Այսօր (10 նոյեմբեր 2021) ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրւանից` ժամը 24:00-ից սկսած` Գորիս-Կապան ճանապարհի հատւածում կիրականացնի սահմանային եւ մաքսային հսկողութեան գործառոյթ, այսինքն` մաքսակէտեր կը տեղադրի: Հայաստանի Հանրային հեռուստաընկերութեան եթերում յայտարարեց ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը: Հաղորդում է Yerkir.am-ը:

«Հայկական կողմը եւս համապատասխան քայլեր կը ձեռնարկի: Այսինքն` ճանապարհի այդ հատւածում եւս կը տեղադրի մաքսային եւ սահմանային հսկողութեան գործառոյթներ իրականացնող կէտեր, եւ այդ աշխատանքները մենք նախապէս արդէն սկսել ենք, որպէսզի այդ ուղղութեամբ աշխատենք, բայց քանի որ, ինչպէս յայտարարւեց արդէն, պատրաստ է Կապան-Տաթեւ ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս կամ Երեւան, կարելի է ասել, անվտանգ շահագործւող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլեւս պատրաստ է` ինչպէս ապրանքներ տեղափոխելու, այնպէս էլ այլ տեսակի ցանկացած աւտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է: Շատ կարեւոր է, որ նոր կառուցւած ճանապարհ է»,-ասաց Գրիգորեանը:

«Շուռնուխ Որոտան Ճակատան համայնքների համար, որոնք գտնւում են Գորիս-Կապան ճանապարհին, այս պահին եւս ճանապարհային աշխատանքներ են կատարւում: Դէպի համայնքներ տանող ճանապարհները այս պահին ասֆալտապատ չեն, բայց մօտ ապագայում կը լուծւեն խնդիրները»,- յաւելել է Արմէն Գրիգորեանը: