18 ապրիլ 2013

ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՅԹ

Հինգշաբթի՝ 2013 թւականի ապրիլի 18-ի երեկոյեան, Ապրիլեան Մեծ Եղեռնի 98-ամեակի Ոգեկոչման Շահինշահրի Յանձնախումբը ապրիլեան նահատակների յիշատակին կազմակերպել էր շախմատի եւ սեղանի թենիսի մրցութիւններ:

Մարզաշարի բացմանը ներկայ էին Շահինշահրի հոգեւոր հովիւ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան անդամները, մասնակից մարզիկներ եւ մեծ թւով հայորդիներ:

Մրցութիւնների բացման առթիւ Յանձնախմբի անունից բացման խօսք ներկայացրեց տկն. Մառիթա Սարեանը: Նա սկզբում բոլոր ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ լռութեամբ յոտնկայս յարգել ապրիլեան անմեղ նահատակների յիշատակը, ապա ակնարկելով վայրագ թուրքի մտադրութիւններին՝ հայ ժողովրդի ոչնչացման եւ բնաջնջման վերաբերեալ, շեշտեց, որ 21-րդ դարում բոլոր հայորդիները, թէ՛ Հայրենիքում եւ թէ՛ Սփիւռքում զգաստ, արթուն ու ամուր կանգնած են՝ պաշտպանելու իրենց իրաւունքները, իսկ յատկապէս հայ մարզիկները միջազգային մրցաբեմերում իրենց յաջողութիւններով պատիւ, վեհութիւն եւ առաւել մեծ յաղթանակ են պարգեւում հայութեանը: Տկն. Սարեանը մրցոյթներին մասնակիցած անձանց յաջողութիւն մաղթեց, ապա խօսքը փոխանցեց Յանձնախմբի նախագահ պրն. Ջանիկ Թահմազեանին, որն իր հերթին շնորհակալական եւ յաջողութիւնների խօսքեր ուղղեց մարզիկներին:

Յաջորդիւ հոգշ. Հայր Սուրբն իր պատգամը փոխանձեց՝ ասելով. «Ուրախութիւն եւ պատիւ է մեզ համար, ապրիլեան այս օրերին ոգեկոչել մեր նահատակների արեան կանչը, աղօթել նրանց հոգիների համար, նաեւ պահանջել մեր արդար դատը»: Հոգշ. Հայր Սուրբը գնահատեց Յանձնախմբի սկսած աշխատանքները՝ միջոցառումների կազմակերպման վերաբերեալ եւ մարզական խաղերի կապակցութեամբ մտայղացումը: Նա գնահետեց մասնակցած մեծ թւով երիտասարդ-ուհիներին, ովքեր այսպիսով՝ առողջ մթնոլորտում իրենց յարգանքի տուրքն են մատուցում ապրիլեան անմահ նահատակներին: Նա շարունակելով իր խօսքը, շեշտեց, որ պարտք է հայ երիտասարդներին՝ նախ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնն իր ամբողջութեամբ, ապա ճանաչեցնել այն վայրագ թուրքին: Հոգշ. Հայր Սուրբն իր խօսքն ուղղեց երիտասարդներին՝ ասելով. «Մենք մեր միասնականութեամբ պէտք է ցոյց տանք թուրքին, որ 98 տարիներ յետոյ նոյնիսկ չենք մոռացել, ընդերկար չենք մոռանալու մեր նահատակներին եւ վճռակամօրէն պահանջելու ենք մեր հողերը: Մեր նահատակների վրէժը լուծելու ենք մեր կեանքն գնով, գործով, միասնականութեամբ եւ մասնակցութեամբ»: Ապա Հայր Սուրբն իր աղօթքը բարձրացրեց առ Աստւած՝ իւրաքանչիւր նահատակի հոգու խաղաղութեան համար, եւ փառք տւեց Աստծուն՝ հայ ծնւելու, հայ սնւելու եւ հայ ապրելու համար:

Ծրագրի բացման արարողութիւնից յետոյ սկսւեց մարզական մրցաշարը: Շախմատի մրցութեանը մասնակցում էին թւով 11 աղջիկ եւ տղաներ՝ Վանէ Սահակեանը, Նորվան Թահմազեանը, Թէոդիկ Աւանէսեանը, Լէոնի Դանիէլը, Շիրակ Հախնազարեանը, Արգին Խուդավերդեանը, Գեղարդ Թահմազեանը, Մելիսա Խանմելիքեանը, Նելի Դանիէլը, Նարէ Մարկոսեանը, Էրիկ Դանիէլը: Մրցութեան ընթացքին հետեւում էր Յանձնախմբի անդամ եւ շախմատիստ Անաշէ Բաբումեանը: Մասնակիցներն աւելի քան 2 ժամ մրցեցին, որի արդիւնքում Թէոդիկ Աւանէսեանը գրաւեց առաջին տեղը, Լէոնի Դանիէլը, Արգին Խուդավերդեանը եւ Շիրակ Հախնազարեանը՝ երկրորդ տեղը, իսկ Գեղարդ Թահմազեանը եւ Մելիսա Խանմելիքեանը գրաւեցին երրորդ տեղը:

Հայոց դպրոցի միւս սրահում, սեղանի թենիսի մրցութեանը մասնակցում էին թւով 16 մարզիկ-ուհիներ՝ Արին Քեշիշեանը, Շիրակ Հախնազարեանը, Զաեա Ռաշան, Յովակ Թահմազեանը, Ադրիան Ծառուկեանը, Համո Քամարզարեանը, Էնրիքօ Զէյնալեանը, Զարէ Մարկոսեանը, Մասիս Մանուկեանը, Էդւին Փիլոսեանը, Սաքօ Խաչատրեանը, Հելէն Նալբանդեանը, Մառինա Մանասէրեանը, Հերմինէ Մանուկեանը, Ռոզանա Նալբանդեանը եւ Ալիս Մանուկեանը: Աշակերտական բաժնում Արին Քեշիշեանը գրաւեց առաջին տեղը, Շիրակ Հախնազարեանը՝ երկրորդ եւ Զաեա Ռաշան՝ երրորդ տեղերը: Տիկնանց բաժնում առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը գրաւեցին հերթաբար օրդ. Հելէն Նալբանդեանը, տկն. Մառինա Մանասէրեանը եւ տկն. Հերմինէ Մանուկեանը, իսկ երէց տղամարդկանց բաժնում Զարէ Մարկոսեանը գրաւեց առաջին տեղը, Մասիս Մանուկեանը՝ երկրորդ եւ Էդւին Փիլոսեանը՝ երրորդ տեղերը:

 

19 ապրիլ 2013

ՇՐՋԱԳԱՅՈՒԹԻՒՆ

Ապրիլեան Մեծ Եղեռնի 98-ամեանկի Ոգեկոչման Շահինշահրի Յանձնախումբը ուրբաթ՝ ապրիլի 19-ի առաւօտեան, կազմակերպել էր շրջագայութիւն՝ դէպի Ն. Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանք:

Յանձնախմբի այս մտայղացմանն ընդառաջեցին Շահինշահրի համայնքի շուրջ 50 անձինք՝ մեծահասակ եւ պատանի, որոնց ընկերակցում էին Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան եւ Յանձնախմբի անդամները: Նրանք, հետաքրքիր զուգադիպումով, առաւօտեան ժամը 10-ին, մասնակցեցին Ս. Ամենափրկչեան Վանքի Յովսէփ Արեմաթացի եկեղեցում Սպահանի Հայոց Թեմի 15-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի անդրանիկ նիստի առթիւ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չանրեանի նախագահութեամբ, Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա Վրդ. Գուճանեանի եւ հոգեւորականաց դասի, նորընտիր պատգամաւորների եւ ազգային մարմիների ներկայացուցիչների մասնակցութեամբ մատուցւող բացման աղօթքին եւ յաջորդիւ՝ Մեծ Եղեռնի Յուշարձանի առջեւ ծաղկեմատոյցին:

Տպաւորիչ ծրագրից յետոյ, խումբն առանձնաբար այցելեց Ս. Ամենափրկչեան Վանքի Յովսէփ Արեմաթացի եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի» անւան թանգարան:

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

Ուրբաթ՝ ապրիլի 19-ի երեկոյան, Ապրիլեան Մեծ Եղեռնի 98-ամեակի Ոգեկոչման Շահինշահրի Յանձնախումբը կազմակերպել էր երիտասարդական կլոր սեղան: Ծրագրին ներկայ էին Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Շահինշահրի Հայ Համանյքի Վարչութեան, Ոգեկոչման Յանձնախմբի եւ համայնքի անդամներ եւ բազմաթիւ երիտասարդներ:

Ծրագրի բացումը կատարեց Յանձնախմբի նախագահ պրն. Ջանիկ Թահմազեանը՝ շնորհակալական խօսքեր ուղղելով ներկաներին՝ մասնակցութեան համար, ապա ներկայացրեց եւ հրաւիրեց օրւայ դասախօս երիտասարդ-ուհիներին՝ իրենց պատրաստած նիւթերը փոխանցելու համար:

Համայնքի երիտասարդներից չորսը կլոր սեղանի դասախօսութիւնները ներկայացրին ըստ հետեւեալի.

* Անի Մինասքանեանն ուսումնասիրութեան էր ենթարկել 19-րդ դարի վերջաւորութեանը եւ 20-րդ դարի սկզբում Արեւմտեան Հայաստանում տիրող պատմական իրավիճակը, յատկապէս Թուրքիոյ միջոցով հայութեան դէմ կիրառւած անմարդկային բռնութիւններն ու սպանդները մինչեւ Ցեղասպանութեան իրականուցումը, ապա միայն թղթի վրայ մնացած հայոց իրաւունքների սահմանումը:

* Արիս Դաւթեանը ներկայացնելով «Թուրքիայում ապրող հայրերը» նիւթը, պարզ եւ ընկալելի կերպով բացատրեց Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում զանազան ձեւերով տարբեր բնակավայրերում յարատեւող հայերի մասին, խօսելով «պաշտօնական», «իսլամացած (համշենահայեր)», «քրդացած» եւ «ծպտեալ» հայերի մասին՝ հետաքրքիր մանրամասութիւններ փոխանցեց նրանց ապրելակերպի եւ հայկականութեան նկատմամբ այս խմբաւորումների կեցւածքի եւ կապւածութեան վերաբերեալ, փոխանցելով Թուրքիոյ եւ Արեմտահայաստանի մէջ տարածւած ու տակաւին իրենց իսկական ազգութեանը կառչած «հայերի» կարեւորութեան, առանձնայատկութիւնների եւ ծաւալած աշխատանքների մասին տեղեկութիւններ:

* Վահէ Թահմազեանը կենտրոնանալով «Հայ Դատի ձեռքբերումները» նիւթի շուրջ, խօսեց բազմակողմանի յաջողութիւնների եւ Հայ Դատի արդար ու ամբողջական լուծման ուղղութեամբ տարւած ու տարւող աշխատանքների մասին՝ մատնանշելով բոլոր այն յաղթական նւաճումները, որ կատարւել են զանազան երկրներում եւ բազմազան ատեաններում:

* Գեղարդ Թահմազեանը շօշափելով «Ներկայ մարտահրաւէրները» նիւթը, գեղեցիկ կերպով ներկայացրեց բոլոր այն հրամայականները, որոնք պէտք է իւրաքանչիւր հայի ուշադրութեան կենտրոնը լինեն եւ Հայ Դատի լուծման ուղղութեամբ աշխատող բոլոր հայ կազմակերպութիւնների աշխատանքների առանցքը հանդիսանան:

Իւրաքանչիւր նիւթի ներկայացումից յետոյ ներկաների միջոցով հարցումներ ուղղւեցին երիտասարդ դասախօսներին, ովքեր փորձեցին բաւարար պատասխաններ տալ նրանց:

Ձեռնարկի աւարտին հրաւիրւեց հոգշ. Հայր Սուրբը՝ իր պատգամը փոխանցելու բոլորին: Նա իր հրճւանքն ու գոհունակութիւնը յայտնեց Հայոց Ցեղասպանութեան 98-ամեակի ոգեկոչման աշխատանքների ծիրում համանքի երիտասարդների գործօն մասնակցութեան համար եւ վստահութիւն յայտնեց, որ եթէ համատեղ, միասնական եւ գիտակից այս կեցւածքով շարունակւեն պահանջատիրական աշխատանքները, յաջողութեամբ եւ արդարութեամբ են պսակւելու դրանք՝ մեզ բերելով Հայ Դատի արդար լուծման:

 

21 ապրիլ 2013

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՄՐՑՈՒԹԻՒՆ

Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման աշխատանքների շարանում, կիրակի՝ ապրիլի 21-ի երեկոյան, Շահինշահրի Հայոց Ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում կազմակերպւել էր գիտելիքների մրցութիւն, որին իրենց մասնակցութիւնն էին բերել հայոց դպրոցի աշակերտ-ուհիները: Աշակերտներին մեծ ուրախութիւն պարգեւեց Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի եւ Նոր Ջուղայի հոգեւորականաց դասի այցելութիւնը:

Ծրագրին ներկայ էին նաեւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Ապրիլեան Եղեռնի 98-ամեանկի Ոգեկոչման Շահինշահրի Յանձնախմբի անդամները, Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան ներկայացուցիչները եւ աշակերտների ծնողներն ու հարազատները:

Ծրագրի բացումը կատարեց տկն. Մառիթա Քեշիշեանը՝ բարի գալստան խօսքեր ասելով բոլորին, նշելով, որ թէեւ աշակերտները գտնւում են դպրոցական քննութիւների եղանակին, սակայն ոչ մի բան չխանգարենց նրանց որպէսի հաստատակամօրէն մասնակցեն այս մրցութիւններին, ապա յոյս ունենալով որ կը լինի աշխոյժ մրցակցութիւն, մասնակիցների համար յաջողութիւն ցանկացաւ:

Օրւայ մրցութեան համար իրաւարար խումբ էին նշանակւել հայոց դպրոցի ուսուցչուհիներից տկնյք. Մառիթա Քեշիշեանը, Անահիտ Այւազեանը, Քարմէն Մատթէոսեանը եւ Վարդուհի Պօղոսեանը:

Մրցութեանը մասնակցել էին տարրկան բաժնից Սեւանա, Մասիս, Արցախ, Վան եւ Արարատ, իսկ ուղեցոյց բաժնից Արծիւներ եւ Սեւան խմբերը: Իւրաքանչիւր խումբ ընդգրկում էր երեքական աշակերտ: Մրցակցութիւնը կազմակերպ եւ հետաքրքիր կերպո տեղի ունեցաւ երեք փուլերով: Աշակերտ-ուհիների պատրաստւածութիւնը մեծ ուրախութիւն պատճառեց թէ՛ ուսուցիչներին եւ թէ՛ ծնողներին:

Ծրագրի ընդմիջումին, տկն. Մառիթա Քեշիշեանը հրաւիրեց գերշ. Սրբազան Հօրը՝ իր հայրական օրհնանքը փոխանցելու աշակերտներին եւ ներկաներին: Գերշ. Սրբազան Հայրն իր ուրախութիւնը յայտնեց ծրագրի կազմարկերպման եւ աշակերտութեան մասնակցութեան առթիւ, նշելով. «Ապրիլ ամիսը մեր ժողովրդի համար անմոռանալի ամիս է եւ ո՛չ թէ լացի ու սգոյ ամիս. այն պահանջատիրական պայքարի առիթ է, եւ որքան մեր աշակերտները գիտակից ու մեր պատմութեամբ հարստացած լինեն եւ լաւ իմանան այն, անցեալից դասեր քաղեն եւ հայերէն լեզուն լաւապէս սերտեն, այնքան առողջ են ապրելու ներկան եւ ապագան կերտելու են մեծ յոյսերով»: Վերջում Առաջնորդ Սրբազն Հայրը յաջողութիւն եւ բարի երթ մաղթեց մասնակից աշակերտ-ուհիներին:

Մրցութեան աւարտին իրաւարար խումբն արդիւնքները ներկայացնելով՝ տարական բաժնում առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը գրաւած յայտարարեց հերթաբար Արցախ, Արարատ եւ Սեւանա խմբերին, իսկ ուղեցոյց բաժնում յաղթող խումբ ճանաչեց Սեւան խմբին:

Յաղթող խմբերը պարգեւատրւելու են Ոգեկոչման առթիւ կազմակերպւած բուն ձեռնակի ընթացքում:

Յանձնախմբի կողմից պատրաստւել էր համեստ հիւրասիրութիւն:

 

22 ապրիլ 2013

ՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ ԵՒ ՁԵՌԱՐՒԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

Երկուշաբթի՝ ապրիլի 22-ի երեկոյան, Շահինշահրի Հայոց Ազգայն «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, տեղի ունեցաւ նկարչութեան եւ ձեռարւեստի ցուցահանդէս՝ Հայոց Ցեղասպանութեան թեմայով, որին ներկայ էին Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան եւ Ոգեկոչման Յանձնախմբի անդամներն ու զգալի թւով համայնքի անդամներ:

Ցուցահանդէսի բացումը կատարւեց հոգշ. Հայր Սուրբի եւ Ոգեկոչման Յանձնախմբի նախագահ պրն. Ջանիկ Թահմազեանի ձեռամբ: Սրահի պատերը ծածկւած էին աշակերտ-ուհիների եւ համայնքի երիտասարդների նկարած պատկերներով. բոլորը ինչ որ կերպ իրենց զգացումները թղթին յանձնելով՝ նկարագրել էին վայրագ թուրքին, մեր անմեղ ժողովրդին՝ Սուրիոյ աւազների վրայ, Արարատ լեռը եւ մեր եռագոյն դրօշը: Բոլորը խորհրդաւոր էին եւ յուզիչ. երբ դիտում ես այդ նկարչութիւնները, մի պահ ոգեւորւածութեամբ եւ յոյսով լցւած մտածում ես՝ դեռ կան սերունդներ, որ պահանջատէր են մեր արդար իրաւունքների նկատմամբ եւ ուրախանում ես, որ նրանք անտարբեր չեն Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ:

Յանձնախումբը պատրաստել էր յուշատետր, որպէսզի ցուցահանդէս այցելողներն իրենց զգացումները եւ մտածումները գրեն Եղեռնի եւ ձեռնարկի մասին. տետրը լցւեց բազմաթիւ յուշագրութիւններով:

 

23 ապրիլ 2013

ՀՍԿՈՒՄԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ԾԱՂԿԵՄԱՏՈՅՑ

Ապրիլի 23-ի երեկոյան, Շահինշահրի Հայոց Ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի բակում կառուցւած Ապրիլեան Եղեռնի Յուշարձան-Խաչքարի առջեւ ի մի եկած հայորդիներ, նախ մասնակցեցին Հոգեհանգստեան արարողութեանը, որը կատարւեց Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի գլխաւորութեամբ, հոգեւոր հովիւ արժն. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի մասնակցութեամբ եւ Շահինշահրի «Նարեկ» երգչախմբի երգեցողութեամբ:

Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ, Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան ներկայացուցիչ տկն. Մառիթա Քեշիշեանը ընթերցեց Համայնքի Վարչութեան Ապրիլեան Եղեռնի առթիւ հրապարակած կոչը, որի մէջ նշւել էր թէ թուրքերը դեռ 1915 թւականից շատ առաջ ծրագրել էին ցեղասպանութիւն գործել եւ ոչնչացնել ու բնաջնջել հայերին: Այնտեղ շեշտադրումով ասւել էր. «Թուրք ոճռագործների այս արարքը դատապարտելի է, եւ մենք բոլոր հայերս պէտք է ճանաչել տանք Ցեղասպանութիւնը, քանի որ Ցեղասպանութեան ուրացումը յանգեցնում է նոր ոճռագործութիւնների: Այդ պատճառով հայ ժողովուրդը պէտք է համախմբւի համահայկական օրակարգերի շուրջ եւ որպէսզի վերելքը թռիչքային լինի՝ հրամայական են՝ վերակազմակերպում Սփիւռքում, արդարութիւն, ժողովրդաւարութիւն, միասնականութիւն եւ ազգային հզօր կազմակերպւածութիւն հայրենիքում»:

Ծրագրի միւս բաժնում տկն. Մառիթա Սարեանն ընթերցեց Ապրիլեան Եղեռնի 98-ամեակի Ոգեկոչման Շահինշահրի Յանձնախմբի խօսքը, որի մէջ դարձեալ շեշտւում էր՝ հայութեան բեկորների միասնականութեան եւ միահամուռ լինելու անհրաժեշտութիւնը, որով հայ ժողովուրդը կը կարողանայ իր կոչն ուղղել համայն աշխարհին եւ իր ձայնը լսելի դարձնել՝ իր արդար իրաւունքների վերատիրացման նպատակով, այն համոզումով, որ Մեծ Եղեռնից վերապրած հայ ժողովուրդն իր եզակի տոկունութեամբ եւ հետեւողականութեամբ ի զորու է դիմագրաւել Հայ Դատի բազմազան ճակատներում նետւած մարտահրաւէրները եւ ծանօթացնել նրա իրաւական արժէքը միջազգային ատեաներում: Տկն. Սարեանն իր խօսքն աւարտեց՝ «Շուտով կը ծագի արեւն արդարութեան. յաղթանակը մերն է» յուսադրիչ նախադասութեամբ:

Բողոքի համահաւաքի եւ ծաղկեմատոյցին իրենց յատուկ բաժինն ունեն Հայոց Ազգային «Նարեկ» Մանկապարտէզ-Նախակրթարանի եւ «Սրբոց Վարդանանց» ու «Մասիս» դպրոցների աշակերտ-ուհիները. խմբերգներով ներկայացրին «Թող հնչէ շէփոր», «Քայլենք միասին», «Զինւորիկն եմ ես փոքրիկ» երգերը, ապա ասմունքեցին Մեգան Բար‎ֆեանը՝ «Ես այն մէկ հայն եմ», Արայիկ Թահմազեանը՝ «Մենութեան խաւար» եւ Ադանա Այւազեանը՝ «Հայն իր ազգը չի ուրանայ» բանաստեղծութիւնները, իսկ զուգերգներով հանդէս եկան Վաչէ Քեշիշեանը եւ Արւին Մինասքանեանը՝ «Ախպէրս ու ես», Զեփիւռ Շահիջանեանը, Վանէ Օրոջեանը, Նազելի Մարկոսեանը, Արինէ Նազարեանը եւ Ռենիթա Նազարեանը՝ «Կարմիր Կակաչները», Արգին Շահմիրզայեանը եւ Արութին Հախնազարեանը՝ «Մենք չենք մոռացել» երգերի կատարումով:

Ծրագրի ընթացքում տեղի ունեցան ծաղիկների եւ ծաղկեպսակների զետեղում Ապրիլեան Զոհերի Յուշարձանի առջեւ՝ Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան, Շահինշահրի պատգամաւորների, Ոգեկոչման Յանձնախմբի, «Նարեկ» Մանկապարտէզ-Նախակրթարանի եւ «Սրբոց Վարդանանց» դպրոցի ուսուցչական կազմերի, Ծնողական խորհուրդների եւ աշակերտութեան, Շահինշահրի Հայ Կանանց Եկեղեցասիրաց Միութեան, «Նարեկ» եւ «Նարօտ» Երգչախմբերի, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» եւ Փերիոյ Կրթասիրաց միութիւնների Շահինշահրի մասնաճիւղերի եւ Հայ Դատի Յանձնախմբի միջոցով: Ծրագրի շարունակութեանը Շահինշահրի Հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը եւ հոգեւոր հովիւ արժն. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը կատարեցին մոմավառութիւն, որոնց հետեւեց ներկայ բազմութիւնը: 

Վերջում իր բովանդակալից պատգամը փոխանցեց հոգշ. Հայր Սուրբը՝ ասելով. «Փա՜ռք Քեզ, ո՜վ Աստւած, որ հայ ենք ծնւել, եւ ունենք նահատակներ՝ որոնց մարտիրոսութեան շնորհիւ մենք կարողանում ենք կանգնել Քո եկեղեցում, այն խաչի դիմաց, որը 98-տարիներ առաջ մեր նահատակներն իրենց ուսերի վրայ վերցրեցին եւ քայլեցին այս անգամ դէպի նոր Գողգոթայ, որով փրկեցին մեր հայ ազգը, մշակոյթը, կրօնն ու լեզուն»: Հոգշ. Հայր Սուրբն իր արտայայտութիւնների շարունակութեան մէջ վստահեցրեց, որ Ապրիլեան Եղռնին նւիրւած ծրագրերը մեր նոր սերնդի կեանքում բանալու են նոր էջ, որն առաջնորդում է դէպի Հայ Դատի արդար յատուցում եւ աննահանջ պայքար: Նա, իր խօսքի աւարտին գնահատեց Յանձնախմբի տարած աշխատանքները՝ օրւայ կապակցութեամբ եւ կոչ ուղղեց ներկաներին, որպէսզի խուռներամ շարքերով մասնակցեն յաջորդ օրւայ Ս.Պատարագին եւ բողոքի քայլարշաւին: 

Համահաւաքի աւարտին տեղի ունեցաւ նստացոյց Շահինշահրի համայնքի երիտասարդների միջոցով, որին հսկեց անձամբ՝ հոգշ. Հայր Սուրբը:

 

24 ապրիլ 2013

ԱՊՐԻԼ 24-Ը ՇԱՀԻՆՇԱՀՐՈՒՄ

Չորեքշաբթի՝ ապրիլի 24-ի առաւօտեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ Պատարագ՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին, ձեռամբ Շահինշահրի հոգեւոր հովիւ արժն. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի եւ երգեցողութեամբ Շահինշահրի «Նարեկ» երգչախմբի:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, համահաւաք տեղի ունեցաւ դպրոցի բակում, որին յաջորդեց բողոքի քայլարշաւը հայոց դպրոցի ուղղութեամբ ձգւող պողոտայով: Շահինշահրի հայորդիներն իրենց խուռներամ եւ միահամուռ մասնակցեցին եկեղեցական արարողութեանն ու քայլարշաւին, եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով՝ միացան աշխարհասփիւռ հայութեան պահանջատիրութեանը:

Քայլարշաւի աւարտին, բոլոր պահանջատէր հայորդիները միասին «Սարդարապատ» երգով կենտրոնացան հայոց դպրոցի բակում, որտեղ ունկնդրեցին Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող պարսկերեն լեզւով բանաձեւը՝ ընթերցւած պրն. Էդւին Բաբումեանի միջոցով:

Բողոքի ցոյցի աւարտին, Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ.Գուճանեանն իր գեղեցիկ պատգամը փոխանձեց՝ ասելով. «Ապրիլ 24 նշանակում է նահատակների արեան կանչի օր, Հայոց Ցեղասպանութեան եւ Թուրքիոյ վայրագութեան եւ անգթութեան փաստ եւ իրողութիւն, մեր հողերի ու նահատակների հոգիների եւ արեան պահանջատիրութեան օր: Ահաւասիկ այսօր 98 տարիներ են անցել, երբ մեր նահատակ մայրերն ու հայրերը, քոյրերն ու եղբայրները իրենց կեանքն ու անձը յանձնեցին Դեր-Զորի աւազներին, որպէսզի այսօր հայ ժողովուրդը ապրի հայի նկարագրով»: Հոգշ. Հայր Սուրբը իր խօսքն աւարտեց հետեւեալ խորիմաստ եւ մտածելու տեղիք տւող արտայայտութեամբ. «Որտե՞ղ ենք մենք, ի՞նչ ենք անում եւ ինչի՞ համար: Եթէ թշնամին մեզ վերադարձնի մեր հողերը, մենք պէտք է պատրաստ լինենք արժեւորել դա մեր կեանքով, տէր կանգնել դրանց եւ մեր պապենական հողերի վրայ հաստատել մեր կեանքը»:

Վերջում նա գնահատեց Շահինշահրի Հայ Համանյքի Վարչութեանը՝ ոգեկոչման ծրագրերն իրագործելու նպատակով բազմակողմանի համագործակցութեան համար, նաեւ դրւատեց Ոգեկոչման Յանձնախմբի աշխատանքները եւ Շահինշահրի հայ համայնքի անդամների գիտակից մասնակցութիւնը: