Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախաւորել է Հայաստանի Հանրապետութեան տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գօտում մարտական հերթապահութիւն իրականացնող մարտական տեխնիկայ` ընդամէնը ենթադրութիւնների հիման վրայ, թէ, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարւածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին:

Աւելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան այդ պնդումը չի կարող որեւէ հիմնաւորում ունենալ: Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարութիւնն իրեն թոյլ է տալիս թիրախաւորել Հայաստանի Հանրապետութեան տարածքում գտնւող եւ բնականոն մարտական հերթապահութիւն իրականացնող մարտական տեխնիկան` ընդամէնը ենթադրութիւնների հիման վրայ:

Վերահաստատելով, որ մինչեւ այս պահը Հայաստանի Հանրապետութեան տարածքից որեւէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակւել Ադրբեջանի ուղղութեամբ, միեւնոյն ժամանակ յայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերն իրենց իրաւունք են վերապահում նոյն տրամաբանութեամբ թիրախաւորել Ադրբեջանի տարածքում գտնւող ցանկացած ռազմական օբյէկտ կամ ռազմական տեղաշարժ:

Մարտական գործողութիւնների գօտին եւ տրամաբանութիւնը փոխելու գործընթացի ողջ պատասխանատւութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը:

Բարեբախտաբար, զոհեր եւ վիրաւորներ չկան: