Այսօր (մայիսի 6-ին) Լատւիայի խորհրդարանը յատուկ յայտարարութեամբ պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանութիւնը, որին կողմ են արտայայտւել Սաէյմայի 100 անդամներից 58-ը: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

ՀՀ դեսպանութիւնը ներկայացնում է յայտարարութեան հայերէն թարգմանութիւնը:

 

Յայտարարութիւն

Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում իրականացւած Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ

 

Լատւիայի Հանրապետութեան Սաէյման,

նշելով, որ կարեւոր է ոգեկոչել Օսմանեան կայսրութեան իշխանութիւնների կողմից կազմակերպւած Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը, այն զանգւածային սպանդը եւ պարտադրւած տեղահանութիւնները, որոնք սկսւեցին 1915 թ․ապրիլի 24-ին նախկին Կոնստանդնուպոլիսի հայ համայնքի մտաւորականների ու ականաւոր անհատների ձերբակալութիւններով,

հաշւի առնելով ՄԱԿ-ի «ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնւենցիան եւ Եւրոպական խորհրդարանի 1987 թ․ յունիսի 18-ի բանաձեւը, որը նշում է, որ այս դէպքերը համաձայն «ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնւենցիայի հանդիսանում են ցեղասպանութիւն,

ընդգծելով, որ Լատւիան դատապարտում է մարդկութեան դէմ գործած բոլոր յանցագործութիւնները եւ որ Լատւիան գիտակցում է այդ յանցագործութիւնները ճանաչելու եւ յիշելու իր պարտականութիւնը` դրանց կրկնութիւնը կանխարգելելու նպատակով,

ճանաչելով, որ Օսմանեան իշխանութիւնների գործողութիւնների հետեւանքով հայ ժողովուրդի մի ստւար քանակութիւն արտաքսւել է կայսրութեան այլ հատւածներ, որը բազմաթիւ զոհերի պատճառ է հանդիսացել` սովահարութեան, դաժանութիւնների եւ սպանդի գործադրմամբ,

դատապարտում է այն յանցանքները, սպանդը եւ բռնի տեղահանութիւնը, որոնք իրագործւել են Օսմանեան իշխանութիւնների կողմից հայ ժողովրդի նկատմամբ,

յարգում է Հայոց ցեղասպանութեան բոլոր զոհերի յիշատակը եւ յարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկւածներին,

հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց եւ ազատ քննարկումները անքակտելիօրէն կապւած են առողջ եւ հասուն ժողովրդավարութեան զարգացման հետ,

կոչ է անում միջազգային հանրութեանը գնահատական տալ այս պատմական իրադարձութիւններին եւ նայել դէպի այն ապագային, որը ցանկանում ենք կառուցել` առանց բռնութեան եւ անհանդուրժողականութեան, ապագայ, որտեղ մարդու իրաւունքները յարգւում են եւ իւրաքանչիւր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ եւ ապահով:

 

Մեծապէս ողջունելի է Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Ջօ Բայդէնի իմաստուն ու քաջ քայլը` 1915-ին Օսմանեան թուրք պետութեան կողմից հայ ժողովրդին դէմ ծրագրւած ու գործադրւած ցեղասպանութիւնը յիշել իր ճշգրիտ, պատմական եւ իրաւական անւանումով` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ:

Այս մասին իր ֆէյսբուքեան էջում յայտարարութիւն է տարածել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն:

 

ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը պաշտօնապէս ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը: ապրիլքսանչորսեան իր ուղերձում ԱՄՆ նախագահը կիրառել է «ցեղասպանութիւն» եզրոյթը:

«Ամերիկացի ժողովուրդը յարգում է բոլոր այն հայերին, որոնք զոհւել են 106 տարի առաջ այսօրը սկսւած Ցեղասպանութեան մէջ»,- ասւած է Սպիտակ Տան տարածած ուղերձում:

 

«Թալէաթ փաշա, ժամանակակից Թուրքիայի հայր, ցեղասպանութեան ճարտարապետ» վերնագրով գիրքը թարգմանւել է թուրքերէն: Գրում է Yerkir.am-ը:

Թարգմանութեան մէջ, որը որոշ թուրքական լրատւամիջոցները «սկանդալային» են որակել, թուրքերին վրդովեցրել է երկու հանգամանք. առաջինը «ցեղասպանութեան ճարտարապետ» արտայայտութիւնն է, երկրորդը` թուրքերէնում «ժամանակակից Թուրքիայի հայր» արտայայտութիւնը փոխարինւել «իթթիհադիզմի ուղեղ» արտայայտութեամբ:

«Թալէաթ փաշա, իթթիհադիզմի ուղեղ, ցեղասպանութեան ճարտարապետ» վերնագրով գրքի թուրքերէն տարբերակը թուրքերը որակել են որպէս «այսպէս կոչւած ցեղասպանութեան մեղադրանքների քարոզ»:

Գիրքը հրատարակել է İletişim Yayınları անկախ հրատարակութիւնը, որը յայտնի է ցեղասպանութեան վերաբերեալ բազմաթիւ գրքերով:

 

Սան Վինչենցոյի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը: Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ¬ դեսպանութիւնից: Գրում է Yerkir.am-ը:

«Շնորհակալութիւն, Սան Վինչենցօ, հայ ժողովրդին համերաշխութիւն յայտնելու եւ համամարդկային արժէքների պաշտպանութեան համար»:

 

 

Իտալիոյ մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը կը հաղորդէ, որ Փիոմպինոյի քաղաքային խորհուրդը ճանչցած է Հայոց ցեղասպանութիւնը. այս մասին հաղորդում է «aztagdaily.com»-ը:

Դեսպանատունը կը հաղորդէ, որ 30 յունիս 2020-ին Փիոմպինոյի համայնքային խորհուրդը ճանչցած է Հայոց ցեղասպանութիւնը` իր լիակատար համերաշխութիւնը յայտնելով հայ ժողովուրդի պատմական արդարութեան եւ մարդու իրաւունքներու պաշտպանութեան համար անոր պայքարին մէջ:

  

 

http://www.yerkir.am/news/view/205030.html 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքական Hürriyet թերթի լրագրող Նուրայ Բաբաջանը գրում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւններից մէկի՝ «Հայոց ցեղասպանութեան պնդումներին հակադարձելու եւ ռազմավարութիւն մշակելու համար» կը ստեղծւի ինքնուրոյն եւ քաղաքացիական նոր կառոյց. յայտնում է Yerkir.am-ը։

Ինչպէս նախապէս հաղորդւել էր, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխաւորութեամբ տեղի է ունեցել Բարձրագոյն խորհրդատւական նիստ, որի ընթացքում քննարկւել է Հայոց ցեղասպանութեան լոբբիի դէմ պայքարը։ Նիստից յետոյ Էրդողանը մի շարք յանձնարարականներ է տւել այդ թեմայով, որոնցից մէկն էլ «Հայոց ցեղասպանութեան պնդումների վերաբերեալ նոր ռազմավարութիւն մշակելն էր»։

Թուրքերին եւ Էրդողանին մասնաւորապէս անհանգստացրել էր աշխարհում ՀՅԴ Հայ Դատի յաջող աշխատանքը, որի արդիւնքը ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւերի ընդունումը,  ամերիկեան դատարաններում հայերի կողմից բացւած դատական գործերն են։

Նախագծի հեղինակը իշխող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան հիմնադիրիներից, ԹԱՄԺ նախկին նախագահ, խորհրդի անդամ եւ Էրդողանի մտերիմ Ջեմիլ Չիչեքն է։

Նիստի ընթացքում ընդգծւել է, որ Հայոց ցեղասպանութեան պնդումների դէմ ուղղակիօրէն պայքարող, փաստարկներ բերող եւ ռազմավարութիւն մշակող ոչ մի կառոյց չկայ։

Նշւել է, որ Հայկական լոբբին ցեղասպանութեան վերաբերեալ չի դիմել Արդարադատութեան միջազգային դատարան՝ դիմումների մերժման հաւանականութեան պատճառով, սակայն վերջին շրջանում այդ քաղաքականութիւնը փոխւել է։ Էրդողանն իր հաւանությունն է տւել այդ ծրագրին եւ հրամայել վայրկեան առաջ սկսել աշխատանքները։

 

 

 

 

 

 

 

Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայոց Ցեղասպանութեան որբերու ոդիսականին նուիրուած եւ Պարէտ Մարոնեանի պատրաստած «Orphans of the Genocide» («Ցեղասպանութեան Որբերը») վաւերագրական ֆիլմը արդէն իսկ Amazon Prime համացանցային կայքին վրայ է։


Զայն կարելի է դիտել՝ այցելելով www.amazon.com/gp/video/detail/B0899PPTQ6/ref=share_ios_movie կայքէջը։

 

 

 

 

Աղբիւր՝ www.asbarez.com

 

ՏԵՆՎԸՐ․- Քոլորատոյի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Քոլորատոյի նահանգային խորհրդարանը միաձայնութեամբ հաստատեց Հրէական Ողջակիզումը, Հայոց Ցեղասպանութիւնը եւ այլ ցեղասպանութիւներու մասին նիւթեր հանրային վարժարաններու մէջ դասաւանդել պահանջող բանաձեւը։

 

Բանաձեւը պէտք է նահանգային Ծերակոյտին կողմէ եւս հաստատուի եւ ստորագրուի նահանգապետին կողմէ։

 

Քոլորատոյի Հայ Դատի յանձնախումբը շնորհակալութիւն յայտնեց բանաձեւին վաւերացման սատարած երեփոխաններուն, անհատներուն եւ կազմակերպութիւններու, ներառեալ՝ Քոլորատոյի Հայերուն եւ Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին։

 

 

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Չեխիայի Խորհրդարանի Սենատը միաձայն ընդունեց երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկութեան դէմ գործած ոճրագործութիւնների, այդ թւում՝ Հայոց ցեղասպանութեան դատապարտմանը նւիրւած բանաձեւը․ այս մասին Yerkir.am-ը տեղականում է ՀՀ ԱԳՆ ֆէյսբուքեան էջից:

«Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետութեան Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացւած բանաձեւ, որը նւիրւած էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի աւարտի 75-ամեակին եւ երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկութեան դէմ գործած ոճրագործութիւնների, այդ թւում՝ Հայոց ցեղասպանութեան դատապարտմանը»,- ասւած է ԱԳՆ յայտարարութեան մէջ։

 

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Կենտրոնամերիկեան խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների եւ միգրացիոն հարցերի յանձնաժողովի նախագահ Դանիէլ Օրտեգան յայտարարութիւն է տարածել Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցի առթիւ, ճանաչելով եւ դատապարտելով Օսմանեան Թուրքիայում հայերի դէմ իրականացւած ծանրագոյն ոճրագործութիւնը: Օրտեգայի յայտարարութեան տեքստը տարածել է Մեքսիկայում ՀՀ դեսպանութիւնը:

«105 տարի առաջ, այսօրւայ նման մի օր աշխարհը սարսափով տեղեկացաւ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանեան Կայսրութեան կողմից մօտ 1,5 միլիոն հայերի կոտորածների մասին: Ռազմական պարտութիւնների հետեւանքով ցնցումներ ապրող կայսրութեան առաջնորդները միացան Գերմանիային՝ Անտանտի դաշինքին դիմակայելու համար այն ժամանակ, երբ կայսրութեան ռազմական ղեկավարութեան քարոզչութիւնը ներկայացնում էր կամ նպատակ էր հետապնդում ի ցոյց դնել հայերին, որպէս խառնակիչների կամ ռուսներին ծառայող հինգերորդ շարասեան: Արդիւնքում տասնեակ հազարաւոր հայեր սպանւեցին կամ քշւեցին Անատոլիայի շրջաններից Սիրիայի անապատներ, որտեղ սպանւեցին Օսմանեան կայսրութեան ժառանգորդ Թուրքիայի պատմութեան ամենաարիւնոտ էջերի ընթացքում, եւ ինչն առ այսօր վերջինս ժխտում է, հակառակ Միաւորւած Ազգերի 1948 թւականի Ցեղասպանութեան մասին Կոնւենցիայի երկրորդ յօդւածի դրոյթների»,- նշել է Օրտեգան:

Յանձնաժողովի նախագահը յայտնել է, որ միանում է Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած եւ դատապարտած պետութիւններին, կազմակերպութիւններին ու անհատներին:

«Որպէս Կենտրոնամերիկեան Խորհրդարանի Արտաքին յարաբերութիւնների եւ միգրացիոն հարցերի յանձնաժողովի նախագահ, միանում եմ աւելի քան 30 պետութիւններին, միջազգային կազմակերպութիւններին, Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, գիտնականներին, մտաւորականներին, անհատներին, դատապարտելով Օսմանեան կայսրութեան կողմից հայերի դէմ ցեղասպանութեան ոճիրը եւ մերժելով այս յանցագործութեան եւ պատմական ճշմարտութեան խեղաթիւրմանն ուղղւած ժխտողականութեան ցանկացած փորձ»,- յայտնել է Դանիէլ Օրտեգան:

Կենտրոնամերիկեան խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների եւ միգրացիոն հարցերի յանձնաժողովի նախագահ Դանիէլ Օրտեգան նշել է, որ Օսմանեան կայսրութեան անկումը Թուրքիայում մեծացրել է քրիստոնէական առաջադէմ եւ պահանջատիրական համայնքների դէմ պոպուլիստական արշաւը:

«Հայաստանն առաջին երկիրն էր, որ հռչակեց Քրիստոնէութիւնը, որպէս պետական կրօն, հռոմէական տիրապետութեան ժամանակներից ի վեր դիմակայելով իսլամի տարածմանն իրեն հարող տարածքներում, բացառութեամբ ուղղափառ Վրաստանի: Օսմանեան կայսրութեան անկումը, պայմանաւորւած ռազմական շարունակական պարտութիւններով, մեծացրեց քրիստոնէական առաջադէմ եւ պահանջատիրական համայնքների դէմ պոպուլիստական արշաւը: Թուրքական անարդար օրէնքների եւ բարձր հարկերի դէմ հայ ազգաբնակչութեան բողոքների եւ ապստամբութիւնների հետեւանքով թուրք մահմեդականների շրջանում հայերի հանդէպ անվստահութիւնը իդէալական իրավիճակ էր ստեղծել հայերին բնաջնջել ցանկացողների համար, որը եւ փորձ կատարւեց իրականացնել, բերելով վերը նշւած արդիւնքներին»,- նշել է Օրտեգան:

Կենտրոնամերիկեան խորհրդարանը ստեղծւել է 1991 թւականին, կենտրոնակայանը հանդիսանում է Գւատեմալայի մայրաքաղաք Գւատեմալան: Մաս է կազմում Կենտրոնամերիկեան պետութիւնների ինտեգրացիոն համակարգի: Միապալատ օրէնսդիր մարմինը բաղկացած է անդամ-պետութիւնների (Գւատեմալա, Սալւադոր, Հոնդուրաս, Նիկարագուա, Պանամա, Դոմինիկեան Հանրապետութիւն) 120 պատւիրակներից: Խորհրդարանում դիտորդի կարգավիճակ ունեն Մեքսիկան, Պուերտօ Ռիկոն, Մարոկկոն, Թայւանը եւ Վենեսուելան:
 

Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի Հայոց ցեղասպանութեան Սրբազան նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանը կանգնեցւել է Ցեղասպանութեան 60-ամեակի առիթով, երբ համայն աշխարհում, հայկական համայնքներում, հայ ժողովրդի քաղաքական զարթօնքը խորհրդանշող նման յուշարձաններ էին կառուցում:

Յուշարձանը կառուցւել է 1975 թւականին, Ս. Ամենափրկիչ Վանքի բակի հիւսիս- արեւմտեան բաժնում: Յուշարձանի հեղինակն է նախագծող-ճարտարապետ Ալբերթ Աճեմեանը, որն այսպէս է բնորոշել նրա խորհուրդն ու իմաստը.

Յուշարձանը խորհրդանշում է երեք հիմնական գաղափարներ՝

ա. Հայ Ժողովրդի դէմ իրագործւած Ցեղասպանութիւնը, որը փաստօրէն ընդհատել է հայ ազգի բնական զարգացումն ու մշակոյթի ծաղկումը հայրենի հողում, որի խորհրդանիշը՝ քառակուսի նիստով դէպի կատարելութիւն ձգւող բուրգն է, հազարամեակների մշակոյթի սիմւոլը հանդիսացող զարդաքանդակներով պարուրւած, որը սակայն եղեռնագործութեամբ հատւել է խաչապատկեր հորիզոնական կտրւածքներով:

բ. հայ ժողովրդի վերածնունդն է խորհրդանշում Եղեռնից յետոյ, խաչանիշ հիմքի վրայ չորս ճիւղերով վեր խոյացած սիւները, որոնց պսակը կազմում է յաղթական կամարներով մի գմբէթ:

գ. հայ Ժողովրդի անբնական իրավիճակն է՝ հայրենիք-սփիւռք իրականութիւնը, որը թէեւ խորհրդանշւում է երկփեղկւած բրգաձեւ սափորով, սակայն միացած է յաւերժութեան խորհրդանիշը կրող կենաց ջրի ցայտաղբիւրով:

Յետագային ցայտաղբիւրը վերածւել է կրակարանի, որտեղ բոցավառւում է Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակը յաւերժացնող կրակը:

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի առթիւ` 2015 թւականին, յուշարձանի նախագծող-ճարտարապետ՝ Ալբերթ Աճեմեանի հետ համախորհուրդ, կոթողի  հիւսիսային  պատի  վրայ տեղադրւել է քարից պատրաստւած` հայ ժողովրդի ազգային ինքնութիւնը խորհրդանշող` յաւերժութեան նշանը, իսկ արեւելեան պատի վրայ՝ յուշապատ, որի վրայ անգլերէն եւ պարսկերէն լեզուներով պատմական ակնարկ է արւել Ցեղասպանութեան պատմութեանը, փորագրւած են յուշարձանի կառուցման թւականը, հեղինակի, շինութեան հովանաւորող՝ Երւանդ Սապունճեանի, ինչպէս նաեւ Ցեղասպանութեան զոհերի իրաւունքի պաշտպանութեամբ հանդէս եկած օտարազգի մտաւորականների անունները:

Յատկանշելի է, որ ամէն տարի ապրիլ 23-ի երեկոյեան եւ ապրիլ 24-ի առաւօտեան տեղի են ունենում հոգեւոր արարողութիւններ, մոմավառութիւն, հսկում, ոգեկոչման ու քաղաքական բնոյթի հանդիսութիւններ, որոնց իր խուռներամ մասնակցութիւնն է բերում Նոր Ջուղայի հայութիւնը:

 Լուսանկարիչ՝ Անդրէ Խաչատրեան


 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ապրիլի 23-ին՝ երեկոյեան 21:00-ին, 3 րոպէ կը ղօղանջեն եկեղեցիների զանգերն ու կը մարեն Երեւանի եւ մարզերի հրապարակների, փողոցների լոյսերը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարութեան ֆէյսբուքեան էջից։

«Նոյն ժամին յորդորում ենք քաղաքացիներին մարել բնակարանների լոյսերը եւ պատուհանների մօտ միացնել հեռախօսի լոյսը՝ այդպէս միանալով «Լուսավառ ոգեկոչման րոպէ» խորագրով ակցիային։ Այդ ընթացքում կը հնչի Ռ. Պատկանեանի «Արի իմ սոխակ» երգը, եւ բոլորի հայեացքը կուղղւի դէպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Միջոցառումը կը հեռարձակւի նաեւ ուղիղ եթերում։

Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրութիւն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, եւ 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրութիւն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլւեն յուշահամալիրի սիւներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցութիւնը եւ յարգանքի տուրքը Սուրբ նահատակների յիշատակին։

Ժամը 10:00-ից Ծիծեռնակաբերդ կայցելեն ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոնարհումի արարողութիւնը կուղեկցւի դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքեանի կենդանի կատարմամբ:

Յարգանքի տուրքը գեղարւեստական ծրագրով կը մեկնարկի նոյն օրը՝ 22:00-ին՝ պետական կոլեկտիւների եւ անհատ կատարողների մասնակցութեամբ: Ծրագիրը կընդգրկի տարբեր ժանրերի՝ դասական եւ ժողովրդական ստեղծագործութիւններ, որոնք ուղիղ եթերով կը հեռարձակւեն մինչեւ լուսաբաց»,-նշւած է հաղորդագրութիւնում։