Փետրւարի 14-ին ԼՂՀ-ի Ազգային ժողովի նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցութեան ղեկավար Աշոտ Ղուլեանը մասնակցել է Եւրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) 12-րդ վեհաժողովին: Արցախի խորհրդարանի նախագահը Իսպանիայի Սանտիագօ Դէ Կոմպոստելա քաղաք է այցելել ...
Աւելին - ԼՂՀ-Ի ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԵՒՐՈՊԱԿԱՆ ԱԶԱՏ ԴԱՇԻՆՔԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ
ՀՀ բնապահպանութեան նախարարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութեան բաժնի պետ Արմեն Վարդանեանը Tert.am-ի հետ զրոյցում հաստատեց իրանական մամուլում տեղ գտած այն յայտարարութիւնը, որ հայ-իրանական սահմանին այգի կը կառուցւի, որը...
Աւելին - ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԱՅԳԻ» ԿԸ ԿԱՌՈՒՑՒԻ
Փետրւարի 14-ին հանդիպում են ունեցել ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարեանը և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Հանդիպմանը կարևորւել են տրանսպորտի ոլորտում երկկողմ յարաբերութիւնների զարգացումը, նշւել է՝...
Աւելին - «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՒԱՅԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐԵՒՈՐ Է ԻՐԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսիին, տեղեկացնում է Aysor.am-ը, մէջբերելով կառավարութեան պաշտօնական կայքը...
Աւելին - ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՒ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար օրակարգային է դառնում այն, ինչ տարիներ շարունակ հայկական կողմը յայտարարել է՝ պահանջելով Ստեփանակերտի վերադարձը բանակցութիւնների սեղանին»,- «Արմէնփրես»-ի հետ ունեցած զրոյցի ընթացքում յայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի մամլոյ խօսնակ Դաւիթ Բաբայեանը...
Փետրւարի 10-ին Երևանում ԻԻՀ դեսպանատանը կայացել է Իսլամական յեղափոխութեան 35-ամեակի առթիւ կազմակերպւած ընդունելութիւն: Որին ներկայ են եղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանը, պաշտօնատար անձինք, որոնք ներկայացրել են ՀՀ կառավարութիւնն ու իշխող ՀՀԿ-ն, ընդդիմադիր ուժեր, օտարերկրեայ դիւանագէտներ...
Աւելին - ԻՍԼԱՄԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ 35-ԱՄԵԱԿԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ՝ ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ-Ն...
Հայ-իրանական փոխշահաւէտ յարաբերութիւնները 2013 թւականի ընթացքում շարունակել են զարգանալ. տեղի են ունեցել բարձր մակարդակի մի շարք այցելութիւններ: Այս մասին նշւած է Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան 2013 թւականի հաշւետւութեան մէջ...
Ամերիկեան Քալիֆորնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրւած դեմոկրատ պատգամաւոր, նահանգային խորհրդարանի յատկացումների յանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ է ներկայացրել...
Աւելին - ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ` ՔԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Երեքշաբթի՝ մայիսի 20-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում Նոր Ջուղայի ընտրատարածքի միւս եօթ թեկնածուները հանդիպեցին ժողովրդի հետ, որտեղ ոչ միայն ներկայացրին իրենց կենսագրական գծերը, այլ նաեւ կիսւեցին իրենց մտքերով, տեսակէտներով ու մտահոգութիւններով:
Թեկնածուներն էին՝ Հայկ Սարեանը, Ռաֆիկ Մկրտչեանը, Սքարլետ Հայրապետեանը, Նոէլ Մինասեանը, Զարենուշ Աղուրեանը, Նորւիկ Աբգարեանը եւ Արմէն Ալեքսանդրեանը:
Աւարտին հնչեցին հարցեր ու տեսակէտներ ներկաների կողմից, իսկ հաղորդավարի միջոցով ընթերցւեց շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ թեմի բոլոր միութիւնների համատեղ ստորագրութեամբ կոչը, որը ժողովրդին յորդորում էր խուռներամ շարքերով մասնակցել առաջիկայ ուրբաթ՝ մայիսի 23-ի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին:
Հանդիպումը վարեցին Թովմա Գալստանեանն ու Ընտրական յանձնախմբի անդամ Զարեհ Ղարախանեանը:
Թղթակից (Նոր Ջուղա)
Կիրակի եւ երկուշաբթի՝ մայիսի 18 եւ 19-ի երեկոյեան, հերթաբար Շահինշահրում եւ Նոր Ջուղայում, ժողովրդական հանդիպում իրականացաւ երկու ընտրատարածքների թեկնածուների եւ ժողովրդի միջեւ:
Կիրակի օրւայ հանդիպումն տեղի ունեցաւ «Սրբոց Վարդանանց» սրահում, որտեղ այս ընտրատարածքի երեք թեկնածուները՝ Մառիտա Քեշիշեանը եւ Գեւիկ Խաչատրեանը իրենց մտքերն ու տեսակէտները յայտնեցին ներկաներին եւ պատասխանեցին նրանց յուզող հարցումներին: Համայնքի միւս թեկնածուն՝ Եղիշ Աղախանեանը, հարկի պատճառով բացակայում էր։
Հանդիպումը վարեց Ադենա Մուրադեանը:
Միւս հանդիպման օրակարգի համաձայն, որը տեղի ունեցաւ Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, Նոր Ջուղայի ընտրատարածքի 14 թեկնածուներից 7-ը՝ Սաքօ Տէր-Յովհաննիսեանը, Սերժիկ Քեշիշեանը, Անդրէ Քալանթար Օհանեանը, Աշոտ Դաւթեանը, Սարմէն Մինասեանը, Նորւիկ Պօղոսեանն ու Սեպուհ Վարդանեանը ելոյթով հանդէս եկան, ուր բացատրեցին իրենց թեկնածութիւնը առաջադրելու նպատակների, ապագայ ծրագրերի ու առկայ մտահոգութիւնների մասին: Վերջում հնչեցին հարց ու պատասխաններ: Այս հանդիպումը վարեցին՝ Թովմա Գալստանեանն ու Ընտրական յանձնախմբի անդամ Զարեհ Ղարախանեանը:
Նշելի է, որ Նոր Ջուղայի միւս եօթ թեկնածուների ժողովրդական հանդիպումը տեղի է ունենալու երեքշաբթի՝ մայիսի 20-ին:
Թղթակից (Նոր Ջուղա)
Ուրբաթ՝ մայիսի 2-ի առաւօտեան, Սպահանի Փերիոյ գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում գտնւող «Լուսահանգիստ» կոչւող սրբավայրում տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան կարգը, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի: Այս սրբավայրում հանգիստ են առել 17-րդ դարում հաւատքի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցու աճիւնները:
Աւարտին Սրբազան Հայրն հակիրճ անդրադարձ կատարելով Գրիգոր Արփայեցու կենսագրական գծերին, աւելացրեց, թէ որպէս իսկական հաւատացեալ քրիստոնեաներ եւ մեր նախահայրերի հարազատ զաւակներ, չհրապուրւել հանգիստ կեանքի լաւագոյն պայմաններով եւ գիտակցել, որ ունենք մեր հաւատը, յոյսն ու կոչումը եւ երբեք չենք կարող որեւէ բանի առիթ տալ մեզ շեղելու մեր ճանապարհից:
Նա աւելացնելով նաեւ, որ մերօրեայ պայմաններում կանգնած ենք երկընտրանքի առջեւ՝ մի կողմից ունենք աշխարհային կեանքն ու պայմանները, իսկ միւս կողմից՝ եկեղեցին, ազգը, հայրենիքը, հաւատն ու յոյսը, կոչ արեց՝ լինել խելացի եւ զգօն՝ լաւագոյն արժէքներն ու սրբութիւնները աշխարհականին գերադասելու համար:
Ժողովրդից բացի արարողութեանը ներկայ էին՝ թեմի Պատգամաւորական ժողովի եւ Կրօնական խորհրդի ատենապետներ՝ Նոէլ Մինասեանն ու Զաւէն Սիմոնեանը, ինչպէս նաեւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութիւնը:
Ուխտաւորներն աղօթեցին, մոմ վառեցին եւ խունկ ծխեցին նահատակի գերեզմանի վրայ:
Թղթակից (Նոր Ջուղա)
Ուրբաթ՝ ապրիլի 25-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում, դասախօսական-գեղարւեստական ձեռնարկ իրականացւեց՝ Հայոց ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման առթիւ, որին ներկայ էին՝ համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Կրօնական խորհրդի ատենապետներ՝ Նոէլ Մինասեանն ու Զաւէն Սիմոնեանը, Թեմական խորհրդի անդամ Տարօն Տէր-Մարտիրոսեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը, օրւայ դասախօս, Հայաստանից ժամանած Հ.Յ.Դ. Գերագոյն մարմնի անդամ Իգոր Սարգսեանը, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան եւ Հայ Դատի գրասենեակի անադմներն ու համայնքի ժողովուրդը:
Ծրագիրն մեկնարկեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ՝ բիւրաւոր նահատակների յիշատակը յարգելու համար, ապա հաղորդավար Անի Մինասքանն իր խօսքում շեշտեց. «Այսօր հայ ժողովուրդը ապրում է վերջին 100-ամեակի իր պատմութեան ամենադժւարին ժամանակաշրջաններից մէկում: Տարածաշրջանային ու համաշխարհային աղէտաբեր զարգացումները հայաթափելով Արցախը՝ վերստին մեծացրել են Հայաստանի Հանրապետութեան առջեւ ծառացած գոյաբանական սպառնալիքները, սակայն մենք իրաւունք չունենք յուսահատւելու. մենք պարտաւոր ենք շտկելով մեր մէջքը՝ ապացուցել հայի արժանապատիւ տեսակը եւ արժանանին մատուցել մեր ընկած քաջերի յիշատակին»:
Հայոց ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման Շահինշահրի յանձնախմբի նախագահ Մառիտա Քեշիշեանն ընթերցեց յանձնախմբի խօսքը: Մի հատւածի մէջբերում այս խօսքից. «Ամէն ինչ չէ, որ կորած է: Հայը պէտք է արթնանայ. նորից ապաւինի ինքն իրեն՝ իր միասնականութեան եւ համերաշխութեան բազկի ուժին. պէտք է աւելի խոհեմ լինի եւ հասկանայ, որ ոչ ոք բացի իրենից չի կարող հայի եւ Հայաստանի համար սրտցաւ լինել: Պէտք է թողնի միամտութիւնը, եսակենտրոնութիւնն ու հատւածապաշտութիւնը. պէտք է թողնի ուրիշի վրայ յոյս դնելը եւ լծւի տքնաջան աշխատանքի. նւիրւի հայրենիքի պաշտպանութեան, բարգաւաճման ու հզօրացման եւ ուժեղ պետականութեամբ ինքնիշխան Հայաստան ստեղծելու գործերին»:
Այնուհետեւ Իգոր Սարգսեանն իր բանախօսական ելոյթը ծաւալեց: Նա շեշտելով, որ աշխարհում ապրող իւրաքանչիւր հայ, եթէ ցանկանում է հայ մնալ եւ ապրել որպէս հայ, պատասխանատու է դրա համար, ընդգծեց, թէ այս աշխարհի վրայ ապրելու իրաւունքը մեզ է տրւալ Աստծու կողմից, ապա կիսւեց Դէյր Զօր կատարած իր այցելութեան տպաւորութիւններով:
Նա անդրադարձ ունենալով այն երեւոյթին, որ անհատներ գոյութիւն ունեն, ովքեր Արցախի 44-օրեայ պատերազմի զոհւածների նկատմամբ անտարբեր են՝ ի մասնաւորի իշխանութեանը, որը յայտնում է, թէ իրենց յեղափոխութիւնն առաւել է քան Արցախեան պատերազմը եւ 2020 թւականին տղաները զոհւել են յանուն ոչնչի, կոչ արեց միասնական դառնալ կեանքի ու ապրելու գաղափարի շուրջ, աղօթքով ու պայքարով եւ գիտակցաբար լծւել աշխատանքի՝ յանուն ազգի ու հայրենիքի վերելքի, յանուն ապագայ սերնդի եւ հայի տեսակի յաւերժութեան:
Գեղարւեստական բաժնում Փերիոյ Կրթ. միութեան «Էրեբունի» պարախումբը կատարեց «Կեանք ու կռիւ» համարը, իսկ առանձին կատարումներով նոյն պարախմբից հանդէս եկան մենապարուհիներ՝ Արիգա Օրոջեանն ու Ալինէ Յարութիւնեանը:
Նազելի Փանոսեանը մեներգեց «Իմ փոքրիկ Հայաստան» եւ «Իմ հայրենիք» երգերը, Սէրլի Սարեանն ասմունքեց «Ընկածները», Բիւրեղ Տէր-Յովհաննիսեանը՝ «Մենք քիչ ենք» եւ Վանէ Խաչիկեանը «Մի խառնէք» բանաստեղծութիւնները:
Աւարտին համայնքի ծխատէր քահանայ հայրն ընթարցեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի պատգամը՝ Հայոց ցեղասպանութեան 110-ամեակի առիթով: Մէջբերւում է սոյն խօսքից հատւած. «Ի՞նչ է մեր նպատակը, գովերգե՞լ թշնամուն կամ փառաբանե՞լ նրան: Անշուշտ ո՛չ: Միթէ կարելի՞ է ցեղասպանութիւն տեսած ու մազապուրծ ազատւած մեր պապերի ու հայրերի հարազատ զաւակներս քրիստոնէութեան սկզբունքներն ու օրէնքներն անդրանցած աներեւակայելի կամ անհասկանալի գերազանց ներողամտութեամբ նման մօտեցում ցուցաբերենք անզեղջ եւ ճշմարտութիւնն ուրացող թշնամուն: Մեր նպատակը ներկայ կամ նոր սերնդի անգիտացող հայորդիներին ճշմարտութիւնը պարզելն ու բացայայտելն է, որովհետեւ ինչքա՛ն լինենք ճշմարտասէր եւ քաջատեղեակ, մանաւանդ թշնամո՛ւ նկատմամբ, այնքան աւելի՛ կարող ենք հասնել մեր նպատակին եւ յաջողութեան»:
Թղթակից (Նոր Ջուղա)
Ուրբաթ՝ ապրիլի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Մինաս» եկեղեցում տեղի ունեցաւ նահատակ Հրաչ Յակոբեանի հօր Անդրանիկ Յակոբեանի թաղման եկեղեցական արարողութիւնը, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի:
Արարողութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ՝ Նոէլ Մինասեանն ու Վաչիկ Հայրապետեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը, Սպահան նահանգի բանակի աւագ հրամանատար գեներալ Քարամին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի պաշտօնատարներ, ազգային մարմինների անդամներ, հանգուցեալի հարազատներն ու ծանօթները, թեմիս նահատակների եւ անձնուրացների հարցերով կապ Զարեհ Ղարախանեանը եւ համայնքի ժողովուրդը:
Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատնում, նախքան հանգուցեալի դիակի հողին յանձնումը, արտայայտւեցին Նոէլ Մինասեանը եւ Գեղարդ Մանսուրեանը:
Նոէլ Մինասեանը խօսեց հանգուցեալի ջերմ բնաւորութեան, եկեղեցասէր ու ազգասէր կեցւածքի մասին, յիշեց նրա նահատակ որդուն՝ Հրաչ Յակոբեանին, ապա նշելով, որ Իրանում այսօրւայ խաղաղ ու հանգիստ կեանքը պարտական ենք նահատակներին եւ նրանց դաստիարակող ծնողներին, անդրադարձ ունեցաւ իրանահայութեան դերին՝ երկրի հողային ամբողջականութեան պաշտպանման ուղղութեամբ: Նա Բարձրեալն Աստծուց խաղաղութիւն ցանկացաւ հանգուցեալի հոգու համար, իսկ հարազատներին՝ մխիթարութիւն:
Գեղարդ Մանսուրեանն անասելի եւ աննկարագրելի համարելով նահատակների ծնողների համբերութիւնն ու տոկունութիւնը, աւելացրեց, թէ նահատակների անձազոհութիւնն իրենց ծնողների տւած դաստիարակութեան արդիւնքն է եւ անկասկած Հրաչ Յակոբեանի դաստիարակութեան հարցում մեծ դեր է ունեցել նրա հայրը՝ հանգուցեալ Անդրանիկ Յակոբեանը: Պրն. Մանսուրեանը շարունակութեան մէջ համբերութիւն ցանկացաւ Յակոբեան ընտանիքին եւ բարձր գնահատեց երկրի պետական այրերի՝ ի մասնաւորի առաջնորդի՝ առանց խտրականութեան հայեացքն ու վերաբերմունքը նահատակների եւ նրանց ընտանիքների նկատմամբ, ինչը վկայում է երկրում տարբեր ազգութիւնների միջեւ առկայ միասնականութիւնը:
Յատկանշական է, որ Հրաչ Յակոբեանը նահատակւել է 1987 թւականին, Ղասրէ Շիրինի մօտակայքում ընկած Բաբա Հադի բարձունքների ազատագրման նպատակով իրականացւած «Քարբալա 9» ռազմական գործողութեան ընթացքում, սակայն նահատակի դիակի չգտնւելու պատճառով, նա երկար տարիներ համարւել է պատերազմի անյայտ կորած: 2020 թւականին ԴՆԹ թեստի միջոցով յաջողւեց պարզել հայորդու ինքնութիւնը եւ նոյն թւականի հոկտեմբերին նահատակի աճիւնները հանգիստ առան Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատանը:
Թղթակից (Նոր Ջուղա)
Սիրելի հայրենակիցներ,
Գտնւում ենք Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին։ Մի ահռելի ոճրագործութիւն, որ գործադրւեց Օսմանական պետութեան կողմից՝ կանխամտածւած, ծրագրւած եւ մեծ մասշտաբով։ Արդիւնքում զոհւեցին շուրջ մէկ եւ կէս միլիոն անմեղ հայեր, եւ Արեւմտեան Հայաստանը դատարկւեց իրական տէրերից՝ հայերից։
Հակառակ հայ ժողովրդի տասնամեակների վրայ ձգւող պայքարի եւ իրաւացի պահանջատիրութեան, նաեւ միջազգային որոշ ատեաններում ճանաչւած այս իրողութիւնը, դեռեւս գլխաւոր մեղաւորը եւ գործադրողը չի արժանացել համապատասխան գնահատանքի եւ պատժի։
Դեռ աւելին, մինչ օրս շարունակում է ուրացումի եւ հերքումի իր քաղաքականութիւնը, կառչած մնալով իր Պանթուրանական ծրագրին լիակատար ածելու մարմաջին։
Հայոց Ցեղասպանութեան եւ Հայ Դատի պահանջատիրութեան գագաթնակէտը 100-ամեակն էր, ընդւորում կազմակերպւեցին համահայկական միջոցառումներ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում, ինչը մեծ արձականք եւ ազդեցութիւն ունեցաւ ամբողջ աշխարհում։ Քիչ չէին օտարերկրեայ դիւանագէտների, պաշտօնեաների եւ ղեկավարների թիւը Ծիծեռնակաբերդում յարգանքի տուրք մատուցելիս։
Բոլորիս յիշողութեան մէջ դաջւած է մնացել եւ շարունակելու մնալ, Վատիկանում կայացած հոգեպարար եւ շքեղ արարողութիւնը նւիրւած ցեղասպանութեան ենթարկւածների յիշատակին, որին նոյնպէս ներկայ էին մի շարք բարձրաստիճանպաշտօնեաներ, դիւանագէտներ, հոգեւորականներ եւ …
Սրանք բոլորը նպատակասլաց քայլեր էին Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու, դատապարտելու եւ գործօն միջոցներ ձեռնարկելու, որոնք անարդիւնք չմնացին։
Բոլորս ցանկանում ենք արժանի կերպով նշել Ցեղասպանութեան 110-ամեակը։
Այստեղ հարց է ծագում։ ի՞նչ ունէինք անցեալում, եւ ի՞նչ ունենք այսօր։
Ունէինք հզօր եւ վճռական եռամիասնութիւն՝ Հայաստան, Արցախ եւ Սփիւռք։ Իսկ հիմա հայաթափւած ու բռնազաւթւած Արցախ, անտեսած սփիւռք եւ պառակտւած Հայաստան։
2018 թւականի իշխանափոխութիւնից յետոյ տասնամեակների տարւած աշխատանքները ցեղասպանութեան ճանաչման, Հայ Դատի լուծման եւ Հայաստանի հզօրացման տեսլականները յօդս ցնդեցին։
Ապազգային ու ապիկար նոր իշխանութիւնը, իր ամբողջ ուժերը լարեց ամենուրեք նսեմացնել ազգայինն ու ազգայնականութիւնը, արժէքային համակարգը։ Երկրում արմատաւորեց ատելութիւնն ու պառակտումը։
Իր անխոհեմ եւ անգրագէտ քաղաքականութեան հետեւանքով հրահրեց պատերազմ, զոհասեղանին դնելով չքնաղ երիտասարդների կեանքը եւ վերջում էլ Արցախը ճանաչեց Ադրբեջանի անջատելի մաս։
Ադրբեջանն էլ օգտագործելով այս նպաստաւոր իրավիճակը, շարունակեց իրցեղասպան քաղաքականութիւնը, իրագործեց էթնիկ զտում, մի խօսքով ցեղասպանութիւն, եւ հայաթափեց Արծւաբոյն Արցախը։
Իշխանութեան եկած առաջին իսկ օրերից իր սուրը վրայից կապեց սփիւռքահայութեան հանդէպ։ Լուծարեց Սփիւռքի նախարարութիւնը, ապա իր յանձնակատարի եւ դեսպանատների միջոցով ձեռնամուխ եղաւ սփիւռքը պառակտելու գործին։ Վերջապէս յայտարարեց, որ Հանրապետութիւնը, որեւէ պարտականութիւն չունի սփիւռքում ապրող հայերի անվտանգութիւնը ապահովելու գործում։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի խաղաղութեան եւ սահմանազատման ու սահմանագծման կեղծ օրակարգի ներքոյ, առանց որեւէ դիմադրութեան սկսեց յանձնել Հանրապետութեանը պատկանող տարածքները, բզիկ-բզիկ անելով այն։
Ահաւասիկ այս պայմաններում պիտի նշենք Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակը, երբ համարեա փլուզւել է մեր պահանջատիրութեան եւ հզօրացման շունչը. արիւն եւ յոյս տւող եռամիասնութիւնը։
Եթէ մինչ անկախութիւնը, սփիւռքահայութիւնը իր նւազ հնարաւորութիւններով եւ տքնաջան աշխատանքների շնորհիւ կարողացաւ օրակարգի վրայ պահել Ցեղասպանութեան հարցը, միայն այն յոյսով, որ մի օր պետականութիւն ունենալու դէպքում այն հետապնդելու է շատ լուրջ մակարդակում՝ պետականութեամբ։
Իսկ այսօր հենց Հայաստանի իշխանութիւնն է, որ բռնել է ուրացման եւ հերքումի ճանապարհը, հարցականի տակ տանելու այն։
Սիրելի Ժողովուրդ,
Վերոյիշեալ բոլոր իրողութիւններով հանդերձ թող որեւէ հայի մօտ չլինի յուսահատութեան եւ յանձնւողականութեան գեթ մի նշոյլ։ Մեր ժողովուրդը իր պատմութեան ընթացքում դիմագրաւել, պայքարել եւ պարզ ճակատով է դուրս եկել բազմաբնոյթ փորձանքներից։
Այսօր եւս ի վիճակի ենք այս փոձադաշտից դուրս գալու ճգնաժամից՝ միասնականութեամբ, միասնակամութեամբ եւ հանդուրժողականութեամբ։ Մեր ողջ ներուժը ի գործ դնելու վասն մեր ժողովրդի եւ Հայաստան աշխարհի, որը մօտ ապագայում իր արժանի տեղն ու դերն է գտնելու ամբողջ աշխարհում։
Յաւերժ ապրի իմ Հայաստան ու իմ Հայ ժողովուրդ