Երկուշաբթի՝ 2015 թւականի փետրւարի 23-ի յետմիջօրէի ժամը 1:30-ին, Սպահանի «Արւեստագէտների տան» շրջափակում, բազմահազար մարդկանց ներկայութեամբ տեղի ունեցաւ կինօքննադատ, ռեժիսոր, հեղինակ, դասախօս եւ Նոր Ջուղայի հարազատ զաւակ Զաւէն Ղուկասեանի հրաժեշտի արարողութիւնը:

Հոծ բազմութեան շարքերում, ծրագրին ներկայ էին հանգուցեալի հարազատները, Իրանի իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բեգլարեանը, Սպահանի Հայոց թեմի ազգային իշխանութեան եւ Հայ դատի յանձնախմբի ու հայ համայնքի ներկայացուցիչները, Սպահանի նախկին նահանգապետ Ալիռեզա Զաքեռ-Էսֆահանին, Սպահանի եւ Իրանի այլ քաղաքներից ժամանած արւեստագէտներ, կինոյի եւ հեռուստատեսութեան ռեժիսորներ, դերասաններ եւ հանգուցեալի ուսանողները:

Զաւէն Ղուկասեանի ուսանողները ճերմակ ժապաւէն կրելով եւ մէկ կարմիր վարդով մասնակցում էին հրաժեշտի արարողութեանը:

Ծրագրում ընդգրկւած էին մի շարք խօսքեր: Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի եւ հայ համայնքի անունից արտայայտւեց Թեմական խորհրդի անդամ տկն. Քառոլին Դիլանչեանը՝ խորը վիշտ յայտնելով եւ ծանր կորուստ համարելով Զաւէն Ղուկասեանի մահը հայ համայնքի եւ Իրանի արւեստասէրների համար: 

Յաջորդիւ հերթաբար արտայայտւեցին Սպահանի Իսլ. Առաջնորդութեան եւ մշակոյթի հիմնարկի կինոյի բաժնի տնօրէնի տեղակալ Աղայանզադէն, «Կինոյի տան» տնօրէն Մոհամմադ Մեհդի Ասքառփուռը, «Ֆաջր» ֆիլմի փառատօնի տնօրէն Ալիռեզա Ռեզադադը, փաստագրական ֆիլմերի ռեժիսոր Մոհամմադ Ռեզա Ասլանին, Սպահանի Արւեստից հիմնարկութեան տնօրէն Մեհդի Սէյեդնիան, ով ի միջի այլոց իր խօսքերի մէջ յայտարարեց, որ մօտ ապագայում հանրութեանը ներկայացւելու է Զաւէն Ղուկասեանի հեղինակած գիրքը՝ Սպահանի կինոյի վերաբերեալ, խօսեց դերասան Հուշանգ Հառիռչեանը, արտայայտւեց եւ հանգուցեալին մի երգ ձօնեց դասական երաժշտութեան վարպետ Շահզէյդին:

Հրաժեշտի արարողութիւնից յետոյ հանգուցեալ Զաւէն Ղուկասեանի դին փոխադրւեց Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցի: Բազմութիւնը «Արւեստագէտների տան» շրջափակից մինչեւ Սպահանի «Խաջու» կամուրջը լռութեամբ հետեւեց հանգուցեալի դիակը տեղափոխող դիակառքին, որի առջեւից քայլում էին հանգուցեալի հարազատներն ու Ազգային իշխանութեան ներկայացուցիչները, իսկ դիակառքին հետեւում էին հազարաւոր սգակիրներ: Այնուհետեւ «Խաջու» կամուրջից ներկաները նախատեսւած հանրակառքերով տեղափոխւեցին Ս. Աստւածածին եկեղեցի: Եկեղեցական արարողութեանը, որը նախագահում էր Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանը, ներկայ գտնւեցին Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Ասառզադեգանը եւ Միաստւածեան կրօնների գրասենեակի պետ հօջաթօլէսլամ դկտր. Առզանին:

Զաւէն Ղուկասեանի յուղարկաւորութեան արարողութեան աւարտին առաջնորդ Սրբազան Հայրը ներկայացնելով հանգուցեալի կենսագրականը, խօսեց յաւիտենական կեանքի մասին, շեշտելով, որ Յիսուս Քրիստոսը, Իր խոստումի համաձայն, Իրեն հաւատացողների համար տեղ է պատրաստել Երկնքի արքայութեան մէջ, որին հասնելը հնարաւոր կը լինի միայն հաւատով, իսկ մահով ոչ թէ վերջանում է ամէն ինչ, այլ՝ այն դուռը եւ սկիզբն է յաւիտենական կեանքի, որի համար կարեւորն այն է թէ՝ ինչպէս ապրենք այս երկրաւոր կեանքում:

Գերշ. Սրբազան Հայրը վեր հանելով հանգուցեալի ծառայական կեանքի արժէքներն ու կարեւորութիւնը, նշեց, որ Զաւէնը Ղուկասեանը հաւատաց Աստծուն, չպարփակւեց ինքն իր մէջ եւ ի վերուստ իրեն տրւած շնորհքն ու կարողութիւնը մատուցեց ուրիշներին, բացւեց արւեստի կինօաշխարհին եւ իր էութիւնից ու ժամանակից տւեց ինչ որ կարող էր, յարգանք վայելեց, հայութեան անունը բարձր պահեց ու այսօր եւ դեռ երկար տարիներ նրա անունը կը յիշւի կինօաշխարհի եւ Իրանի մէջ, որի փաստն է յուղարկաւորութեան արարողութեանը եւ հրաժեշտի այս պահին ներկայ գտնւող բազմութիւնը, ինչը հաստատում է նաեւ այն խօսքը թէ՝ կեանքում ինչ որ տրւում է ուրիշին՝ այն է յաւերժականը եւ աւելի քաղցրացած վերադառնում մարդուն:

Թեմակալ առաջնորդն իր  խօսքի աւարտին շնորհակալութիւն յայտնեց պետական բարձրաստիճան պատասխանատուներին՝ արարողութեանը ներկայ լինելու համար եւ Ազգային իշխանութեան անունից ցաւակցութիւն յայտնեց հանգուցեալ Զաւէն Ղուկասեանի բոլոր հարազատներին ու բարեկամներին՝ այդ անդառնալի կորստի համար:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, եկեղեցու բակում Ազգային իշխանութեան անունից հայերէն եւ պարսկերէն լեզուներով դամբանական խօսք ընթերցեց տկն. Քառոլին Դիլանչեանը: Նա իր խօսքի մէջ անդրադառնալով հանգուցեալի իւրայատկութիւններին՝ ասաց. «Նրան կարելի է համարել մեր համայնքի դեսպանը կինոյի ոլորտում, ով  մեծ ժառանգութիւն ստանալով իր արմատներից ու ծննդավայրից, այն արտացոլեց իր արւեստում դառնալով այդ հոգեմտաւոր արժէքների թարգմանը: Հենց դրա արդիւնքում ծնւեցին նրա փաստագրական ֆիլմերը՝ նւիրւած Ջուղայի անւանի նկարիչներին եւ Նոր Ջուղայի դպրոցներին: Զաւէնը ապրեց անանձնական կեանքով: Անշահախնդիր եւ  անմնացորդ նւիրւեց իր աշխատանքին, սիրտ ու հոգի ներդնելով իր ամբողջ գործերում: Քննադատութիւնների մէջ եղաւ անաչառ ու ազնիւ, աշխատանքում գործունեայ եւ էներգիայով լեցուն, իսկ բնաւորութեամբ ջերմ ու սիրալիր:  Մինչեւ իր կեանքի վերջին պահերը չկորցրեց իւրայատուկ իր լաւատեսութիւնը, որով նա  երկար տարիներ յոյս ու հաւատ էր ներշնչել բոլորին»:

Յաջորդիւ արտայայտւեցին հանգուցեալի մօտիկ գործակիցներից եւ նրա ուսանողներից մէկական անձ:

Յուղարկաւորութեան արարողութիւնից յետոյ, հանգուցեալ Զաւէն Ղուկասեանի դին տեղափոխւեց Հայոց գերեզմանատուն, եւ բազմահազար ժողովրդի ներկայութեամբ ամփոփւեց իր ծնողների շիրիմների կողքին: Թաղման կարգը կատարեցին Թեմի քահանայից եւ դպրաց դասերը:

Հողը թեթեւ իջնի նրա աճիւնների վրայ...: