Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Բուրգ լէ Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն յայտարարել է վարչական դատարանի կողմից 2014 թւականի հոկտեմբերին Շուշիի քաղաքապետ Արծւիկ Սարգսեանի հետ  ստորագրած բարեկամութեան հռչակագիրը չեղարկելու որոշումը բողոքարկելու մտադրութեան մասին:

«Ես վիճարկում եմ վարչական դատարանի մեկնաբանութիւնը, որն այս հռչակագիրն անօրինական է համարել: Համոզւած եմ, որ այն համապատասխանում է օրենսդրական կարգին եւ յայտարարում եմ, որ բողոքարկելու եմ դատավճիռը»- «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է Մարլեն Մուրիեն՝ հիմք ընդունելով 2019 թ փետրւար 5-ի Ֆրանսահայ Կազմակերպութիւնների համակարգող Խորհրդի ընթրիքի ընթացքում Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մակրոնի յանձնառումը, որ պետական հետապնդումների չեն ենթարկւի այն ծրագրերը, որոնք վերաբերում են կրթական եւ մարդասիրական ոլորտներին, որոնք էլ հռչակագրերի ամենաէական մասն են կազմում:

Նա նաեւ նշել է, որ իրաւական գործօններից զատ իր բարոյական յանձնառումը շուշեցիների հանդէպ մնում է անսասան: «Ես բազմիցս եղել եմ Շուշիում եւ հասկացել, թէ մարդասիրութեան ու բարեկամութեան արտայայտութիւնները ինչպիսի յոյս են արթնացնում մի բնակչութեան սրտում, որ թշնամական Ադրբեջանը փորձում է շնչահեղձ անել»,- գրել է նա: