Ուրբաթ՝ ապրիլի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Մինաս» եկեղեցում տեղի ունեցաւ նահատակ Հրաչ Յակոբեանի հօր Անդրանիկ Յակոբեանի թաղման եկեղեցական արարողութիւնը, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի:

Արարողութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ՝ Նոէլ Մինասեանն ու Վաչիկ Հայրապետեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը, Սպահան նահանգի բանակի աւագ հրամանատար գեներալ Քարամին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի պաշտօնատարներ, ազգային մարմինների անդամներ, հանգուցեալի հարազատներն ու ծանօթները, թեմիս նահատակների եւ անձնուրացների հարցերով կապ Զարեհ Ղարախանեանը եւ համայնքի ժողովուրդը:

Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատնում, նախքան հանգուցեալի դիակի հողին յանձնումը, արտայայտւեցին Նոէլ Մինասեանը եւ Գեղարդ Մանսուրեանը:

Նոէլ Մինասեանը խօսեց հանգուցեալի ջերմ բնաւորութեան, եկեղեցասէր ու ազգասէր կեցւածքի մասին, յիշեց նրա նահատակ որդուն՝ Հրաչ Յակոբեանին, ապա նշելով, որ Իրանում այսօրւայ խաղաղ ու հանգիստ կեանքը պարտական ​​ենք նահատակներին եւ նրանց դաստիարակող ծնողներին, անդրադարձ ունեցաւ իրանահայութեան դերին՝ երկրի հողային ամբողջականութեան պաշտպանման ուղղութեամբ: Նա Բարձրեալն Աստծուց խաղաղութիւն ցանկացաւ հանգուցեալի հոգու համար, իսկ հարազատներին՝ մխիթարութիւն:

Գեղարդ Մանսուրեանն անասելի եւ աննկարագրելի համարելով նահատակների ծնողների համբերութիւնն ու տոկունութիւնը, աւելացրեց, թէ նահատակների անձազոհութիւնն իրենց ծնողների տւած դաստիարակութեան արդիւնքն է եւ անկասկած Հրաչ Յակոբեանի դաստիարակութեան հարցում մեծ դեր է ունեցել նրա հայրը՝ հանգուցեալ Անդրանիկ Յակոբեանը: Պրն. Մանսուրեանը շարունակութեան մէջ համբերութիւն ցանկացաւ Յակոբեան ընտանիքին եւ բարձր գնահատեց երկրի պետական այրերի՝ ի մասնաւորի առաջնորդի՝ առանց խտրականութեան հայեացքն ու վերաբերմունքը նահատակների եւ նրանց ընտանիքների նկատմամբ, ինչը վկայում է երկրում տարբեր ազգութիւնների միջեւ առկայ միասնականութիւնը:

Յատկանշական է, որ Հրաչ Յակոբեանը նահատակւել է 1987 թւականին, Ղասրէ Շիրինի մօտակայքում ընկած Բաբա Հադի բարձունքների ազատագրման նպատակով իրականացւած «Քարբալա 9» ռազմական գործողութեան ընթացքում, սակայն նահատակի դիակի չգտնւելու պատճառով, նա երկար տարիներ համարւել է պատերազմի անյայտ կորած: 2020 թւականին ԴՆԹ թեստի միջոցով յաջողւեց պարզել հայորդու ինքնութիւնը եւ նոյն թւականի հոկտեմբերին նահատակի աճիւնները հանգիստ առան Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատանը:

 

 

Թղթակից (Նոր Ջուղա)