոյնպէս հետաքրքրեց միջոցառումը, ովքեր որպէս հանդիսատես հետեւեցին ծրագրին՝ ներկաներից համապատասխան բացատրութիւններ ստանալով Հայոց Ցեղասպանութեան իրողութեան մասին:

«Ալիք» Օրաօերթի թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան