Չորեքշաբթի՝ թւականիս մայիսի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայ Մ.Մ. «Արարատ» միութեան կենտրոնական վարչութիւնն ընդունեց Հայաստանի հաշմանդամների «Փիւնիկ» միութիւն հասարակական կազմակերպութեան բասկետբոլի հաւաքականի անձնակազմին, ովքեր մասնակցել էին մայիսի 11-ից 15-ը Սպահանում կայացած Սպահանի քոյր քաղաքների երկրորդ միջազգային բասկետբոլի մրաշարին: Մուտքի մօտ նրանց դիմաւորեցին կենտրոնական վարչութիւնը եւ Մարզական միաւորի վարչակազմը: Պահը յուզիչ էր եւ տպաւորիչ, երբ մարզիկներն արժանացան նաեւ միութեան բակում ներկաների ջերմ ընդունելութեանը, ովքեր բարեմաղթանքներով ու խմբական երգերով եւ «Կեցցէ Հայաստանը, կեցցէ Արցախը» բացականչութիւններով դիմաւորեցին նրանց:

Մարզիկները հիւրընկալների ուղեկցութեամբ այցելեցին մարզասրահ, որտեղ մարզւում էին միութեան բասկետբոլիստները: Ապա ընթրիքի սեղանի շուրջ ողջոյնի եւ բարի-գալստեան խօսք ասաց՝ Միութեան կենտրոնական վարչութեան նախագահ պրն. Մասիս Մինասեանը եւ ողջունեց Սպահանում կայացած միջազգային բասկետբոլի մրաշարին նրանց մասնակցութիւնն ու ներկայութիւնը միութեան յարկի տակ։

Խօսեց խմբի ղեկավար Յակոբ Աբրահամեանը: Նա շնորահակալութիւն յայտնելով հիւրընկալութեան եւ Նոր Ջուղայի հայութեան ջերմ վերաբերմունքի համար, իր տպաւորութիւնները կիսեց ներկաների հետ եւ բացադրութիւններ փոխանցեց խմբի մասին: Ապա՝ կենտրոնական վարչութեան քարտուղար Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը անդրադարձաւ Նոր Ջուղայի ամփոփ պատմականին եւ համայնքում գործող ազգային կառոյցներին եւ միութեան ընդհանուր դրւածքին եւ կատարւող աշխատանքներին:

Ընթացքում եղան արտայայտութիւններ ու երգեր, իսկ յուզիչ եւ գեղեցիկ պահ եղաւ, երբ միութեան շրջափակում գտնւող մի խումբ երեխաներ մօտեցան հիւրերին եւ իրենց ուրախութիւնն ու անխառն զգացմունքները յայտնեցին՝ համակրանքի գեղեցիկ գրութիւններով, որոնք ամենայն ուրախութեամբ ընդունւեցին մարզիկների կողմից: Վերջում հաւաքականի մասնակցութեան խորհրդանիշի վրայ ստորագրեցին անձնակազմը եւ որպէս յուշանւէր յանձնեցին Կենտրոնական վարչութեանը: