Մայիսի 10-ին ԻԻՀ Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի նախարարութիւնում տեղի ունեցաւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի հանդիպումը նախարար Ալի Ասղար Մունեսանի հետ: Այս մասին գրւած է ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:

ՀՀ դեսպանը շնորհակալութիւն յայտնեց նախարար Ալի Ասղար Մունեսանին Իրանում հայկական մշակութային ժառանգութեան պահպանութեան ուղղութեամբ իրականացւող մեծ աշխատանքի համար: Նա նշեց, որ ԻԻՀ իշխանութիւնների նմանօրինակ գործունէութիւնը եւ հոգատար վերաբերմունքը տարբեր կրօնական եւ մշակութային արժէքների եւ ժառանգութեան նկատմամբ չափազանց այժմէական է եւ կարող էր ուսանելի ուղերձ լինել տարածաշրջանի որոշ երկրների համար:

Նախարար Մունեսանը հանգամանալից կերպով ներկայացրեց մշակութային ժառանգութեան պահպանութեան ոլորտում ԻԻՀ կողմից կատարւած մեծածաւալ աշխատանքը, ինչպէս նաեւ առաջիկայ ծրագրերը, այդ թւում` ԻՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի շրջանակներում:

Զրուցակիցներն անդրադարձան հայկական եկեղեցիների եւ յուշարձանների պահպանութեան ուղղութեամբ իրականացւող աշխատանքներին, խօսւեց Երեւանում Կապոյտ մզկիթի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին:

Քննարկւեց նաեւ զբօսաշրջութեան ոլորտում համատեղ  աշխատանքների ակտիւացման հարցը: