Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի ղեկավար Սէյեդ Մեհդի Ֆարշադանի գլխաւորած պատւիրակութեանը: Այս մասին հաղորդել է ՀՀ ԱԺ պաշտօնական կայքը:

Ողջունելով հիւրերին` ՀՀ ԱԺ նախագահը վստահութիւն է յայտնել, որ բարեկամութեան խմբի այցը հայ-իրանական սերտ յարաբերութիւնների համար գործուն նշանակութիւն է ունենալու` ի նպաստ միջխորհրդարանական համագործակցութեան յետագայ ամրապնդմանը:

Կողմերն արձանագրել են երկու երկրների միջեւ քաղաքական ակտիւ երկխօսութիւնը, որն ամուր հիմք եւ երաշխիք է բազմաթիւ ոլորտներում միջպետական յարաբերութիւնների զարգացման համար: Կարեւորւել է միջխորհրդարանական համագործակցութեան զարգացումը` այն դիտարկելով որպէս բարեկամ երկրների միասնական տեսակէտների շրջանակի ընդլայնման առանցքային պլատֆորմ: Այս համատեքստում ընդգծւել է պատգամաւորական բարեկամութեան խմբերի արդիւնաւէտ գործունէութիւնը:

Հանդիպմանը զրոյց է ծաւալւել տարածաշրջանում տեւական խաղաղութեան եւ կայունութեան անհրաժեշտութեան շուրջ: Ալէն Սիմոնեանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքագծին` նշելով, որ այն բացասական ազդեցութիւն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլեւ` տարածաշրջանի միւս երկրների վրայ:

Հանդիպման աւարտին Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի ղեկավար Սէյեդ Մեհդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի` Իրան պաշտօնական այցի հրաւէրը: