Երեքշաբթի` 2013 թւականի փետրւարի 5-ին, սրբոց Ղեւոնդեանց տօնին, որը տօնն է նաեւ քահանայութեան եւ քահանաների, սուրբ եւ անմահ Պատարագ տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի: Պատարագիչն էր Շահինշահրի հոգեւոր հովիւ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը: Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Սպահանի Հայոց Թեմի քահանայից դասը եկեղեցու բեմի վրայ սպասարկում էր Ս. Սեղանին:

   Պատարագիչ Հայր Սուրբը, օրւայ պատշաճ իր քարոզի ընթացքում, բնաբան ունենալով աւետարանական այն հատւածը, որտեղ ասւում է. «Մի՛ վա­խե­նաք նրան­ցից, ով­քեր մար­մինն են սպա­նում, բայց հո­գին սպա­նել չեն կա­րող. դուք վա­խե­ցէ՛ք մա­նա­ւանդ Նրա­նից, որ կա­րող է թէ՛ հո­գին եւ թէ՛ մար­մի­նը կորստ­եան մատ­նել դժոխ­քում» (Մտ 10.28), անդրադարձաւ Ղեւոնդեանց անունով դրոշմւած հոգեւորականների խմբի կատարած սխրագործութեանը եւ ասաց. «Երբ խօսում ենք Ղեւոնդեանց քահանաների մասին, մեզ մօտ արթնանում են երկու գաղափարներ. առաջին՝ վստահութիւն Յիսուս Քրիստոսի՝ մեր Աստծու հանդէպ, որը նշանակում է մեր կեանքը, սիրտը, միտքն ու հոգին յանձնել Քրիստոսին, որովհետեւ Նա է մեր առաջնորդը եւ ինչպէս Ինքն ասաց. «Ես եմ ճանապարհը»: Ղեւոնդեանք վստահելով Քրիստոսի զօրութեանը, անւանն ու սրբութեանը, յանձն առան մահը: Երկրորդ՝ հաւատի զօրութիւն. Քրիստոս ինքն ասաց, որ եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենանք, կարող կը լինենք լեռներ շարժել. Ղեւոնդեանց քահանաները նոյն այս հաւատի զօրութեամբ եւ առաջնորդութեամբ նահատակւեցին՝ ո՛չ թէ այսօր յիշւելու համար, այլ որպէսզի հաւատացեալ ժողովուրդն իրենց օրինակով շարունակի նրանց շառաւիղը, որն առաջնորդում է դէպի յաւիտենական կեանք»: Հոգշ. Հայր Սուրբը շնորհաւորելով քահանաներին իրենց տօնի առիթով, այսպէս շարունակեց. «Այսօր մեր բոլորի՝ հոգեւորականների տօնն է, բայց նաեւ ձեր տօնն է, սիրելի՛ հաւատացեալ ժողովուրդ, որովհետեւ առանց ժողովրդի, նրանց աղօթքի եւ միասնականութեան հոգեւորականը ոչինչ է. հոգեւորականը ո՛չ թէ իր զգեստով է հոգեւորական, այլ՝ նկարագրով, իր ժողովրդով եւ մանաւանդ իր առաքելութեամբ եւ ծառայութեամբ»:

   Ս. Պատարագի աւարտին ներկայ հաւատացեալները մօտենալով հոգեւորականաց դասին, իրենց շնորհաւորանքն ու բարեմաղթութիւնը փոխանցեցին նրանց, ապա եկեղեցու սրահում, Նոր Ջուղայի Հայոց Եկեղեցեաց Վարչութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի ընթացքում սրտի խօսքեր եւ շնորհաւորանքներ արտասանւեցին Կրօնական Խորհրդի ատենապետ պրն. Արշալոյս Խուդավերդեանի եւ Եկեղեցեաց Վարչութեան ներկայացուցչի միջոցով: Հանդիսութիւնը վարեց արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը՝ շնորհակալութիւն յայտնելով հիւրասիրութեան համար, յիշելով, որ միջոցառման ծախսը հոգացել է Ս. Յովհաննու եկեղեցու տիրացու բրշ. Ջանիկ սրկ. Ղազարեանը:

   Աւարտին, Առաջնորդ Սրբազան Հայրը շնորհաւորական եւ շնորհակալական խօսքերով եզրափակեց հանդիսութիւնը եւ Եկեղեցեաց Վարչութեան անունից յուշանւէրներ յանձնեց քահանայ հայրերին՝ առ ի գնահատանք: