20 յունիսի 2015

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի կողմից Նոր Ջուղա հրաւիրւած «Փրկութեան քարտէզ» ֆիլմի հեղինակ եւ պրոդիւսեր Մանուէլ Սարիբէկեանը, եւ ստուդիոյի արտաքին կապերի պատասխանատու, իրանագէտ Ժաննա Յակոբջանեանն այցելեցին Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանին: Հանդիպմանը ներկայ էին Թեմի Կրօնական խորհրդի ատենապետ պրն. Վարուժ Մովսիսեանը, խորհրդի անդամ պրն. Սաքօ Տէր Յովհաննիսեանը եւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի անդամ տկն. Արմինէ Սիմոնեանը:

Թեմակալ առաջնորդը ողջունելով հիւրերի ներկայութիւնը, բարձր գնահատեց նրանց կատարած աշխատանքը, լուրջ ձեռքբերում համարելով այն:

 

21 յունիսի 2015

Աշակերտական ճամբարին մասնակցելու նպատակով Նոր Ջուղայում գտնւող Թեհրանի եօթ հայկական դպրոցների տարրական բաժնի աշակերտները, կիրակի օրը ներկայ գտնւեցին Ս. Աստւածածին եկեղեցում մատուցւող սուրբ եւ անմահ Պատարագի արարողութեանը, որից յետոյ մասնակցեցին եկեղեցու սրահում կազմակերպւած հիւրասիրութեանը: Ընդունելութեան ընթացքում աշակերտները հանդէս եկան երգերով ու ասմունքներով եւ արժանացան ներկաների գնահատանքին:

Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանն իր օրհնութիւնը տւեց աշակերտներին՝ յորդորելով նրանց իրենց ուսումը շարունակել նոյն յանձնառութեամբ եւ ջանադրութեամբ:

Թեհրանի աշակերտների խումբը սուրբ եւ անմահ Պատարագի արարողութիւնից յետոյ ներկայացաւ Ս. Ամենափրկչեան վանք, այցելեց «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի»-ի անւան թանգարան: Խումբը վանքի շրջափակում գտնւող նահատակաց յուշարձանի առջեւ աղօթքով, ոգեկոչող երգերով եւ ծաղիկների մատուցմամբ իր յարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

 

24 յունիսի 2015

Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան Սպահանի գրասենեակի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ յունիսի 24-ին, Ս. Ամենափրկչեան վանք այցելեցին Շւէյցարիայի Ցիւռիխ քաղաքի համալսարանի պատմութեան եւ կրօնական դասընթացներին հետեւող աւելի քան 35 ուսանող-ուհիներ, իրենց դասախօս պրոֆեսորի ընկերակցութեամբ:

Վանքի եկեղեցի եւ թանգարան այցելելուց յետոյ, խումբը հանդիպում ունեցաւ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի հետ: Առաջնորդ Սրբազան Հայրը ուրախութիւն յայտնելով համալսարանական ուսանողների ցուցաբերած հետաքրքրութեան եւ այցելութեան կապակցութեամբ, համապարփակ տեղեկութիւն փոխանցեց իրանահայութեան, մասնաւորաբար Սպահանի հայոց թեմի կապակցութեամբ: Նա մատնանշելով Իրանում ապրող հայ համայնքի իրաւունքներն ու հնարաւորութիւնները, այդ ուղղութեամբ կարեւոր համարեց համալսարանական ուսանողութեան տեղեկացւածութիւնը, ինչը նպաստելու է կացութեան արդար գնահատմանը եւ իրավիճակի ճշգրիտ արտացոլմանը:

Թեմակալ առաջնորդն սպառիչ պատասխաններ տւեց ուսանողների եւ նրանց դասախօսի կողմից ուղղւած բոլոր հարցումներին:

 

25 յունիսի 2015

Իրանի եւ Հայաստանի հանրապետութիւնների միջեւ տնտեսական կապերի զարգացման եւ համատեղ ձեռնարկութիւններ մշակելու նպատակով Իրան այցելած Հայաստանի հանրապետութեան Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ պրն. Վարդան Սուրէնի Այւազեանը՝ իրեն ընկերակցող պատւիրակութեան հետ ներկայացաւ Ս. Ամենափրկչեան վանք: Խումբն այցելեց «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի»-ի անւան թանգարան: Պրն. Այւազեանն իր հիացմունքը յայտնեց նման հաստատութիւնների գոյութեան եւ նրանց պահպանման համար հայ համայնքի ու ազգային իշխանութեան աշխատանքների կապակցութեամբ:

Պատւիրակութիւնը Ս. Ամենափրկչեան վանքի Ծաղկեայ դահլիճում ներկայացաւ թեմակալ առաջնորդ. գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանին: Հանդիպմանը ներկայ էին Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ պրն. Վարուժ Մինասեանը, Թեմական խորհրդի ատենապետ պրն. Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ Կրօնական խորհրդի ատենապետ պրն. Վարուժ Մովսիսեանը:

Թեմակալ առաջնորդը ողջունեց հայրենքից ժամանած հիւրերին, նշելով, որ Իրան-Հայաստան բազմակողմանի յարաբերութիւնների զարգացումը նպաստելու է Հայաստանի հանրապետութեան կայունութեանը, որը միաժամանակ իր դրական անդրադարձն է ունենալու տարածաշրջանի կացութեան վրայ: Առաջնորդ Սրբազան Հայրը մատնանշելով Իրանի իսլ. հանրապետութեան բարեացակամ եւ շինիչ մօտեցումը հայութեանը վերաբերող հարցերի եւ մշակութային ժառանգութեան պահպանման նկատմամբ, շեշտեց, որ հակառակ Հայաստանը շրջապատող որոշ երկրների ոչ-բարեացակամ մօտեցումներին, Իրանը միշտ զօրավիգ է կանգնել Հայաստանին:

Պրն. Այւազեանը Իրան-Հայաստան յարաբերութիւնները դրական գնահատելով նշեց, որ դեռեւս մեծ հնարաւորութիւններ եւ միջոցներ կան երկուստեք կապերն առաւել ամրացնելու եւ զարգացնելու գծով, որի համար դրական են տրամադրւած նաեւ Իրանի պատասխանատու մարմինները: Պրն. Այւազեանը շեշտեց, որ Իրան-Հայաստան կապերի ամրապնդմանն ու զարգացմանը մեծապէս նպաստել է Իրանում ապրող հայ համայնքը, որը տակաւին մեծ անելիքներ ունի այդ ուղղութեամբ: Նա կոչ ուղղեց իրանահայ համայնքին նոյն նախանձախնդրութեամբ շարունակել իր բարի առաքելութիւնը:

Վերջում ազգային իշխանութեան կողմից յուշանւէր յանձնւեց պրն. Վարդան Այւազեանին: