Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած՝ իրանահայ 27-րդ Գարնանային խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը մեկնարկեց հինգշաբթի՝ Մարտի 19-ի ժամը 15:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի բակում վեր խոյացած Ապրիլեան Եղեռնի մէկուկէս միլիոն նահատակների յիշատակը յաւերժացնող յուշակոթողի մօտ, ուր  յատուկ արարողութեամբ, Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ՝ Տ. Բաբգէն Արք. Չարեանը խորհրդանշական ջահը վառեց   յուշարձանի անմար կրակով եւ այն օրհնելուց յետոյ՝ յանձնեց  ջահակիր խմբին, ովքեր ներկայացնում էին երկրի մակարդակում յաջողութիւն արձանագրած բասկետբոլիստուհիներ՝ Սարա Ներսիսեանը, Սելին Խոջամալը, Անայիս Խուդավերդեանը, Մանէ Յովսէփեանը, Անիա Թորոսեանը եւ Մոտօ քրաս (Moto Cross)  մարզաճիւղի ախոյեան Արմոնդ Բեգիջանեանը, ում գլխաւորութեամբ  ջահը  վազքով փոխադրւեց Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային "Արարատ" Միութեան կենտրոնատեղի:

Ժամը 19:30-ին, ներկայութեամբ Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի, Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ՝ Տ. Բաբգէն Արք. Չարեանի,  Թեհրանի եւ Սպահանի պաշտօնական հայ եւ պարսիկ հրաւիրեալների, մարզական պատւիրակութիւնների եւ հոծ բազմութեան տեղի  ունեցաւ բացման հանդիսութիւնը:

Հանդիսութիւնը բացւած յայտարարւեց  հանդիսավարուհի Մանիա Ղուկասեանի  հայերէն եւ պարսկերէն ողջոյնի եւ բացման  խօսքով, ապա Միութեան Սկաուտական միաւորի Արի-արենուշական հատւածի եւ Երէց փաղանգի ներկայացուցիչների  մասնակցութեամբ կատարւեց դրօշակի արարողութիւն եւ ներկաների յոտնկայս ունկնդրութեամբ հնչեց Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգը: Յաջորդիւ ներկաների ծափողջոյնների ներքոյ տեղի ունեցաւ մարզիկների շքերթը մասնակցութեամբ՝ Թեհրանի Հայ Մշակութային "Արարատ"կազմակերպութեան (Հ.Մ.Ա.Կ), Հայ Մարզա-մշակութային Սիփան միութեան, Հայ Ուսումնասիրաց "Չհարմահալ" միութեան, Հայ Մ. "Րաֆֆի" համալիրի, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի եւ Ուրմիոյ մասնաճիւղերիի, Նոր  Ջուղայի Հայ Մ. Մ. "Արարատ" միութեան եւ Շահինշահրի մասնաճիւղի մարզական պատւիրակութիւնների:

Արտայայտութիւնների բաժնում ելոյթ ունեցան Հայ Մ. Մ. "Արարատ" Միութեան Կենտ. Վարչութեան նախագահ Մասիս Մինասեանը, ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ Թեմիս Թեմակալ Առաջնորդը:

Մթնոլորտն առաւել խանդավառւեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը խորհրդանշող Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիրի "Արմէն" տարրական երկսեռ դպրոցի 100 աշակերտ-ուհիների մուտքով, որոնք ջերմ ընդունելութիւն գտան հանդիսատեսի կողմից: Ջահակիր խումբը սրահ մուտք գործելուց յետոյ ջահը յանձնեց ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանին, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Նոր Ջուղայի Կենտրոնական յանձնախմբի նախագահ, Թեմիս թեմակալ առաջնորդ Տէր Բաբգէն Արք. Չարեանին եւ նոյն յանձնախմբի ու Սպահանի Հայոց թեմի Թեմական Խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանին, ում ձեռամբ բոցավառւեց իրանահայ Գարնանային 27-րդ խաղերի ջահը:

Ծրագրի շարունակութեան մէջ պարսիկ հրաւիրեալներին ուղղած իր պատգամը փոխանցեց ԻԻ խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, իսկ յաջորդիւ տեղի ունեցաւ իրաւարար կազմի եւ մարզիկների երդման կարգը՝ Անգինէ Խաչատրեանի եւ Միրօ Ղազարեանի միջոցով:

Գեղարւեստական բաժնում Միութեան Մշակութային միաւորի "Կռունկ"  համոյթը  Պարոյր Սեւակի  "Եռաձայն պատարագ"-ի ասմունքի ներքոյ ներկայացրեց Մեծ Եղեռնի հետեւանքով գաղթի ճամբան բռնած  արեւմտահայութեանը եւ ցեղասպանութիւնից  փրկւած, յոյսով ու հաւատքով լեցուն  հայութեանը, նրանց վերապրելու կամքը եւ վերածնունդը: "Ուր էիր Աստւած" երգի  ներքոյ, պարախմբի միջոցով բեմականացւեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի խորհրդանիշ "Անմոռուկ" ծաղիկը, որին յաջորդեց "Տաս միլիոն հայ ենք մենք" երգի կատարումը Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի "Կոմիտաս" երգչախմբի  երիտասարդական խմբի կատարմամբ: Գեղարւեստական բաժինը եզրափակւեց ազգագրական պարով:

Բացման հանդիսաւոր արարողութիւնը աւարտւեց  հրավառութեամբ:


Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան