Իրանի իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձի առթիւ, չորեքշաբթի՝ 2016 թւականի փետրւարի 3-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Հայոց ազգային գերեզմանատանը, Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի նախագահութեամբ եւ թեմի հոգեւորականաց դասի մասնակցութեամբ, Հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում ընկած նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Արարողութեանը ներկայ էին Թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակների հարազատները, Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց դպրոցների ուղեցոյց բաժնի աշակերտներն ու պատասխանատուները եւ ժողովուրդ:

Առանձնաբար Հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց նահատակներ՝ Հենրիկ Տէր-Յովհաննիսեանի, Վարդան Աբրահամեանի, Հրաչ Յակոբեանի, Ռայմոնդ Բաղրամեանի եւ Վրէժ Բաղումեանի շիրիմների մօտ եւ յիշւեց նաեւ Ահւազի հայոց ազգային գերեզմանատանն ամփոփւած նահատակ Մկրտիչ Թովմասեանը: 

Հոգեհանգստեան արարողութիւնների աւարտին, ներկաներին իր պատգամը փոխանցեց գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը՝ բնաբան ունենալով «Տէրը իմ հովիւն է. ես ումի՞ց պէտք է վախենամ» աստւածաշնչական համարը: Գերշ. Սրբազան Հայրը շեշտելով, որ հայրենիքի ամբողջականութեան եւ ազատութեան ճանապարհին իրենց կեանքը նւիրաբերած հերոսների յիշատակը մշտապէս ներկայ պէտք է լինի մեր մտքում եւ առօրեայ կեանքում իբրեւ մեր փառքն ու պատիւը, ասաց, որ մենք նրանց հպարտութեամբ պէտք է յիշենք եւ մեծարենք: Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը խօսքն ուղղելով ներկայ աշակերտութեանը, եւ յիշելով, որ հայ ժողովուրդը նահատակութեան ճանապարհ անցած եւ «նահատակ եկեղեցի» ու «նահատակ ժողովուրդ» կոչումներին արժանացած ազգ է, յորդորեց նրանց՝ հայ քաջ նահատակների ոգով զինւել եւ նրանց տեսիլքով ապրել ու ստեղծագործել:

Թեմակալ առաջնորդն իր խօսքի աւարտին իր, ազգային իշխանութեան եւ հայ ժողովրդի անունից երկրի կրօնապետին, նախագահին, բոլոր պատասխանատուներին եւ համայն ժողովրդին շնորհաւորեց Իրանի իսլամական յեղափոխութեան 37-րդ տարեդարձի առթիւ, միաժամանակ նաեւ մեծ յաղթանակ համարեց Իրանի վերջին ձեռքբերումները՝ միջուկային էներգիայի խնդիրներին առնչւող բանակցութիւնների մէջ:

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)